| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հայկական լեռնաշխարհի գետային ավազանների ստորերկրյա ջրերի յուրացման խնդրի գիտականորեն հիմնավորված լուծման համար մեր կողմից վերամշակվել և ընդհանրացվել են Ազատ և Վեդի գետերի ավազաններում կատարված բազմամյա (համալիր) ուսումնասիրությունների տվյալները: Ուսումնասիրված տարածքի համար ըստ երկրաֆիզիկական ուսումնասիրությունների տվյալների՝ կատարված ուղղաձիգ էլեկտրական զոնդավորման (ՈՒԷԶ) մեթոդով և հորատանցքերի տվյալների՝ մեր կողմից կազմվել է ռեգիոնալ ջրամերժ ռելիեֆի 1 : 50 000 մասշտաբով քարտեզ: Ուսումնասիրվող տարածքը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան մասում, որտեղ գտնվում են Ազատ և Վեդի գետերի ավազանները: Ազատ գետի ջրհավաք ավազանի ընդհանուր խորքային հոսքը՝ հաշվառելով նաև լրացուցիչ հոսքը, կազմում է մոտ 1 մ3/վրկ: Վեդի գետի խորքային հոսքը՝ հաշվարկված Դարսիի բանաձևով ըստ հնահունում կատարված ուսումնասիրությունների գնահատվում է մոտ 1,9 մ3/վրկ:
Աշխատանքում քննարկվում է վերջին երկու տասնամյակների ընթացքում ՀՀ տարածքի օդային ավազանի էկոլոգիական արդի վիճակը, վերլուծվում և գնահատվում է մթնոլորտային արտանետումների փոփոխության դինամիկան:
Աշխատանքում ՀՀ-ում տարածված լանդշաֆտային գոտիների համար հաշվարկվել է դիսկոմֆորտայնության գործակիցը, տարեկան միջին արժեքները, որի վերլուծության միջոցով բացահայտվել է լանդշաֆտային գոտիների միգրացիան, տրանսֆորմացիան և կատարվել է դրա հետևանքների վերլուծություն և գնահատում։
Ներկայացված են Հայկական լեռնաշխարհի հին և ժամանակակից սառցապատմանը վերաբերվող նոր տվյալներ: Սկսած XIX դարի երկրորդ կեսից նկատվում է լեռնաշխարհի ժամանակակից սառցապատման տարածքի կրճատում, սակայն պարզվել է 1980 թ.-ից ի վեր, ամենաբարձր լեռան վրա (Արարատ), սառցադաշտերի հալման արագությունը, ամենափոքրն է դիտարկման ամբողջ ժամանակահատվածում։ Առաջին անգամ, Արագածի կառային մորեններին բնորոշ ռելիեֆի միջոցով բացահայտվել են վյուրմի սառցապատման նահանջի չորս փուլերը, իսկ միջմորենային լճերի հատակային նստվածքների 14C ռադիոածխածինային փորձարկման միջոցով որոշվել են կլիմայի տաքացման, ինչպես նաև կլիմայի խոնավացման և լճերի ձևավորման փուլերը։
Ցանկացած երկրի կայուն դրական իմիջն այդ երկրի ռազմավարական պաշար է հանդիսանում: Տուրիստական իմիջը և տուրիզմը փոխկապակցված և փոխպայմանավորված են: Երկրի, տուրիստական տարածքի, առանձին վերցրած տուրիստական օբյեկտի իմիջի ձևավորման մեջ շատ մեծ դեր են խաղում զանգվածային լրատվության միջոցները (ԶԼՄ): Հմուտ իմիջմեյքերական աշխատանքի շնորհիվ երկրի իմիջը կարող է ներկայացվել ամենաշահավետ տեսանկյունից: Դրա համար անհրաժեշտ է ունենալ հստակ նպատակ և գործածության մեջ դնել ԶԼՄ-ների բոլոր հնարավոր ալիքները:
Աշխատանքում փորձ է կատարվել համակարգված կերպով վերլուծել «Սերվիս» մասնագիտության ուսումնական պրակտիկայի հեռավար բաղադրիչի կազմակերպչական, տեխանիկական, բովանդակային և մեթոդաբանական ասպեկտները։ Ներկայացվում են հեռավար ձևաչափով ուսումնական պրակտիկայի հիմնական նպատակները, ուղղությունները, իրականացման ընթացքն ու ամփոփումը։ Հատուկ ուշադրություն է դարձվում, մասնավորապես, առկա ուսումնական պրակտիկայի շրջանակներում հեռավար բաղադրիչի՝ որպես օժանդակ «գործիքի» կամ միջոցի ներառմանն ու հնարավոր դերակատարությանը։
Սույն հոդվածի նպատակն է քննարկել ներգնա զբոսաշրջությունը խթանելու հնարավորությունները և հանգստի ռեսուրսների շրջանակը Հայաստանում, ինչպես նաև ընդհանուր առմամբ զբոսաշրջության և մասնավորապես ներգնա զբոսաշրջության աճին չնպաստող փաստացի խոչընդոտները: Այս նպատակին հասնելու համար փորձ է արվում ուսումնասիրել միջազգային զբոսաշրջության տարբեր հայեցակերպերը երկրում՝ հատկապես ներգնա զբոսաշրջության տեսանկունից՝ կիրառելով դիտարկման, ինդուկտիվ և դեդուկտիվ արժևորումների և ընդհանրացման մեթոդները: Հետազոտությամբ պարզվում է, որ Հայաստանում ներգնա զբոսաշրջության բնագավառում առկա հսկայական կարողականությունը, ցավոք, մինչև այժմ չի գտել իր նպատակային իրացումը մեր երկրի զբոսաշրջային արդյունաբերության մեջ: Հայաստանի՝ որպես միջազգային զբոսաշրջության երկրի մրցունակությունը ապահովելու համար անհրաժեշտ են կարգավորումներ զբոսաշրջության ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում, որոնք նաև կխթանեն այս երկու հատվածների սերտ համագործակցությունը տվյալ դաշտում:
Լեռնային երկրների բնաաշխարհագրական պայմանների բազմազանությունը և սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկություններն իրենց ազդեցությունն են թողնում այդպիսի շրջանների գյուղական տարածքների և տարաբակեցման զարգացման վրա՝ պայմանավորելով գյուղական տարածքների և տարաբնակեցման ինքնատիպ գծերը: Հոդվածում կատարվել է լեռնային երկրների գյուղական տարածքների ու տարաբնակեցման համալիր աշխարհագրական հետազոտման տեսական հարցերի վերլուծություն և ընդհանրացում:
Լեռնային գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացումը մեր հանրապետության կարևոր խնդիրներից է լեռնային շրջաններն անասնապահական շրջաններ են: Դրանք բնորոշվում են բնական և մարդածին արժեքներով, բարենպաստ բնակլիմայական պայմաններով ու արհեստներով, ռեսուրսներով, որոնց ճիշտ օգտագործումը կարող է խթան հանդիսանալ ոչ միայն լեռնային բնակավայրերի կայունացմանը, այլ նաև զարգացմանը: Լեռնային տարածքները զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպման բարենպաստ շրջաններ են: Հոդվածում փաստական նյութի ընդհանրացման հիման վրա տրված են ՀՀ լեռնային գյուղական բնակավայրերի հիմնական գծերի՝ տարաբնակեցման, մասնագիտացման, ենթակառուցվածքների արդի հիմնախնդիրները:
Մեծ է ներդրումների դերը երկրների տնտեսական զարգացման գործընթացում: Այդ իսկ պատճառով, պատահական չէ, որ ներդրումների ներգրավման հիմնախնդիրը պետության մտահոգության առարկա է: Հոդվածը նվիրված է ՀՀ ներդրումների առանձնահատկությունների, խոչընդոտող գործոնների և, առավելապես, ներդրումների և ներդրումային դաշտի բարելավման գործընթացների կյանքի չկոչվելու նախապատճառների պարզաբանմանը:
Զբոսաշրջությունը հասարակական կյանքի արագ զարգացող ոլորտներից մեկն է։ Խնդիրն այդ զարգացումը գիտականորեն հիմնավորված ուղու վրա դնելն է։ Այդ գործում իր կարևոր տեղն ունի տուրիզմը, որի հայեցակարգում զբոսաշրջության տնտեսության կազմակերպման և գործունեության ապահովման գիտական սկզբունքներն ու մոտեցումներն են։ Տուրիզմը գիտություն է զբոսաշրջության մասին: