Հտ․ 9 No. 2 (26) (2018)

Հրատարակվել է: 2018-09-20

Articles

  • Articles

    ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

    Գ. Բեքմեզյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների հետևանքով պատճառված վնասի հատուցումը քաղաքացիական իրավունքի առանց մեղքի պատասխանատվության ինստիտուտի առանցքային ճյուղերից է։ Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասի խնդիրը հատկապես լայն արձագանք ստացավ և կարգավորման անհրաժեշտություն զգաց 20-րդ դարի երկրորդ կեսերից, երբ ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման ավելացող ծավալները վերջնական սպառողին դրեցին դժվարին կացության մեջ։ Խնդրի էությունն այն էր, որ ապրանքի վերջնական սպառողը ապրանքը գնում էր ոչ թե արտադրողից, այլ վաճառողից, որը շատ դեպքերում մատակարարման շղթայում մի քանի քայլ հեռու էր գտնվում արտադրողից։ Ապրանքների արտադրության գործընթանցը հայտնի էր միայն արտադրողին և անծանոթ՝ վաճառողի ու սպառողի համար։ Եթե սպառողը վնասվեր ձեռք բերած ապրանքից, ապա առաջին պատասխանողը վաճառողն էր լինելու։ Վաճառողի պատասխանատվությունը լինելու էր պայմանագրային՝ համաձայն գնորդի և վաճառողի միջև կնքված պայմանագրի և տրված երաշխավորության, որը ամեն դեպքում չէր կարող բավարարել տուժողի բոլոր պահանջները՝ պայմանավորված պայմանագրային պատասխանատվության որոշակի սահմանափակումներով և վաճառողի ֆինանսական կարողություններով։ Իսկ այն դեպքում, եթե տուժողը որոշեր վնասի հատուցումը ստանալ արտադրողից արտապայմանագրային պատասխանատվության կանոններով, ապա դա վերածվելու էր երկարատև պայքարի, որում տուժողը նախ և առաջ պետք է ապացուցեր արտադրողի մեղքը կամ անզգուշությունը1։

    Հղումներ
  • Articles

    ԱՆՉԱՓԱՀԱՍ ՏՈՒԺՈՂԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

    Ս. Դիլբանդյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Քրեական դատավարության անմիջական խնդիրներից են հանցագործություն կատարած անձանց բացահայտելը և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը: Այս խնդրի իրականացումը բնականաբար ենթադրում է հանցագործությունից տուժած անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն: Պետությունը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պաշտպանելու անձի կյանքը, պատիվը և արժանապատվությունը, սեփականությունը: Ըստ ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի 3-րդ կետի. «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն ծագող իրավունք»: Հանցագործությունից տուժած անձնաց իրավունքների պաշտպանությունը բավականին բարդ խնդիր է, որովհետև միշտ չէ, որ հանցագործությունները բացահայտվում են, իսկ դրանցից տուժած անձինք հնարավորություն են ունենում ստանալու կրած վնասների հատուցում: Այս գործընթացի համար կարևոր է նաև տուժողի վարքագիծը: Հանցագործությունից տուժած անձինք շահագրգռված են շուտ ներգրավվելու վարույթ և իրենց գործողություններով նպաստելու հանցագործության բացահայտմանը:

    Հղումներ
  • Articles

    ՔՆՆՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Վ. Ենգիբարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Քրեական գործի քննության ընթացքում ապացույցների հավաքման, ստուգման, գնահատման և օգտագործման նպատակով երբեմն կարիք է զգացվում որոշակի փորձնական ու ստուգողական բնույթի գործողություններ կատարելու, որով էլ պայմանավորված են քննչական գործողությունների համակարգում քննչական փորձարարության կարևոր տեղն ու դերը: Մասնագիտական գրականության մեջ «քննչական փորձարարություն» հասկացության վերաբերյալ ձևավորված միասնական մոտեցում գոյություն չունի: Որոշ հեղինակներ գտնում են, որ քննչական փորձարարությունը ինչպես ինքնուրույն գործողություն է (քննչական, դատական, օպերատիվ-հետախուզական), այնպես էլ այլ գործողության կամ փոխկապակցված համալիր գործողությունների իրականացման ընթացքում կիրառվող հնարք է (օրինակ՝ դեպքի տեղի զննության) կամ էլ փորձագիտական հետազոտության բաղկացուցիչ մաս է (փուլ)1: Մյուս տեսակետի կողմնակիցները քննչական փորձարարությունը համարում են ինքնուրույն քննչական գործողություն, որը մյուս քննչական գործողություններից տարբերվում է բովանդակությամբ, խնդիրներով և կատարման տակտիկայով2: Ընդ որում՝ առաջին տեսակետի կողմնակիցները հնարավոր են համարում քննչական փորձարարությունը միաժամանակ դիտարկել որպես հնարք:

    Հղումներ
  • Articles

    ԸՆՏԱՆԻՔԻ ԴԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԱՆՑԱՎՈՐ ԿԱՄ ՇԵՂՎՈՂ ՎԱՐՔԱԳԾԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

    Ա. Մարգարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Յուրաքանչյուր անձի ձևավորման, ֆիզիկական և մտավոր զարգացման գործընթացում ընտանիքը, ծնողներն ունեն անփոխարինելի դեր. այս միջավայրում է տեղի ունենում երեխայի առաջնային սոցիալականացումը, ձևավորվում դերային և վարքագծային կարծրատիպերը, արժեքային կողմնորոշումներն ու աշխարհայացքը: Առաջին հերթին ընտանիքն է հոգ տանում երեխայի անվտանգության, կարիքների մասին, կրթում ու դաստիարակում նրան, հոգեբանական աջակցություն ու հարմարավետություն ապահովում: Հետևաբար՝ բարդույթներից զերծ, հոգեբանորեն կայուն, հասարակության պահանջներն ընկալող և դրանց համարժեք արձագանքելու ունակ անձի ձևավորման առաջնային նախադրյալը բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ու հոգեբանական և սոցիալական խնդիրները հաղթահարելու կարողություններ ունեցող, դաստիարակչական և սոցիալականացման գործառույթներ իրականացնող, երեխայի իրավունքները, նրա հանդեպ պարտականությունները գիտակցող և դրանք կյանքի կոչող ընտանիքի առկայությունն է: Ազնվությունը, մարդասիրությունը, բարությունը, կենցաղային խնդիրներին դիմագրավելու կարողությունը ձևավորվում են միայն այն դեպքում, երբ երեխան մանկուց ականատես է եղել անկեղծ ու ջերմ մարդկային հարաբերությունների, ինչը ակնկալվում է ընտանիքում1: Իսկ ընտանիքում առկա սոցիալ-տնտեսական և հատկապես հոգեբանական բնույթի խնդիրները՝ ծնողների անտարբերությունը միմյանց և երեխաների նկատմամբ, ձևական բնույթ կրող՝ «հանուն երեխայի» հարաբերությունները, հաճախակի կրկնվող վիճաբանությունները, հանդուրժողականության պակասով պայմանավորված՝ «սերունդների կոնֆլիկտը», բռնությունը հանգեցնում են անչափահասի կողմից շեղվող, իսկ առանձին դեպքերում՝ հանցավոր վարքագծի դրսևորման:

    Հղումներ
  • Articles

    ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՎ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

    Ա. Վաղարշյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Կիլիկիայի թագավորությունն իր տնտեսական և քաղաքական բարձունքին հասավ XII դարի վերջին: Կենտրոնացված պետական իշխանության պայմաններում առաջանում էր միասնական օրենսդրության կարիքը: Մինչ այդ հասարակական կարգավորման նորմատիվ իրավական պահանջմունքները բավարարում էին գործող սովորույթները, Հայոց կանոնագիրքը, թագավորական դրվագային ակտերը, ինչպես նաև հարևան պետությունների իրավական ձևերի փոխառումը (իրավական ռեցեպցիան): Գրավոր իրավունքի անհրաժեշտության խնդրի լուծման առաջին քայլը Ներսես Լամբրոնացու օտար օրենքների հայերեն թարգմանություններն էին: Սմբատ Սպարապետը ևս իր իրավաբանական գործունեությունն սկսեց խաչակիր թագավորությունների դատաստանագրքերի թարգմանությամբ: Սակայն դրանով իրավական կարգավորման միասնականացման և արդարադատության խնդիրները չէին լուծվում:

    Հղումներ
  • Articles

    ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

    Ա. Մանասյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման իրավական կառուցակարգերն ու դրանց պատշաճ կենսագործումը բացառիկ կարևորություն ունեն սահմանադրական կայունությունն ու կայուն ժողովրդավարությունը երաշխավորելու տեսանկյունից: Մինչ 2015 թ. սահմանադրական փոփոխությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը չուներ սահմանադրական վեճերի լուծման ինքնուրույն լիազորություն: Սակայն իր այլ լիազորությունների իրականացման համատեքստում վերջինս առանձին դեպքերում փաստացի լուծել է լիազորությունների հարցով վեճեր: 2015թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ Սահմանադրությամբ սահմանադրական մարմինների միջև սահմանադրական վեճերի լուծման լիազորություն ամրագրվեց նաև ՀՀ Սահմանադրական դատարանի համար: ՀՀ Սահմանադրության 168 հոդվածի համաձայն, մասնավորապես, Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը: Իսկ Սահմանադրության 169 հոդվածին համապատասխան՝ նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և տեղական ինքնակառավարման մարմինները: «Սահմանադրական դատարանի մասին» 17.01.2018 թ. ՀՀ սահմանադրական օրենքն իր հերթին սահմանեց Սահմանադրական դատարանի կողմից այդ լիազորության իրականացման կարգը:

    Հղումներ