| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Աշխատանքում վերլուծվում և գնահատվում են 1963–2020 թթ. Դեբեդ գետի ավազանում օդի ջերմաստիճանի և տեղումների տարածական ու ժամանակային փոփոխականության հիմնական օրինաչափությունները՝ օգտագործելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական վեց կայանների 58 տարվա տվյալները: Վերլուծության ընթացքում դիտարկվել են օդի միջին տարեկան ջերմաստիճանի և տեղումների փոփոխությունները ինչպես Դեբեդի գետավազանի ամբողջ տարածքի համար, այնպես էլ յուրաքանչյուր օդերևութաբանական կայանի համար առանձին-առանձին: Կազմվել է Դեբեդի գետավազանում օդի ջերմաստիճանի և տեղումների բազմամյա միջին տարեկան արժեքների (1963–2020 թթ.) տարածական բաշխման քարտեզ: Ջերմաստիճանի դիտարկումների ամբողջ ժամանակահատվածը, ըստ փոփոխության, պայմանականորեն բաժանվել է երկու շրջանի՝ 1963–1992 թթ. և 1993–2020 թթ.: Առանձնացվել է մթնոլորտային տեղումների տարեկան քանակի փոփոխության տրենդի ժամանակային երկու միջակայք՝ 1963–2001 թթ. և 2002–2020 թթ.: Դեբեդի գետավազանի օդերևութաբանական կայանների ցանցի բազմամյա դիտարկումների հիման վրա ստացվել են ջերմաստիճանի և տեղումների տարածական ու ժամանակային փոփոխականության մասին տվյալներ նշյալ ժամանակահատվածի համար. պարզվել է, որ 1963 թ․-ից 2020 թ. ընթացքում օդի ջերմաստիճանը միջինը բարձրացել 1,76℃ նիշով: 1990 թ․-ից հետո ջերմաստիճանն աճել է 0,39℃-ով 10 տարվա համար: Անոմալ բարձր ջերմաստիճաններ նկատվել են 1966, 2010 և 2020 թթ․-ին: Կայանների մեծ մասում բարձր ջերմաստիճանային ֆոնի վրա նկատվում է տեղումների քանակի կայուն և ֆիքսված նվազման միտում՝ միջինը կազմելով մոտ 90 մմ 10 տարվա ընթացքում, ինչը նպաստում է տարածաշրջանի չորայնության աճին: Տեղումների ռեժիմի փոփոխության վրա էական ազդեցություն է թողնում տարածքի տեղագրությունը, ինչը հանգեցնում է տեղումների տարածական զգալի անհամասեռության: Կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ Դեբեդ գետի ավազանում ջերմաստիճանի և տեղումների տարածական բաշխումը էականորեն անհամաչափ է, ինչպես նաև տարեկան միջին ջերմաստիճանի աճման և տեղումների քանակի նվազման կայուն միտում, ինչը վկայում է տարածաշրջանի չորայնության աճի մասին: Հետևաբար, պետք է մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված այդ փոփոխությունների բացասական հետևանքների նվազմանը՝ որպես տարածաշրջանի տնտեսության հետագա հավասարակշռված զարգացման երաշխիք:
Աշխատանքում վերլուծվել և գնահատվել են Արցախի Հանրապետության տարածքի գետերի կոշտ հոսքի ցուցանիշները, դրանց կապը տարածքի անտառապատվածության, ջրի ծախսի և հոսքի բնութագրիչների ցուցանիշների հետ: Հաշվարկվել է տարածքի հիմնական գետավազաններում տեղատարման մոդուլի մեծությունը, և բացահայտվել է ջրի տարեկան հոսքի ու կոշտ հոսքի մոդուլի միջև եղած կապը, հաշվարկվել է տեղատարման շերտի մեծությունը համապատասխան գետավազաններում: Բացահայտվել է տարածքի գետերի կոշտ հոսքի մոդուլի և տարածքի նորագույն տեկտոնական շարժումների միջև եղած կապը։ Ուսումնասիրվել է կոշտ հոսքի ցուցանիշների տարածական բաշխման բազմամյա ընթացքը, փոփոխության միտումները, և առաջարկվել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և դրանց վրա կոշտ հոսքի ազդեցության նվազեցման մեխանիզմներ: Ուսումնասիրվող տարածքում կոշտ հոսքի ձևավորման վրա բավականին մեծ ազդեցություն ունի նաև ջրամբարների առկայության հանգամանքը։ Արդյունքում, օրինակ, տեղատարման շերտի հզորության արժեքը Սարսանգի և Խաչենի ջրամբարներից վերև տեղակայված դիտակետերում շուրջ 6 անգամ ավելի մեծ է, քան ներքևում։ Այսպիսով, ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք հետևյալ առաջարկությունների՝
• բացի սանիտարական հատումից, բացառել բոլոր տեսակի անտառահատումները գետերի և գետակների ափամերձ հատվածներում,
• գետերի միջին և վերին հոսանքի շրջանում անհրաժեշտ է նորոգել և վերաշահագործել հին ու կառուցել նոր սելավաորսիչներ՝ փոքր ՀԷԿ-ի շահագործման ժամկետն երկարացնելու, ինչպես նաև ջրամբարների ու առանց այդ էլ քայքայված կամ վթարային ոռոգման համակարգերի արագ տղմակալումից զերծ պահելու համար,
• ջրատեխնիկական շինությունների նորմալ շահագործման նպատակով՝ անհրաժեշտ է արգելել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած թափոնների ուղղորդումը գետային համակարգեր:
Աշխատանքում ներկայացվում է կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում Աղստև գետի ավազանում գարնանային վարարումների ժամանակ ջրի առավելագույն ելքերի մեծության խոցելիության գնահատականը: Օգտագործվել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Աղստև գետի ավազանում ներկայումս գործող հինգ հիդրոլոգիական դիտակետերի և չորս օդերևութաբանական կայանների դիտարկումների պատմական տվյալները: Խոցելիության գնահատման համար կիրառվել է բազմագործոն գծային ռեգրեսիոն մեթոդը։ Ֆիզիկավիճակագրական կոռելյացիաներ են հաստատվել գարնանային վարարումների ընթացքում դիտարկված առավելագույն ելքերի և տեղումների քանակի ու օդի ջերմաստիճանների հաշվարկված սեզոնային տվյալների միջև, և Աղստևի գետավազանում գործող յուրաքանչյուր հիդրոլոգիական դիտակետի համար մշակվել են բազմագործոն գծային ռեգրեսիոն հավասարումներ: Գնահատվել են ստացված հավասարումների որակի վիճակագրական ցուցանիշները, որոնք ունեն բավարար որակ և գործնականում կիրառելի են: Մշակված հավասարումների միջոցով և Հայաստանի տարածքում օդի միջին ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների քանակի կանխատեսվող սեզոնային գնահատականների հիման վրա գնահատվել է առավելագույն ելքերի մեծությունների խոցելիությունը մինչև 2040, 2041–2070 և 2071–2100 թթ․ ժամանակահատվածների համար: ՀՀ տարածքում օդի միջին ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների քանակի կանխատեսվող սեզոնային գնահատականների արդյունքները՝ ըստ Կլիմայական համակարգի մոդել 4-ի՝ CCSM4 մոդելի (տարածական լուծաչափ 100 կմ) և արտանետումների RCP8.5 (A2) և RCP6.0 (B2) սցենարների, ինչպես նաև METRAS տարածաշրջանային կլիմայական մոդելի (տարածական լուծաչափ 12 կմ) և արտանետումների վատատեսական RCP8.5 (A2) սցենարի, վերցվել են Կլիմայի փոփոխության չորրորդ ազգային հաղորդագրությունից: Համաձայն ստացված արդյունքների՝ Աղստև գետի ավազանում կդիտվի կլիմայի փոփոխության նկատմամբ գարնանային վարարումների ջրի առավելագույն ելքերի մեծությունների բավական մեծ խոցելիություն: Ուսումնասիրվող տարածքի գրեթե բոլոր գետահատվածքներում (բացառությամբ "Ֆիոլետովո" գետահատվածքի) CCSM4 մոդելի RCP6.0 սցենարի դեպքում մինչև 2040 թ․ կանխատեսվում է գարնանային վարարումների առավելագույն ելքերի մեծությունների 1961–1990 թթ․ բազիսային ժամանակահատվածի միջինի նկատմամբ 10–25%-ով նվազում: "Ֆիոլետովո" հիդրոլոգիական դիտակետի համար բոլոր սցենարների դեպքում մինչև 2100 թ․ կանխատեսվում է առավելագույն ելքերի աճ 1961–1990 թթ․ բազիսային ժամանակահատվածի միջինի նկատմամբ, ընդ որում, ամենամեծ աճ (2,88 մ3/վրկ կամ 29%) կանխատեսվում է CCSM4 մոդելի RCP8.5 սցենարի դեպքում 2071–2100 թթ. ժամանակահատվածի համար։
Ներկայացված են նոր տվյալներ Հայաստանի բարձրլեռնային չորս լճերի (Քարի, Ումրո, Ակնա և Սև) համապարփակ հետազոտություններից: Առաջին անգամ այդ վերակառուցվեցին լճերի՝ համար բնության միջավայրի փոփոխությունները հոլոցենում պալինոլոգիական անալիզի տվյալներով, կառուցվել են դրնաց թվային մոդելները, հնարավոր եղավ ճշտել նաև լճային ավազանների ժամանակակից մորֆոլոգիական բնութագրիչները, բացահայտել նրանց հատակային ռելիեֆը և լճերում հատակային կուտակումների պայմանները: Առաջին անգամ լճային ավազանների տարբեր խորություններից հավաքվել են հատակային կուտակումներից կեռներ և իրականացվել է էխոլոտային հետազոտություններ: Ճշտվել են լճային ավազանների ռադիոածխաթթվային ժամանակագրությունը և ներկայացվել դրանց կառուցվածքը: Կառռային սառցադաշտերի վերջնային մորեններին բնորոշ ռելիեֆից ելնելով՝ հնարավոր եղավ առաջին անգամ առանձնացնել Ումրո գետի տարածքի և ընդհանրապես Արագածի սառցադաշտերի նահանջների չորս մակարդակ՝ վերջին սառցապատումից առավելագույն առաջընթացից՝ ամենացածր դիրք՝ 3100–3000 մ, երկրորդ մակարդակ՝ 3200–3100 մ, երրորդ մակարդակ՝ 3300–3200 մ, չորրորդ մակարդակ՝ 3400–3300 մ: Բացահայտվել են տվյալներ, որոնք վկայում են Հայաստանի բարձրլեռնային գոտիներում, որոնք չափվում են հազարամյակներով, բնության ռիթմերի առկայության մասին: Առանձացվել է կլիմայի տաքացման և խոնավացման շրջան, որը համապատասխանում է 3000–2000 տարի առաջ եղած ժամանակագրական բաժանմանը, այսինքն՝ անտառների լայն տարածման և դրանց առավելագույն զարգացման սահմաններին: Լճերում կուտակվել է օրգանական տեղումների առավելագույն քանակ (30–50%): Հաստատվել է, որ Քարի լճի հատակային կուտակումների հաստությունը ձևավորվել է 4000 տարվա, իսկ Ումրո գետինը՝ 8000 տարվա ընթացքում: Անտառային բուսականության առաջացման տաք շրջանը ժամանակակից բարձրլեռնային գոտում տեղի է ունեցել անգամ այն ժամանակ, երբ Հայաստանի տարածքում անթրոպոգեն փաստը չէր կարող նպաստել կլիմայի տաքացմանը, քանի որ դեռևս արդյունաբերությունը այս չափերի ջերմոցային գազեր մթնոլորտ չեր արտանետվում: Կարելի է պնդել, որ կլիմայի տաքանումը արդյունաբերական օբյկետների՝ ջերմոցային գազեր մթնոլորտ արտանետելու հետևանք չէ, այլ ընդամենը բնության ռիթմ:
Աշխատանքում Ա. Միսսենարդի առաջարկած՝ Նորմալ էկվիվալենտ էֆեկտիվ ջերմաստիճանի բանաձևով որոշվել է Սյունիքի մարզում տաք սեզոնի եղանակային պայմանների կոմֆորտայնությունը: Հինք ընդունելով Իսաևի առաջարկած մոտեցումը՝ որոշվել է կոմֆորտ ժամանակահատվածի տևողությունը: Վերջինս տարբեր լանդշաֆտային գոտիներում տարբեր է, հետևաբար հարկ ենք համարել հետազոտությունը կատարել ըստ լանդշաֆտային գոտիների: Վերլուծությունը կատարվել է տարվա կտրվածքով, և քանի որ նկատվեց՝ այն բավարար չէ, ապա ստացված տվյալները վերլուծվեցին նաև ամսվա կտրվածքով, որը լիարժեք բացահայտեց իրավիճակը քննարկվող տարածքում: Ստացված տվյալները վերլուծվել, գնահատվել են ըստ անհրաժեշտության և խմբավորվել են նպաստավորության աստիճանի երեք խմբի մեջ: Էկվիվալենտ էֆեկտիվ ջերմաստիճանի 12–15℃ արժեքներ ունեցող տարածքները համարվել են թույլ կոմֆորտ, 15–20℃-ը՝ կոմֆորտ և 20℃-իվ բարձր՝ դիսկոմֆորտ: Հետազոտությունից պարզվեց, որ կոմֆորտ օրերի տևողությամբ աչքի է ընկնում լեռնաանտառային լանդշաֆտային գոտին, որտեղ տաք սեզոնի 76,7%-ը համարվում է կոմֆորտ, չոր տափաստաններում կոմֆորտ է տաք սեզոնի 73%-ը: Առավել քիչ տևողությամբ աչքի է ընկնում լեռնամարգագետնային գոտին, որտեղ կոմֆորտ է տաք սեզոնի ընդամենը 25,3%-ը: Հետազոտման արդյունքները կարելի է օգտագործել ռեկրեացիոն և մարդու առողջության կարգավորման համար նպաստավոր տարածքների ընտրության նպատակով: Ելնելով ամսվա կտրվածքով կատարված ուսումնասիրության արդյունքներից՝ միգրացիայի միջոցով կարելի է որոշել օդերևութաբանական պայմաններից կախում ունեցող հիվանդների բնակության և բուժման ճիշտ վայրը:
Հոդվածում օգտագործվել են նկարագրական, վերլուծական, հարցադրումների, կանխատեսումների, զուգորդության կամ համեմատության, փորձարարության, մոդելավորման մեթոդները: Ագրոզբոսաշրջությունը կարող է համարվել էկոլոգիական, ճանաչողական, արկածային, գաստրոնոմիական, առողջարանային, ուխտագնացության և այլ զբոսաշրջային ուղղությունների հետ: Այդ ոլորտի զարգացմամբ փոխվում է բնակչության վերաբերմունքը բնական և պատմամշակութային հուշարձանների, շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ: Այն դառնում է ներգնա զբոսաշրջության հետաքրքրության առարկա ու նպաստում է գյուղական բնակավայրում զբոսաշրջության, փոքր ձեռներեցության և հարակից սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանը: Անհրաժեշտ է օգտագործել գյուղատնտեսության նոր տեխնոլոգիաներ, աշխատանք տանել սակավջերմասեր պտղաբուծության, որոշ հացահատիկների, ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնման, եկամտի այլընտրանքային աղբյուրների ստեղծման համար, որի շնորհիվ կնվազի մարզի լեռնային ու հարթավայրային շրջանների միջև սոցիալ տնտեսական մակարդակների տարբերությունները: Բնական, կլիմայական և տեխնածին առանձնահատկությունների շնորհիվ Արագածոտնի մարզում ագրոտուրիզմը էապես տարբերվում է այլ մարզերից: Այդ հենքի վրա մարզի ագրոզբոսաշրջությունը կարելի է զարգացնել երեք ուղղություններով՝ դասական ագրոզբոսաշրջություն, ագրոզբոսաշրջություն՝ որպես ամառանոցային հանգիստ, ագրոզբոսաշրջություն բնության գրկում: Առաջիկա տարիներին մարզի ագրոզբոսաշրջության զարգացման համար կարևորում ենք հետևյալ խնդիրները՝ ագրոզբոսաշրջության կլաստերների ձևավորում, առաջավոր փորձի տարածում, ագրոզբոսաշրջության զարգացման ծրագիր փորձարարական բնակավայրերի շրջանում, ագրոզբոսաշրջության հիմնական արդյունքների կանխատեսում, ագրոզբոսաշրջություն կազմակերպելու գիտելիքահենք հնարավորությունների ստեղծում և շուկայի զարգացում: Այսպիսով, Արագածոտնի մարզում առանձնացնում ենք հինգ (Աշտարակ, Ապարան, Ծաղկահովտ, Բյուրական, Թալին) ագրոզբոսաշրջային կլաստերներ: Մարզի տարածքում հանգստի ենթակառուցվածքները թույլ են զարգացած ռելիեֆի առանձնահատկությունների, կլիմայական պայմանների և մայրաքաղաքի հարևանությամբ գտնվելու պատճառով: Զբոսաշրջության զարգացման ծրագրում պետք է, նախատեսել վարկային միջոցներ՝ ցածր տոկոսադրույքներով: Կարելի է համադրել նաև գաստրոտուրիզմի և տարածաշրջանի խոհանոցի գրավչության գործոնը:
Հոդվածում տրվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ժողովրդագրական իրավիճակը հետպատերազմական ժամանակահատվածում: Պետության կողմից ժողովրդագրական քաղաքականության գիտական հիմունքներով մշակման ու կիրառման համար մեծ կարևորություն ունի բարենպաստ ժողովրդագրական իրավիճակի ձևավորումը, որը հարմար է իրականացնել ըստ շրջանների: Դա հնարավորություն կտա ապահովելու սերունդների բնականոն հերթափոխը, միաժամանակ կնպաստի աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Ժողովրդագրական իրավիճակի վերլուծության արդյունքների միավորումը կարևոր է ինչպես պետության, այնպես էլ վերջինիս առանձին տարածքային միավորների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական միտումների բացահայտման և կանխատեսման տեսանկյունից: Աշխատանքում վեր են հանվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ժողովրդագրական հիմնախնդիրների ձևավորման և զարգացման գործոններն ու օրինաչափությունները, արդի վիճակը, պատճառահետևանքային կապերը, հիմնավորվել են բարելավման ուղիները: Ներկա պայմաններում շրջանի ժողովրդագրությունը ձևավորող գործոններից են սահմանամերձ գոտիների խաղաղ բնակչության փախստական դառնալը կամ տեղահանվելը, ֆիզիկապես գոյատևելու նկատմամբ անվստահությունը և այլն: Մարտունու շրջանում մտահոգիչ է սոցիալական և տնտեսական բազմաթիվ հիմնախնդիրների խորացումը, որոնց լուծման հիմնական ուղին այստեղ տնտեսության զարգացումն է, արտոնությունների ավելացումը, աշխատատեղերի ստեղ¬ծումը և այլն: Ավելի մտահոգիչ է ժողովրդա¬գրական առումով ռիսկային գոտում գտնվող բնակավայրերի հարատևման հարցը, որոնց բնակչության բնական աճը հիմնականում մի քանի բազմազավակ ընտանիքների հույսին է: Նրանց տարբեր տարիքային խմբերի երեխաներն են ապահովում բնակավայրերի աշխատանքային ռեսուրսների համար աշխատատեղ հանդիսացող դպրոցի ու ակումբի, համայնքապետարանի ու բուժկետի գործունեությունը: Իսկ շրջանի Կավահան, Մսմնա, Պառավաթումբ, Վարանդա բնակավայրերում, որտեղ գործում են մասնաճյուղ-դպրոցներ, շատ ընտանիքներ ստիպված տեղափոխվում են քաղաքային բնակավայրեր՝ երեխաների հիմնական և միջնակարգ կրթության հնարավորության բացակայության պատճառով: Բացի նշվածներից, ժողովրդագրությունը զգայուն համակարգ է, որն իր վրա կրում է տարաբնակեցման համակարգի թերությունները ևս: Այդ առումով փոքր բնակավայրերի ընդգրկվածությունը շրջանի տարաբնակեցման համակարգին թույլ է: Փոքր գյուղական բնակավայրերի բնակչության ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները անհրաժեշտ է դարձնել տեղական քաղաքականության գլխավոր ուղղությունը: Աշխատանքում քննարկվել են նաև Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ներկայիս բնակավայրերի ժողովրդագրական իրավիճակի շարժընթացի արդի վիճակին վերաբերող հարցեր:
Տվյալ աշխատանքի նպատակն է բացահայտել մոտիվացիոն ռեսուրսի (մասնավորապես, զանգվածային լրատվության միջոցների) աղբյուրները Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) զբոսաշրջային հոսքերի ձևավորման ընթացքում: Հայաստանի զբոսաշրջային ներուժը, չնայած հին մշակույթին և պատմությանը, յուրահատկությանն ու յուրօրինակությանը, օգտագործվում է ոչ լրիվ հզորությամբ: Խորհրդային ժամանակաշրջանում միութենական հանրապետություններից Հայաստան էին գալիս շատերը հանգստի և բուժման նպատակով: Սակայն մենք չենք կարող խոսել այդ տարիների միջազգային զբոսաշրջային գործընթացի զարգացման մասին, քանի որ ԽՍՀՄ ողջ տարածքում զարգացած էր մասնավորապես ներքին զբոսաշրջությունը: Սկսած 1990 թ․-ից՝ անկախություն ձեռք բերելուց հետո, զբոսաշրջության կայացումը և զարգացումը ՀՀ-ում բավականին դժվարին օբյեկտիվ գործոններով պայմանավորված: Սակայն արդեն 1990 թ․-ին՝ սկզբին սկսեցին ձևավորվել առաջին բիզնես-տուրերը՝ սկզբից դեպի Հնդկաստան և Թայլանդ, իսկ հետագայում նաև դեպի մերձավորարևելյան ուղղություններ՝ Սիրիա և Արաբական Էմիրություններ: Բիզնես-ուղևորությունները միայն մեկ ուղղություն ունեին՝ Հայաստանից դեպի այլ երկրներ: Հետադարձ կապ չկար, քանի որ 1990-ական թ․-եր զանգվածային լրատվության միջոցները ունեին միայն մեկ կրիչ․ դա հենց ինքը՝ զբոսաշրջիկն էր: Երկրում զբոսաշրջության զարգացումը բոլոր ուղղություններով սկսվեց 1990-ական թ․-րի վերջից, 2000 թ․ սկզբից: Վաճառքում հայտնվեցին տուրիստական ամսագրեր: Այնուհետև նրանց միացավ ինֆորմացիայի ևս մեկ կրիչ՝ արբանյակային ալիքները, իսկ հետագայում՝ համացանցը: 2006 թ․-ին մշակվեց միջոցառումների մի ամբողջ շարք՝ ՀՀ-ում զբոսաշրջային գործունեության զարգացման և բարելավման, ինչպես նաև հանրապետության զբոսաշրջային ներուժի գովազդի նպատակով: Առաջ էր քաշվել «թեմատիկ տարի» հասկացությունը՝ միջազգային շուկային ներկայացնելու համար: Աշխատանքում վերլուծվել են արխիվային տվյալներ՝ դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի ձևավորման և նրա հետագա կարգավորման գործընթացում զանգվածային լրատվության դերի բացահայտման համար: Դիտարկվել և վերլուծվել են Հայաստանի մասին տեղեկատվության աղբյուրների մասին տվյալները, որոնք խթանում էին մեր երկիրը այցելությունները: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա արվել են եզրակացություններ մասմեդիայի բացառիկ կարևոր դերի մասին, այն է՝ պոտենցիալ ճանապարհորդների կողմից տուրիստական ուղղությունների ընտրությունը խթանալու հարցում:
Աշխատանքը զբոսաշրջային դեստինացիայի զարգացման և տարածքաստեղծ գործունեության գիտական հիմնավորումն է, ըստ որի տրամաբանորեն անցում է կատարվում պարզից դեպի բարդը՝ համակարգայինը։ Համակարգ, որի բոլոր տարրերը դիալեկտիկական միասնության մեջ են, փոխհամագործակցում և փոխպայմանավորում են միմյանց։ Յուրաքանչյուր տարր իր որոշակի տեղն ու դերն ունի ընդհանուր հիեարխիկ համակարգում։ Զբոսաշրջային համակարգի գործառույթը ոչ միայն հյուրընկալությունն է, այլ նաև որևէ տարածքի սոցիալ-տնտեսական, էկոլոգիական խնդիրների լուծումն է և ընդհանրապես տարածքի բնական, հասարակական, մարդկային (կապիտալի առումով) բոլոր կարողությունների նպատակային օգտագործումն է, որի համար անհրաժեշտ է․ բարձրացնել ենթակառուցվածքների օգտագործման արդյունավետությունը, ստեղծել նորն ու ժամանակակիցը, տարածքում զբոսաշրջային տնտեսության զարգացումը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, դիտարկել մեկ ընդհանուր համատեքստում, տարածքում կայուն զբոսաշրջության հենքի վրա ապահովել կայուն մարդկային զարգացումը։ Ըստ հետազոտության վերջնարդյունքի զբոսաշրջային դեստինացիան աշխարհագրական տարածք է, որտեղ հասարակական կյանքի կազմակերպման և գործունեության ապահովման շարժիչ ուժը զբոսաշրջային ինդուստրիան է իր ենթակառուցվածքներով։
Մենագրությունը ներկայացնում է Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանի Հանրապետությունում և Տաջիկստանում վտանգավոր էկզոգեն պրոցեսների և երևույթների (մասնավորապես՝ սողանքներ, քարաթափումներ, սելավներ, ձնահոսքեր և հեղեղումներ) տարածման և զարգացման մասին տեղեկատվությունը և դրանց ազդեցությունը տվյալ երկրների տրանսպորտային հաղորդակցությունների վրա։