Banber Erevani hamalsarani. Iravagitut'yun.
| E - ISSN | : | 2738-2605 |
| P - ISSN | : | 1829-4561 |
Պետության դերն իրավական կարգավորման գործընթացում չի ավարտվում արգելքների, պարտականությունների կամ սուբյեկտիվ իրավունքների սահմանմամբ՝ դրանք նորմատիվ ակտերում ամրագրելով: Պետությունը, Վ. Վ. Լազարևի պատկերավոր արտահայտությամբ, «իրեն իրավունք է վերապահում նորից միջամտելու հասարակական հարաբերությունների իրավական կարգավորմանը, բայց արդեն ոչ թե ընդհանուր ձևով, այլ կոնկրետ հարաբերությունների, կոնկրետ կենսական իրադրությունների և իրական գործերի հարթության վրա»1: Հնարավոր չէ, օրինակ՝ ձեռք բերել անշարժ գույք, ստանալ որևէ պարգև առանց իրավասու պետական մարմնի որոշման, թեև առկա են նախադրյալները՝ օրենքը և օրենքով նախատեսված բոլոր պայմանները: Ուրեմն իրավական նորմերի մի մասն անխուսափելիորեն կենսագործվում է իրավակիրառման միջոցով: Պետության բնույթը՝ որպես իշխանավարման ապարատ, ենթադրում է իրավակիրառ գործունեության հնարավորություն և անհրաժեշտություն: Տվյալ դեպքում պետությունը հասարակական կյանքը կարգավորելու նպատակով որոշակի հարցերի լուծումը հանձնում է նախապես որոշված մարմինների իրավասությանը:
Ավանդաբար իրավունքների իրացման և պաշտպանության երաշխիք է համարվում իրավունքների շրջանակի ընդլայնման, իրավունքների սահմանափակման հիմքերի հստակեցման, իրավունքների պաշտպանության կտրվածքով անձին իրատեսական լիազորություններ վերապահելու մեթոդաբանությունը, ինչը, մեր կարծիքով, այնքան էլ համահունչ չէ մարդու իրավունքների իրացման և պաշտպանության արդի մարտահրավերներին: Այս ոլորտում թերևս կան կարծրատիպեր, որոնց հաղթահարումը, մեր կարծիքով, հնարավորություն կտա արմատապես բարելավելու մարդու իրավունքների իրացման ողջ համակարգը: Մարդու իրավունքների անխափան իրացումը նաև պետական իշխանության համակարգի արդյունավետության երաշխիք է, քանզի ապահովում է անհրաժեշտ կանխատեսելիություն և կայունություն: Այս տեսանկյունից համամիտ ենք իրավագետ Վ. Ստեփանյանի հետևյալ դիտարկման հետ. «Բարդ համակարգերի, այդ թվում՝ պետական իշխանության համակարգի արդյունավետ կիրարկման վճռորոշ նախապայմանը դրա կայունությունն է»:
Քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների միջև պայմանագրի կնքմանը նախորդում են պայմանագրերի պայմանների շուրջ բանակցությունները, դրանց փոխհամաձայնեցումը և պայմանագրի վերջնական տեքստի ձևավորումը: Տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց՝ ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող անձինք հասկացան, որ տարբերվող բովանդակությամբ պայմանագրերի կազմումը և իրենց առևտրային շահերին այդ պայմանագրերի համապատասխանեցումը յուրաքանչյուր դեպքում մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում: Ռեսուրսների խնայողության և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նշված անձանց մի մասը սկսեց կազմել բոլոր հաճախորդիների համար ընդհանուր և ստանդարտ բովանդակությամբ պայմանագրեր, որոնց պայմաններն ամբողջությամբ իրենք էին կազմում, և պայմանագրի մյուս կողմը, չմասնակցելով դրան, համաձայնում էր դրա բոլոր պայմաններին: Արդյունքում ձևավորվեց պայմանագրերի առանձին տեսակ, այսպես կոչված` միանալու պայմանագրեր:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37 հոդվածի համաձայն` գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիu և պարտականությունները կատարելիu պարտավոր են պահպանել oրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է: Օրենսգիրքը չի մեկնաբանում «աշխատանքային իրավունքների չարաշահում» արտահայտությունը1 , ինչի հետևանքով որոշակիորեն դժվարանում է աշխատանքային իրավահարաբերության մասնակցի գործողությունները «աշխատանքային իրավունքների չարաշահում» համարելու հարցի որոշումը, քանի որ տարբեր աշխատակիցների կողմից միևնույն արարքը կատարելը մի դեպքում կարող է համարվել (որակվել) աշխատանքային իրավունքների չարաշահում, մեկ այլ դեպքում` ոչ` դրանից բխող տարբեր հետևանքներով: Ստացվում է, որ բոլորը խոսում են դրա մասին, սակայն ոչ ոք չի ասում, թե դա ինչ է։ Այս առումով առաջանում է իրավունքի չարաշահման էությունն ըմբռնելու և դրա բնորոշ գծերը վեր հանելու անհրաժեշտություն:
Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 404 հոդվածը մինչև օրս թերևս օրենսդրական առավել հաճախակի փոփոխությունների և լրացումների ենթարկված նորմերից է1: Այս հարցում օրենսդրական զարգացումներն առավելապես կապված են վճռաբեկ բողոքարկման իրավունքի իրացման անմիջական և միջնորդավորված կարգի զուգակցումների և դրանց անընդհատ հերթափոխերի հետ: Ընդ որում, օրենսդրական կարգավորման պարբերական փոփոխություններին նպաստել են 2005 թվականի սահմանադրական փոփոխությունները, առանձին օրենսդրական կարգավորումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները: Վճռաբեկ բողոքարկման իրավունքի իրացման կարգի օրենսդրական կարգավորման տեսանկյունից ժամանակագրական առումով կարելի է առանձնացնել հետևյալ մոդելները: 1) Օրենսգրքի ընդունումից հետո մինչև 2006 թվականի հուլիսի 16-ը գործող մոդելը, երբ նախատեսված էր օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու անմիջական և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ՝ ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, ինչպես նաև դատավարության մյուս մասնակիցների՝ հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների միջոցով վճռաբեկ բողոք բերելու միջնորդավորված կարգ:
Հասարակության անդամների անվտանգության ապահովումը, հանցավորության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության առաջնային, սակայն լուծման առումով բարդություն ներկայացնող խնդիրներից են: Հանցավորության առկայությունը ինքնին պայմանավորված է սոցիալ-տնտեսական, իրավական, մշակութային, քաղաքական, կազմակերպական, գաղափարախոսական գործոններով, որոնք էլ խիստ դժվարացնում են դրա նկատմամբ արդյունավետ վերահսկողության սահմանումը: Միաժամանակ, հանցավորությունը իրական վտանգ է պետության անվտանգությանը՝ հանգեցնելով սոցիալ-քաղաքական անկայունության, խոչընդոտում է տնտեսական բարեփոխումների իրականացումը1: