Banber Erevani hamalsarani. Iravagitut'yun.
| E - ISSN | : | 2738-2605 |
| P - ISSN | : | 1829-4561 |
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
«(1) Կարդա օրենքը, (2) կարդա օրենքը, (3) կարդա օրենքը»,- պատասխանում է փորձառու դատավորը հարցին՝ ի՞նչ հիմնական կանոններով պետք է մեկնաբանել օրենքը1 : Օրենքի կիրառման վերաբերյալ հիմնական պատկերացումն է՝ դատավորը պետք է «կարդա օրենքը և անի այն, ինչ ասված է դրանում» : Եթե նույնիսկ իրավական տեքստի ընկալման հարցում կան տարաձայնություններ, պետք է ընդամենը ուշադիր կարդալ հեղինակի միտքը կամ ըմբռնել նրա նպատակը կամ օգտվել իրավաբանական լավագույն բառարաններից5 : Հարվադի համալսարանի պրոֆեսորներ Քաս Սանստեյնը և Ռիչարդ Ֆելլոնը էլ ավելի պարզ են ձևակերպում այս խնդիրը. իրավունքի մեկնաբանությունն «ընդամենը այն է, ինչ կա»: Իսկ եթե իրավական նորմի տեքստը արտահայտում է մի քանի իմաստ, դատավորները ազատ են ընտրելու այն տարբերակը, որը հավասարակշռում է իրավական դաշտը , կամ որն առավելապես համապատասխանում է սահմանադրական պահանջներին :
Պետականությունը բարդ համակարգ է, որն ընդգրկում է ինչպես հասարակության քաղաքական կյանքն ապահովող հատուկ ինստիտուտներ, կանոններ (նորմեր), այնպես էլ որոշիչ նշանակության հատուկ երևույթներ, որոնք մեծ ազդեցություն ունեն թե՛ սոցիալական պրակտիկայի, թե՛ պետաիրավական ինստիտուտների արդյունավետության աստիճանի վրա։ Գիտական գրականության մեջ հնչել է կարծիք պետականության էվոլյուցիայի եռաստիճան սխեմայի վերաբերյալ, ըստ որի պետականությունը փուլերն են. վաղ պետականությունը՝ թույլ կենտրոնացված, քաղաքականապես կազմակերպող հասարակությունները, որոնց սոցիալական և վարչաքաղաքական կառուցվածքները զարգացած չեն, զարգացած պետականությունը՝ Հին աշխարհի, Միջնադարի և Նոր ժամանակաշրջանի արդեն կենտրոնացված համակարգ ունեցող քաղաքականապես կազմակերպող հասարակությունները, որոնցում արդեն ձևավորվել է դասային համակարգը, հասուն պետականությունը՝ զարգացած տնտեսական համակարգով, առաջադեմ սոցիալական կառուցվածքով, քաղաքականապես կազմակերպող հասարակությունները, որոնցում ձևավորվել են ներկայացուցչական ժողովրդավարությամբ ազգերը։ Պետականության էվոլյուցիայի փուլերը կանխորոշվում են նախ և առաջ հասարակության և իշխանության փոխկապվածության ու փոխգործակցության մակարդակով։ Որտեղ հասարակությունն է, այնտեղ էլ իշխանությունն ու իրավունքն 14 Новгородцев П. И. Введение в философию права. СПб., 2000, с. 18. 15 Гегель Г. Философия права. М., 1990. С. 54. 36 են։ Ցանկացած հասարակություն որոշվում է իրավունքով և անհնարին է առանց իրավակարգի։ Հասուն պետությունը քաղաքական կազմակերպության և տնտեսապես, սոցիալապես ու մշակութային առումով զարգացած հասարակության օրգանական ձևն է։ Այն օժտված է բյուրոկրատական և այլ հատուկ մարմինների համակարգով, ունի կառավարման ու իրավունքի զարգացած համակարգ, ինքնիշխանություն, հարկադրանքի ու վերահսկման զարգացած ապարատ և ապահովում է հասարակությունում զարգացման և դինամիկայի միտումները։ Սոցիալական ինստիտուտները հանգեցնում են համապատասխան գործունեության նկատմամբ սոցիալական վերահսկման, ինչպես նաև համակարգի համար անցանկալի ակտիվությունը և նախաձեռնությունը սահմանափակող որոշակի շրջանակների հաստատմանը։ Հասարակության սոցիալական կառուցվածքը կարելի է դիտարկել որպես այն կազմող տարրերի հաստատուն կապ։ Սոցիալական ինստիտուտն անհատին՝ իբրև հասարակության գլխավոր տարր, հասարակության մեջ սոցիալական դիրք, այսինքն՝ կարգավիճակ գրավելու և հասարակությունում որոշակի սոցիալական գործառույթներ իրականացնելու, այսինքն՝ որոշակի դեր կատարելու հնարավորություն է ընձեռում։ Հասարակությունը կազմակերպող և կառուցվածքայնորեն դասակարգող պետականությունը կարևորագույն գործառույթ է իրականացնում՝ ստեղծելով սոցիումի դեոնտոլոգիական ոլորտը։ Պետականությունն իր տարրերի (պետական իշխանության, պետության, պետական մարմինների, իրավունքի) օգնությամբ ձևավորում է անհրաժեշտ բարոյաիրավական վարքագծի մոդելները։ Իրավունքն ու քաղաքականությունը, լինելով պետականության օրգանական տարրեր, գործնականում ընդգրկում են սոցիալական կեցության և հասարակության բոլոր ոլորտները։
Իրավաբանական պատասխանատվության համալիր ինստիտուտը, պատասխանատվության առանձին տեսակներով հանդերձ, իրավունքի ընդհանուր համակարգի օրգանական մասն է: Մասնագիտական գրականության մեջ գերակշռող է հետևյալ մոտեցումը. իրավաբանական պատասխանատվությունը պետական հարկադրանքի միջոց է, որը կիրառվում է իրավախախտ սուբյեկտի նկատմամբ1 ։ Ըստ ակադեմիկոս Վ. Ս. Ներսեսյանցի. «Իրավաբանական պատասխանատվությունը խախտված նորմի սանկցիայով նախատեսված և իրավասու պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատշաճ դատավարական-իրավական կարգով իրավախախտի նկատմամբ կիրառվող իրավական հարկադրանքի միջոցն է» 2 : Իրավաբանական պատասխանատվության հատուկ տեսակ է սահմանադրական պատասխանատվությունը. այն կարելի է բնութագրել որպես սահմանադրաիրավական հարկադրանքի միջոց, որը կիրառվում է այն դեպքում, երբ սուբյեկտը փաստացի սահմանադրական իրավախախտում է կատարում։ Իսկ երբ սուբյեկտը քաղաքական կամ այլ պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու ուժով ինքն է կամավորությամբ ստանձնում իր սահմանադրական պարտականությունների կատարման պատասխանատվությունը, ապա դրսևորվում է սահմանադրական պատասխանատվության ոչ թե նեգատիվ (հարկադրական), այլ պոզիտիվ (պրոսպեկտիվ՝ ապագայում, ժամանակի մեջ դրսևորվող, կամավոր) ձևը։ Այսինքն՝ կարող ենք սահմանել, որ սահմանադրական պատասխանատվությունն իրավաբանական պատասխանատվության ինքնուրույն և առանձնահատուկ տեսակ է, որն ունի իրացման երկու ձև՝ պոզիտիվ կամ կամավոր և նեգատիվ կամ հարկադրական։ Կամավոր ձևը սահմանադրական իրավանորմերի պահանջները պատշաճ կատարելն է, դրանք պահպանելը, որը դրսևորվում է սահմանադրական իրավահարաբերությունների սուբյեկտների իրավաչափ վարքագծում։
Կայուն ժողովրդավարական արժեքներ դեռևս չձևավորած, սակայն ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած պետությունների համար առանցքային հարցերից մեկը պետական կառավարման ձևի ընտրության հիմնախնդիրն է: Ժամանակակից աշխարհում մի շարք պետություններ դեռևս շարունակում են պետական կառավարման լավագույն ձևի փնտրտուքները, դրանով պայմանավորված՝ այդ պետություններում առավել հաճախ են կատարվում պետական կառավարման ձևի «մոդեռնիզացմանն» ուղղված քայլեր կամ փորձեր: Յուրաքանչյուր դեպքում պետական կառավարման ձևի ընտրությունը իրականում բարդ գործընթաց է: Պետությունների մի մասում պետական կառավարման ձևը զարգացել է ժամանակի ընթացքում՝ պատմական և քաղաքական տարբեր գործոնների ուղղակի կամ անուղղակի ազդեցությամբ: Այդպիսի պետություններում պետական կառավարման ձևը արմատական փոփոխության գրեթե չի ենթարկվում, ինչի շնորհիվ այդ պետություններում ձևավորվել է բավականին կայուն և արդյունավետ գործող պետական կառավարման համակարգ: Մինչդեռ անցումային փուլում գտնվող պետություններում առավել հաճախ է տեղի ունենում պետական կառավարման ձևի փոփոխություն: Ընդ որում, որոշ պետություններում դա արմատական բնույթի է, այսինքն՝ պետական կառավարման գործող մի ինստիտուցիոնալ համակարգից անցում է կատարվում տրամագծորեն այլ համակարգի:
Օտարերկրյա ներդրումների ոլորտում միջամտությունը պետությունների տնտեսական ինքնիշխանության իրացման կարևորագույն դրսևորումներից է : Միջամտության առանձին ձևերից է, առանձնակի անհրաժեշտության պայմաններում և սեփական շահերից ելնելով, պետության կողմից սեփականազրկման (expropriation) կամ ազգայնացման իրավունքի իրացումը: Սեփականազրկման/ազգայնացման իրավունքը պետության ինքնիշխանությունը բնորոշող տարրերից է: Այն ճանաչվել է ժամանակակից միջազգային իրավունքում՝ տեղ գտնելով միջազգային իրավական բազմաթիվ գործիքներում, ինչպիսիք են ՄԱԿ-ի ԳԱ բանաձևերը, միջազգային դատարանների և տրիբունալների որոշումները և այլն: Ազգայնացման իրավունքին անդրադարձ է կատարվել 1952-1974 թթ. բնական ռեսուրսների մշտական ինքնիշխանության սկզբունքին վերաբերող՝ ՄԱԿ-ի ԳԱ բանաձևերից շատերում: Միջազգային արդարադատության մշտական պալատի (PCIJ) Chorzow Factory գործով2 կայացած որոշումը միջազգային պրակտիկայում առաջիններից է, որ ճանաչեց պետության իրավունքը՝ «բացառիկ պայմաններում» զրկել օտարերկրյա ներդրողներին և մասնավոր անձանց պատկանող տարածքում տեղակայված սեփականությունից: Սեփականազրկման (expropriation) էությունն այն է, որ կառավարությունը պետության ինքնիշխանության ուժով բռնագանձում է մասնավոր սեփականությունը: Ազգայնացումը (nationalization), ըստ էության, սեփականազրկման տեսակ է, որն ընդգրկում է ամբողջական ոլորտը կամ աշխարհագրական գոտին: Դա հիմնականում կատարվում է սոցիալական, քաղաքական կամ տնտեսական էական փոփոխությունների հետևանքով: