| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Մեծ է լանդշաֆտի վրա մարդկային գործոնի դերը․ այն ունի գեղագիտական ներուժ և ակտիվորեն ազդում է մարդու զգայական-հոգեբանական հարմարավետության վրա: Լանդշաֆտի գեղագիտական որակների (ռելիեֆ, բուսականություն, ջրային ծածկ և այլն) շարքին է դասվում նաև գույնը։ Լանդշաֆտների գունային բազմազանությունն անզեն աչքով հնարավորչ է լիովին գնահատել։ Հոդվածում ներկայացված է լանդշաֆտի գեղագիտական կարևոր գործոններից մեկի՝ գունային երանգների առանձնացման յուրահատուկ մեթոդիկան։ Առաջին անգամ փորձ է արվել լանդշաֆտների գունային երանգներն առանձնացնել և խմբավորել տիեզերական նկարների սպեկտրալ կորերի վերլուծության միջոցով: Ի տարբերություն ավանդական դաշտային մեթոդի՝ տիեզերական նկարները հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում գնահատել մեծ տարածք ընդգրկող գունային երանգները։ Կարմիրը, կանաչը և կապույտը համարվում են ֆիզիոլոգիական հիմնական գույները, և գրեթե բոլոր իրական գույները կարելի է ստանալ այս երեք ճառագայթումների համադրությամբ։ Փորձ է արվել լանդշաֆտներում գույներն առանձնացնել ամռանն արված 10 մ լուծաչափով Sentinel-2A, Sentinel 2B TCI ( true color image ) տիեզերական նկարների կանաչ (543–578 նմ երկարության ալիք), կարմիր (650–680 նմ), կապույտ (458–523 նմ) սպեկտրալ տիրույթներում սպեկտրալ կորերի վերլուծության միջոցով։ Մասնագիտական ծրագրային միջավայրում "անվերահսկելի" դասակարգման մեթոդով ստացվել է 50 դաս, իսկ յուրաքանչյուր դասի համար՝ տեսանելի գունային երեք տիրույթների սպեկտրալ անդրադարձման միջին արժեքներով կորերը: Խմբավորելով դասերը՝ կազմվել է Սյունիքի մարզի լանդշաֆտների գունային հինգ խմբերի (կապտականաչ, կանաչ, կարմիր, մոխրագույն և դեղին, սպիտակ) քարտեզ ամռան սեզոնի համար։ Քանի որ գունային ներդաշնակության կարևորագույն գործոնը գունային երանգների հավասարակշռությունն է, փորձ է արվել որոշել նաև լանդշաֆտների գունային բազմազանությունը։ Հիմք ընդունելով ստացված գունային խմբերը՝ Շենոնի անհամասեռության գործակցի օգնությամբ գնահատվել և քարտեզագրվել է այդ մարզի լանդշաֆտների գունային բազմազանությունը ամռան սեզոնին։ Պարզվել է, որ ամռանը Սյունիքի մարզի լանդշաֆտների 52%-ն ունի կանաչ գունավորում։ Դա լանդշաֆտների գեղագիտական գրավչության դրական հատկանիշ է համարվում և հանգստացնող ազդեցություն ունի մարդու վրա։ Ամենից քիչ տոկոսային մասնաբաժին ունի սպիտակ գույնը։ Մարզի տարածքի 36%-ն առանձնանում է բարձր և շատ բարձր բազմազանության ցուցանիշով, իսկ 17,6%-ը՝ բազմազանության շատ թույլ աստիճանով։ Ամռանը գունային բազմազանությամբ առանձնանում է մարզի հյուսիսարևելյան մասը, Որոտան գետի ստորին և միջին հոսանքների հարակից տարածքները, Ողջի, Մեղրի գետերի ավազանները։ Սակայն գեղագիտական ընկալման տեսանկյունից բարձր է գնահատվում բազմազանության միջին աստիճանը, ինչը Սյունիքի մարզում կազմում է 27,2%: Նման բնագիտությամբ են առանձնանում Սյունիքի հարավային հատվածը, հատկապես Արաքս գետի հովտային շրջանները, Սպանդարյանի ջրամբարի շրջակայքը։
Աշխատանքում դիտարկվում է գարնանային վարարումների ծայրահեղ առավելագույն ելքերի բաշխման օրինաչափությունները Մարմարիկի ավազանի գետերի տարբեր գետահատվածքերում կլիմայի փոփոխության համատեքստում, և տրվել է այդ փոփոխությունների քանակական գնահատականը: Քննարկվում են փոփոխության ցիկլայնության և սինխրոնիկության, հոսքի առավելագույն արժեքների նորմավորված շեղման հարցերը: Որպես ելակետային նյութ օգտագործվել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության "Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն" ՊՈԱԿ-ի առավելագույն ելքերը: Ուսումնասիրվող տարածքում բացարձակ առավելագույն ելքերը հիմնականում նկատելի են գարնանային վարարումների ընթացքում։ Բացարձակ առավելագույն ելքերը փոփոխվում են տարեցտարի՝ կախված տվյալ տարվա օդերևութաբանական գործոններից։ Վերջինս պետք է հաշվի առնել ջրատնտեսական բազմաթիվ խնդիրների լուծման և ջրի առավելագույն ելքերի ռիսկի գնահատման համար։ Բացարձակ առավելագույն ելքերը տատանվում են մեծ սահմաններում՝ 33,4 մ3/վրկ (գ. Մարմարիկ – դ․ Հանքավան) մինչև 86,7 3/վրկ (գ. Մարմարիկ – դ. Աղավնաձոր)։ Մարմարիկ գետի հոսանքով դեպի ներքև աճում են բացարձակ առավելագույն ելքերը և հասնում մեծ արժեքների Աղավնաձորի եզրափակիչ գետահատվածքում։ Ամենամեծ առավելագույն ելքը, որը դիտվել է 1968 թ․ ապրիլի 18-ին Աղավնաձորի գետահատվածքում, կազմել է 86,7 մ3/վրկ։ Մարմարիկ գետի ավազանում նկատվում է նաև գարնանային վարարումների առավելագույն հոսքի մոդուլի օրինաչափ նվազում՝ ջրհավաք ավազանի մակերեսի աճմանը զուգահեռ, ուստի նվազում է առավելագույն հոսքի մոդուլը՝ 370–450 լ/վրկ‧կմ2-ից 90–100 կմ2-ից փոքր մակերես ունեցող տարածքների վրա և 200 լ/վրկ‧կմ2-ից՝ 400 կմ2-ից ավելի մակերես ունեցող տարածքների վրա։ Ստացվել է կոռելյացիոն կապ Մարմարիկ գետի Աղավնաձոր գետահատվածքում և Գորմրագետ գետի Մեղրաձոր գետահատվածքում գարնանային վարարումների բացարձակ առավելագույն ելքերի արժեքների միջև, որը կարելի է օգտագործել գարնանային վարարումների առավելագույն ելքերի հաշվարկման և կանխատեսման համար։ Ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է արդի ժամանակաշրջանում գարնանային վարարումների ծայրահեղ առավելագույն ելքերի համարյա կրկնակի նվազում (բացասական միտում)։ Կատարվել է բացահայտված փոփոխությունների պատճառների վերլուծություն։
Գիտական նոր ուղղություն՝ էկոլոգիական գեոմորֆոլոգիան է։ Այս ուղղությամբ հետազոտությունները, ըստ հեղինակների, պետք է միտված լինեն պարզաբանելու ռելիեֆի և ռելիեֆաստեղծ գործընթացների ազդեցությունը մարդու տնտեսական գործունեության վրա: Եվ հակառակը՝ ինչպես է մարդու գործունեությունը ազդում ռելիեֆի և ռելիեֆաստեղծ գործընթացների վրա։ Եթե հաշվի առնենք ռելիեֆի լեռնային բնույթը և էկզոգեն մի շարք վտանգավոր գործընթացների տարածվածությունը՝ էկոլոգիական գեոմորֆոլոգիան Հայաստանում զարգացման մեծ հեռանկարներ ունի։ Վերջինիս հրատապ խնդիրներից են շինարարության համար անվտանգ տարածքներ գտնելը, դրանց լեռնային լանջերի կայունության ուսումնասիրությունը՝ ինժեներական յուրացման նպատակով, օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և մշակման ժամանակ ռելիեֆի հետազոտումը, ռելիեֆի խոռոչների օգտագործումը՝ լեռնային վերամշակման թափոնները պահեստավորելու համար: Էկզոգեն ռելիեֆաստեղծ վտանգավոր գործընթացներից են՝ սողանքները և սելավները, որոնք խիստ բացասական ազդեցություն են թողնում Հայաստանի էկոլոգիական վիճակի վրա։ Փլվածքները, խոշոր թափվածքները և ձնահոսքերը տեղային տարածում ունեն և, առանձնապես, չեն վնասում հանրապետության շրջակա միջավայրըին։ Նշվում է, որ անհրաժեշտ է էկոլոգագեոմորֆոլոգիական շրջանացման քարտեզ կազմել (գեոմորֆոլոգիական ընդհանուր քարտեզի հիման վրա), որտեղ պետք է նշվեն էկոլոգագեոմորֆոլոգիական ռիսկի տեղամասերը, էկոլոգիական սուր իրավիճակների արեալները: Առաջին փուլում այսպիսի շրջանացում կարող է իրականացվել 1:500 000 մասշտաբով, իսկ կոնկրետ յուրացվող տարածքներում՝ ավելի խոշոր մասշտաբով: Սողանքային առավել ակտիվ տեղամասերում՝ հետագա ավերիչ գործընթացները կանխելու համար առաջարկվում է կատարել հակասողանքային միջոցառումներ՝ առաջին փուլում չորացնող աշխատանքներ: Ինչ վերաբերում է սելավներին, որպես առաջնային կանխարգելիչ միջոց կարելի է առաջարկել, որ սելավային բոլոր ջրհոսքերի հուները, կամուրջների անցուղիները մաքրվեն ու խորացվեն, որպեսզի կանխվեն ջրահոսքերից սելավային զանգվածի արտահոսքը, ինչպես նաև, կամուրջների առջև խցանումները: Հետագայում ցանկալի է լանջերին կառուց են դարավանդներ, իսկ սելավաակտիվ ջրհոսքերում՝ պատնեշներ։
Տնտեսական զարգացման գործընթացները հետխորհրդային ժամանակահատվածում տարածքային կառավարման ոլորտում առաջացրել են մի շարք հիմնահարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են հասարակությունբնություն հարաբերություններին: Պետություն-տարածքային կառավարումը սկսվում է տարածքային կառավարման միավորներից, որոնց խնդիրն է առաջադրել տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մշակութային, ինչպես նաև քաղաքական հիմնախնդիրների համալիր լուծումներ: Հետխորհրդային առաջին տարիներին՝ 1995 թ․-ից սկսած կառավարության որոշմամբ իրականացվեց վարչատարածքային նոր ռեֆորմ․ ՀԽՍՀ նախկին 37 վարչական շրջանների փոխարեն կազմավորվեցին 10 մարզեր: Մայրաքաղաք Երևանը ստացավ մարզի, իսկ հետագայում՝ քաղաքային համայնքի կարգավիճակ: Հայաստանի Հանրապետությունում ավանդաբար չեն համընկել վարչական և տնտեսական սահմանները: Առանձնապես հաշվի չեն առնվել բնական պայմանները, լանդշաֆտային վերընթաց գոտիները, բնաաշխարհագրական զանազան բնութագրիչները: Արդի վարչատարածքային կառուցվածքը բազմաթիվ բնութագրիչներով հիշեցնում է խորհրդային տարիների միջոցառումները, որն ապացուցվում է համեմատության մեջ: Մեր օրերի անցումային տնտեսության պայմաններում տնտեսական շրջանացման կիրառական նշանակությունը ձեռք է բերել նոր բովանդակություն ու որակ՝ համահունչ շուկայական հարաբերություններին: Սրանք առաջացրել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք բաժանվում են հետևյալ խմբերի՝ սոցիալ-տնտեսական, աշխարհագրական, քաղաքական, ժողովրդագրական: Հարկ է նշել, որ տարածքային կառավարման այս հիմնախնդիրները համընկնում են մեր երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակին: Այստեղ կարևոր են գիտության գիտագործնական առաջարկությունները, որոնք կարող են օգտակար լինել պետական տարածքային կառավարման օրինաչափ ու արդյունավետ զարգացմանը, եթե հաշվի առնվեն պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ տարածքային կառավարման գերատեսչությունների կողմից: