| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքաքարերում, հանքաքարի խտանյութերում, մոնոմներալ ֆրակցիաներում, արդյունաբերական պոչերում և հանքաքարի շրջակա ապարներում ուսումնասիրվել է քիմիական տարրերի բաշխման բնույթը: Պարզվել է, որ պոչերի կառուցվածքում արդյունահանման ընթացքում մնում է ավելի քան 0,5 գ/տ ոսկի և 1 գ/տ արծաթ։ Հաստատված է նաև, որ հանքաքարի շրջակա ապարները պարունակում են արդյունաբերական ոսկի, որը կարելի է բնութագրել որպես ոսկու լրացուցիչ աղբյուրներ։
Սևան–Ամասիա խզվածքային գոտու ոսկեբերությունը համեմատաբար մանրամասն ուսումնասիրվել է խոշոր խախտումներով կտրտված անտիկլինալային ծալքի կամարի երկայնությամբ: Սակայն հեռանկարային է համարվում նաև այդ գոտու հարավային թևը, որտեղ վերին յուրայի տերրիգեն-կարբոնատային հաստվածքի և էոցենի ու միոցենի հրաբխանստվածքային ապարների կոնտակտային մասերում հայտնաբերված է մի քանի տասնյակ մետր հզորությամբ հիդրոթերմալ փոփոխված ապարների գոտի` ոսկու 2,0–2,5 գ/տ պարունակությամբ: Գործնական հետաքրքրություն են ներկայացնում նաև Սոտքի և Դիլիջանի հանքավայրերի ցրոնները:
Երկրաբանական-պետրոգրաֆիական դաշտային աշխատանքների և մանրադիտակային հետազոտությունների հիման վրա առաջին անգամ հաստատվում է Փխրուտ-Լեռնաձորի հանքային դաշտում երկրորդային քվարցիտների ֆորմացիայի ապարների լայն տարածումը և նրանց մեջ ուրանի հանքայնացման ներկայությունը:
Աշխատանքում բերվում է Կասպից ծովի հարավային ափերի երկրաբանական կառուցվածքի, տեկտոնիկայի և ձևաչափության վերլուծությունը: Կատարված է սեյսմիկ և ինժեներոերկրաբանական շրջանացում ըստ սողանքային և լողացող տարածքների խոցելիության: Տվյալները համակարգված են երկրատեղեկատվական (GIS) միջավայրում:
Կարստը հայտնի է որպես վտանգավոր ինժեներաերկրաբանական երևույթ` հատկապես քաղաքացիական, արդյունաբերական և հիդրոտեխնիկական կառույցների համար: Աշխատանքում քննարկված են ինժեներաերկրաբանական, ջրաերկրաբանական և երկրաֆիզիկական համալիր ուսումնասիրությունների արդյունքները, որոնք իրականացված են ՍԱՀ հյուսիսային մասում՝ Ռաս Ալ Այն քաղաքի տարածքում: Այստեղ վերջին տարիներին զգալի ակտիվացել են կարստային երևույթները, որոնք հիմնականում պայմանավորված են անթրոպոգեն գործունեությամբ: Կազմված է տարածքի կարստային վտանգի շրջանացման քարտեզը, համաձայն որի քաղաքը բաժանված է 3 տեղամասի: Տարածքի էկոլոգիական վիճակի բարելավման նպատակով առաջարկված են համապատասխան ինժեներական միջոցառումներ:
Դիտարկվում են Կասպից ծովի հարավի առափնյա գոտի բեկորային նյութի թափանցմանը նպաստող հիմնական գործոնները: Նշվում է, որ ափի երկայնքով և ստորջրյա լանջի կտրվածքով այդ նյութի տեղադրման գործում մեծ նշանակություն ունեն այդ շրջանում գերակշռող հյուսիսային ուղղության քամիները:
Հոդվածում վերլուծվել են մարդկանց կենսագործունեության տարածա-ժամանակային ու ֆունկցիոնալ կառուցվածքները և ցերեկային ու շաբաթական ցիկլերի միջև փոխադարձ կապերը։ Բացահայտվել են մարդկանց կենսագործունեության որոշ տարածա-ժամանակային կանոններ և առանձնահատկություններ՝ կախված Հայաստանի համայնքների մեծության գործառական տեսակից և տնտեսաաշխարհագրական դիրքից։