| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Աշխատանքում կատարված է Հայաստանի տարածքի վերլուծությունը սալերի տեկտոնիկայի տեսանկյունից: Առանձնացվել են հետևյալ հիմնական տեկտոնական միավորները. 1) Հայկական ծալքավոր մարզը, որպես հայտնի Պերրի-Գոնդվանա Կիմերեյա մայրցամաքի հյուսիսային սեգմենտ (Հայ-Իրանական միջմայցամաք); 2) Վիրահայոց-Արցախի (Սոմխեթո-Ղարաբաղի) կղզաղեղային համալիրը, որպես Եվրասիային հարավային ծայրամաս մեզոզոյում; 3) Ամասիա-Սևան-Ակերայի և Վեդու օֆիոլիտային գոտիները; 4) Սևանա-Շիրակի ռիֆտը և նրան կից կուլիսաձև դասավորված Վայոց ձոր–Բարգուշատ–Մեղրու ռիֆտը, որպես պալեոգենի միասնական Սև ծով–Աջարո-Թրիալեթ–Շիրակ–Մեղրի–Թալիշ–Կասպից ծով կուլիսաձև դասավորված ռիֆտային համալիրի կապող օղակ, որպես Նեո-Թետիսի վերջին, երկրակեղևի հետնաղեղային մասի ձգում ու ռիֆտոգեն պատռումի հետևանք; 5) Ջավախքի-Գեղամի-Ղարաբաղի պլիոցեն-չորրորդական հրաբխային լեռնաշղթաները, առաջացած միջօրեական-հարավարևելյան գծային պոկման խոռոչների բացմամբ, որոնք իրար հետ համակցված են տրանսֆորմ տիպի հյուսիսարևմտյան աջ սահքի խզումներով:
2009 թ.-ին Ձորագետ գետի վերին վտակների տարածքում կատարված դաշտային ուսումնասիրությունների արդյունքում հեղինակը հայտնաբերել է ոսկու և պղնձի հանքայնացման տարածքներ՝ րչիձոր, Սնկաձոր և Ձորագետ։ Ուսումնասիրությունները բացահայտել են հանքաքարի առաջացման երկրաբանական և կառուցվածքային դիրքերը, հանքանյութերի հանքաբանական և երկրաքիմիական առանձնահատկությունները և քննարկվել դրանց գենետիկական խնդիրները: Հանքաքարի մարմինների քիմիական անալիզները ցույց են տվել դրական արդյունքներ՝ ոսկի՝ 0,01-3,1 գ/տ, արծաթ՝ 0,1-12,2 գ/տ, պղինձ՝ 0,023-2,36%, պլատին և պալադիում՝ 0,001-1, 2 գ/տ։
Աշխատանքում քննարկված են հրաբխային առաջացումների ջրաերկրաֆիզիկական և ջրաֆիզիկական ցուցանիշների միջև կոռելյացիոն կապերի որոշման վերաբերյալ հարցերը: Այդ կապերը հիմնված են երկրաէլեկտրական և ջրադինամիկական ցուցանիշների միջև ընկած հայտնի համանմանության հիման վրա: Ուսումնասիրության արդյունքներն օգտագործվել են հրաբխային շրջաններում ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման ընթացքում, թույլատրելի իջեցումների որոշման և ստորերկրյա ջրահոսքերի ծախսերի գնահատման հետ կապված երկրաբանաէկոլոգիական խնդիրների լուծման համար:
Սույն հոդվածը նվիրված է սուզվող թերամղված հողերի սեյսմակայունությանը: Օգտագործելով սահմանափակող հատիկաչափական կորերը՝ ըստ Ցուշիդայի և սպիտակահողերի խտացման գործակիցը պարզել են, որ կավային և ավազային բաղադրությամբ հագեցած սպիտակահողերը կորցնում են իրենց կայունությունը սեյսմիկ ազդեցության տակ և տեղի է ունենում հեղուկացում: Սեյսմիկ գոտիավորման համար առաջարկվում է հաշվի առնել սպիտակահողերի հեղուկացման գործոնը:
Աղստև գետի ավազանի ռելիեֆի թվային մոդելի հիման վրա առաջին անգամ հաշվարկվել են երկրի մակերևույթի մի շարք մորֆոմետրիկ ցուցանիշներ: Նկարագրվել և 1:200000 մասշտաբով քարտեզագրվել են դրանց տարածական տեղաբաշխման առանձնահատկությունները: Ելնելով այն փաստից, որ հարթավայրային գետավազաններում սովորաբար որոշակի փոխկապակցվածություն է նկատվում բացարձակ բարձրությունների և լանջերի թեքության միջև, փորձ է կատարվել տվյալ մորֆոմետրիկ ցուցանիշների միջև փոխադարձ կապ հայտնաբերել նաև լեռնային պայմաններում:
Դիտարկվել են Հայաստանի տուրինդուստրիայի համար համեմատաբար նոր ուղղության՝ ագրոտուրիզմի, զարգացման հնարավորությունները և որոշ ասպեկտները: Ագրոտուրիզմի զարգացման առավել էական նախադրյալներն են հանդիսանում՝ բարձր բնառեսուրսային ներուժը, հին պատմամշակութային ժառանգությունը, (հնագիտական, կրոնական, պատմական բնույթի բազմաթիվ տուրօբյեկտներ), ագրոտուրիզմի զարգացման պետական ծրագրերը, ենթակառուցվածքի համակարգի կատարելագործումը և ազգաին խոհանոցի հարուստ ավանդույթները: Նշված նախադրյալների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ագրոտուրիզմի զարգացումը մեր երկրում բավականին հեռանկարային է: