| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Աշխատանքը նվիրված է ստորերկրյա հոսքի բաղադրիչների գնահատմանը՝ Ջերմանիսի աղբյուրների օրինակով, որոնք գտնվում են Վեդի գետի վերին հոսանքում: Աղբյուրների ծախսի խիստ փոփոխական բնույթը պայմանավորված է սնման մարզին աղբյուրների մոտ տեղադրությամբ: Աշխատանքում օգտագործված քարտեզագրական նյութերը վերլուծվել են միասնական աշխարհագրական կոորդինատային համակարգում, կատարվել է աղբյուրների ջրերի քիմիական կազմի նախկին և նոր տվյալների վերլուծություն և ստորերկրյա ջրերի բնական ռեսուրսների գնահատում: Նկարագրված մեթոդով կարելի է գնահատել ստորերկրյա հոսքի բաղադրիչները համանման բնակլիմայական պայմաններով գետավազաններում՝ Ազատի, Արգիճիի, Որոտանի և այլն:
Դիտարկվում են ուժեղ երկրաշարժի գոտու սեյսմիկ ռիսկի փոփոխության առանձնահատկությունները՝ կապված ինչպես դրա ավերիչ հետևանքների, այնպես էլ հետևանքների վերականգնման գործընթացների հետ: Այս խնդիրը լավ ուսումնասիրված չէ՝ չնայած դրա կարևորությանը ռիսկերի գնահատման ու նվազեցման համար: Հիմնական նպատակին հասնելու համար խնդիրը դիտարկվում է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ավերման գոտու ռիսկի փոփոխության օրինակով: Առաջարկվում է երկրաշարժի գոտին բաժանել ենթագոտիների՝ հաշվի առնելով շենքերի ավերվածության մասշտաբները, ինչը հնարավորություն է տալիս առավել հուսալիորեն սահմանել ռիսկի փոփոխությունների ընդհանուր և տեղական առանձնահատկությունները: Եզրակացվում է, որ տարբեր պատճառներով մեծ ավերածությունների ենթագոտու քաղաքների տարածքների ռիսկը զգալիորեն կրճատվում է, իսկ միջին և թույլ ավերածությունների ենթագոտում ռիսկը աճում է։
Տեկտոնամագնիսական էֆեկտի ուսումնասիրությունից առաջ այն կազմավորող մագնիսաառաձգական էֆեկտը ուսումնասիրվել է լաբորատոր և ապարների բնական տեղադրման պայմաններում: Այդ ուսումնասիրությունների արդյունքում գրանցվել են մագնիսաառաձգական էֆեկտի դարձելի և անվերադարձ փոփոխություններ: Մինչև հիմա հայտնաբերված տեկտոնամագնիսական էֆեկտները, կամ որ նույնն է, երկրաշարժերի տեկտոնամագնիսական նախանշաններն ունեցել են դարձելի բնույթ: Անվերադարձ էֆեկտների բացակայությունը հուշում է, որ տեկտոնամագնիսական դաշտում չեն արտացոլվել բոլոր այն ֆիզիկական պրոցեսները, որոնք կարող էին այդ դաշտում ստեղծել անվերադարձ փոփոխություններ: 2021 թ.-ին տեղի ունեցած երկրաշարժերի նախանշանները գրանցվեցին որպես անվերադարձ փոփոխություններ, որոնք գտնվում էին «Սարագյուղ» երկրամագնիսաչափական կայանին շատ մոտ՝ 1-20 կմ հեռավորության վրա: Սա հիմք է տվել հաստատելու, որ անվերադարձ փոփոխությունները երևակվում են միայն դիտարկման կայանին շատ մոտ գտնվող օջախների դեպքում: Դիտարկված դարձելի և անվերադարձ փոփոխությունները արտացոլում են կազմավորվող օջախներում ընթացող առաձգական և պլաստիկ դեֆորմացիաների առկայությունը:
Համամոլորակային փոփոխություններն ու անթրոպոգեն ազդեցությունների ուժեղացումն ազդում են հողային ծածկույթի վրա՝ նպաստելով, որ հողերում սկսվի դեգրադացիայի գործընթացը: Հողերի դեգրադացիան աշխարհի շատ երկրներում համարվում է կարևորագույն խնդիրներից մեկը՝ գյուղատնտեսության արտադրության և շրջակա միջավայրի վրա իր ազդեցության հետևանքով: Դեգրադացիայի գործընթացները շարունակվում են, եթե չկիրառվեն համապատասխան միջոցառումներ: Կան մի շարք մեթոդներ դեգրադացված հողերի ուսումնասիրության և վերափոխման համար, սակայն հեռազննման տվյալները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ հայտնաբերել և քարտեզագրել դեգրադացված հողերը։ ՀՀ-ում հողերի դեգրադացիայի պրոցեսը բնորոշ է Արարատյան դաշտին: Հողերի արտացոլման հատկությունից ելնելով՝ Արարատյան դաշտի հողերի դեգրադացիան գնահատելու համար կիրառվել են հետևյալ սպեկտրալ ինդեքսները՝ CI՝ գունային ինդեքս, FI՝ ձևային ինդեքս, NDVI՝ վեգետացիոն ինդեքսներ: GIS համակարգում, մշակելով արբանյակային նկարները և հաշվելով սպեկտրալ գործակիցները, նկատվել է, որ վերջին երեք տարիների ընթացքում մոտ 3 անգամ նվազել են Արարատյան դաշտի հողերում օրգանական նյութերի քանակը, որն էլ հողերի դեգրադացիայի պատճառներից մեկն է: Ի դեպ, հողում օրգանական նյութերի նվազումը նկատվում է Արարատյան դաշտի ամբողջ տարածքում: Սակայն, դրան զուգահեռ, բուսական ծածկույթը համարյա փոփոխությունների չի ենթարկվել: Հետևաբար վեգետացիոն ինդեքսն Արարատյան դաշտում որպես դեգրադացիայի առաջացման գործոն համարել չենք կարող: Հիմք ընդունելով ստացված տվյալները՝ նշենք, որ սպեկտրալ ինդեքսները կարող են արդյունավետ գործիք դառնալ հողերի դեգրադացիան և էրոզիան գնահատելու համար:
Հոդվածում քննարկվում է Լոռվա դաշտի սևահողերի ստրուկտուրային կազմի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարդու տնտեսական չհամակարգված գործունեության հետևանքով: Մեր կողմից կատարված դաշտային hետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ չմշակվող սևահողերում ստրուկտուրային տարրերը կայուն են, և հողերն ունեն լավ արտահայտված ստրուկտուրա: Չմշակվող հողերի համեմատ, մշակվող հողերի վարելաշերտում ջրակայուն ագրեգատների քանակությունը բավականին ցածր է, վարելաշերտը զգալիորեն փոշիացած է:
Լանդշաֆտի գեղագիտական գնահատումը լանդշաֆտային գեղագիտության կարևոր խնդիրներից է։ Տարբեր ժամանակաշրջաններում կատարված աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գիտության մեջ գոյություն ունի լանդշաֆտների գեղագիտական գնահատման մեթոդների երկու ուղղվածություն՝ ֆիզիկաաշխարհագրական, որի հիմքում ընկած է լանդշաֆտների գեղագիտական գնահատման «օբյեկտիվ» մոտեցումը և սոցիալաշխարհագրական, որում գերակա է «սուբյեկտիվ» մոտեցումը։ Փորձ է արվել իրականացնել Սյունիքի մարզի լանդշաֆտների գեղագիտության գնահատում՝ համադրելով սուբյեկտիվ և օբյեկտիվ մոտեցումները։ Սուբյեկտիվ մոտեցման դեպքում ուսումնասիրողը հիմք է ընդունում մարդկանց սուբյեկտիվ կարծիքի այս կամ այն բնապատկերի գեղագիտական գրավչությունից ստացած տպավորումթյունները: Գնահատումն իրականցվել է սոցիալական հարցմամբ՝ Մ.Յու. Ֆրոլովայի կազմած հարցաթերթիկների միջոցով։ Առավել հուսալի արդյունք ստանալու համար մշակվել է նկարների ընտրության և հարցման մասնակիցների ընտրության սկզբունքներ։ Նկարների մեծ մասը ստացվել է մեր կողմից կատարված երթուղիների ժամանակ։ Հարցմանը մասնակցել է 80 մարդ, որոնց ներկայացվել է 40 բնապատկեր։ Հարցվողներն առավել բարձր են գնահատել այն բնապատկերները, որտեղ առկա է լանդշաֆտի տարբեր բաղադրիչների համադրություն։ Անտառապատ տարածքների աշնանային բնապատկերներն ավելի բարձր է գնահատվել, քան գարնանային բնապատկերները։ Սյուբյեկտիվ գնահատման արդյունքները 83%-ով համապատասխանում են Սյունիքի մարզի լանդշաֆտների համար, մեր իսկ կողմից, կատարված օբյեկտիվ գնահատման արդյունքներին։ Սյուբյեկտիվ գնահատման միջինացված արդյունքները համադրելով օբյեկտիվ գնահատման արդյունքների հետ՝ ստացել ենք Սյունիքի մարզի գեղագիտական գրավչության քարտեզը։ Առավել գրավիչ և գրավիչ տարածքները համապատասխանաբար զբաղեցնում են Սյունիքի մարզի տարածքի 9,5% և 22,4%-ը, անհրապուրիչ տարածքները՝ 0,2%-ը։ Հուսալի արդյունք ստանալու համար առաջարկվում է օբյեկտիվ գնահատման և սյուբյեկտիվ գնահատման մեթոդիկաները կիրառել միասին։
Խորհրդային տարիներին Հայաստանում ձևավորվում է բավականին կայացած տարաբնակեցման միասնական ցանց՝ բազմամակարդակ տարաբնակեցման համակարգով ու համահարթման միտումներով։ Խորհրդային շրջանի վերջին տարիներին տեղի ունեցած բեկումնային իրադարձությունները և 1991 թ. Հայաստանի անկախացումից հետո ստեղծված աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական պայմանները Հայաստանում սկիզբ են դնում արտագաղթի հզոր ալիքի, ժողովրդագրական ճգնաժամի և, որպես արդյունք, բնակչության դեպոպուլյացիայի։ Նոր իրականության պայմաններում ՀՀ տարաբնակեցումը էականորեն փոխակերպվում է, որի առանձնահատկությունների, միտումների, հիմնախնդիրների և տարածական տարբերությունների ուսումնասիրությանն էլ նվիրված է հոդվածը: Ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ բնակչության դեպոպուլյացիայի, միգրացիայի և ժողովրդագրական ճգնաժամի հիմնախնդիրները Հայաստանի տարբեր տիպի բնակավայրերում ու տարածական գոտիներում տարբեր ընթացք և փոխակերպումներ են ունենում: ՀՀ խոցելի տարածքներում (լեռնային և բարձր լեռնային, կենսագործունեության համար ոչ բարենպաստ բնաաշխարհագրական և սոցիալ-տնտեսական պայմաններով, սահմանային անվտանգության ու գոյապահպանական խնդիրներով, ինչպես նաև տարաբնակեցման համակարգի ազդեցության գոտիներից դուրս գտնվող տարածքներ) բնակավայրերն առավել սուր և հիվանդագին են արձագանքում տեղի ունեցող բացասական և անցանկալի գործընթացներին՝ ընդհուպ մինչև բնազրկում: Միևնույն ժամանակ, ՀՀ մի շարք բնակավայրեր, ունենալով մրցակցային համեմատական առավելություններ, դառնում են ոչ թե դեպոպուլյացիայի, այլ ընդհակառակը, բնակչության աճի ու տնտեսական զարգացման օջախներ:
Զբոսաշրջային պահանջի կանխատեսումը կարող է իրականացվել ռեգրեսիոն մոդելի միջոցով: Վերջին 3 տարում ՀՀ այցելած զբոսաշրջիկների (ոչ էթնիկ հայերի) շրջանում հարցումներ են անցկացվե։ Զբոսաշրջիկների հարցումների արդյունքներով ստեղծվել է տվյալների բազա, որի հիման վրա մշակվել է բազմագործոն գծային ռեգրեսիոն մոդելներ։ Անհրաժեշտ էր պարզե, արդյոք պոտենցիալ զբոսաշրջիկների սեռա-տարիքային կազմը ազդում է լրատվամիջոցների այս կամ այն ալիքի ընտրության վրա, ինչպես նաև բացահայտել այն գվածային լրատվային ալիքները, որոնք, ունենալով որոշակի ներուժ, կարող են ազդել զբոսաշրջային շուկայի վրա: Ռեգրեսիայի մոդելի ցուցանիշները հնարավորություն են տալիս բավականին հստակ կողմնորոշվել ըստ տարիքային խմբերի: