Հտ․ 59 No. 1 (265) (2025)

Հրատարակվել է: 2025-04-29

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ԲԱՐՁՐ ԼՈՒԾԱՉԱՓԻ ՏԻԵԶԵՐԱՆԿԱՐՆԵՐՈՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

    Հովսեփ Ս․ Պետրոսյան, Պարույր Ս․ Էֆենդյան, Ֆրեդ Ֆ․ Ախոյան, Վահան Մ․ Մանուկյան, Վալերի Ա․ Ալեքսանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում ներկայացված է բարձր լուծաչափի տիեզերանկարներով ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ամենամյա թարմացման համար տիեզերանկարների ֆոտոգրամետրիական եղանակով մշակման համար ճանաչման կետերի պլանաբարձունքային հիքի ստեղծումը և դրանց կապակցումը ՀՀ ազգային գեոդեզիական ցանցին: Դիտարկվել են ճանաչման կետերի պլանային հիմքի ստեղծման արբանյակային, պոլիգոնոմետրիական 2-րդ կարգի կամ բարձր ճշտության թեոդոլիտային ընթացքների ստեղծման եղանակները, ինչպես նաև բարձունքային հիմքի ստեղծման եռանկյունաչափական նիվելիրացման եղանակը: Գնահատվել են նշված գեոդեզիական եղանակներով ստեղծվող ճանաչման կետերի կոորդինատների և բարձրությունների որոշման ճշտության աստիճանը: Մշակվել է ճանաչման կետերի դիտարկման տվյալների մշակման օրինակելի ձևաչափ, որով ավելի հեշտ և մատչելի է դառնում կամերալ աշխատանքների կատարման գործընթացը: Տրված են աշխատանքների ավարտից հետո ներկայացվող նյութերի ցանկը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԼՃԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

    Վլադիմիր Ռ․ Բոյնագրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ներկայացված են Հայաստանի չորս բարձրլեռնային լճերի (Քարի, Ումրոյ, Ակնա և Սև) ավազաններում ռելիեֆի և ռելիեֆաստեղծ գործընթացների դաշտային ուսումնասիրությունների արդյունքները: Հաստատվել է, որ նշված բոլոր լճերի ջրհավաք ավազանները բնութագրվում են, ընդհանուր առմամբ, նման ռելիեֆով և ռելիեֆ ձևավորող գրեթե նույն էկզոգեն գործընթացներով: Որոշակի առանձնահատկություն հատկանշական է Սև լճի ավազանին իր բարձրությունների համեմատաբար փոքր լինելու պատճառով: Քարի լճի ավազանում ռելիեֆի ձևավորման էկզոգեն գործընթացներից կարելի է առանձնացնել թույլ սոլիֆլուկցիան՝ ջրբաժանային սարահարթի մակերևույթի առանձին տեղամասերում բուսական ծածկույթի տեսքով և նիվացիան՝ ձնաբծերի ձևավորման տեղամասերում: Սոլիֆլուկցիան առավել հստակ արտահայտված է Ակնա լճի ավազանում՝ խարամային կոների լանջերին, ինչը պայմանավորված է այդ կոները ձևավորող ապարների կազմությամբ: Ձնաբծերի ձևավորման տեղամասերում նիվացիան հեշտությամբ ձևավորել է համանուն հարթություններ: Սև լճի ավազանի համար գերիշխող նշանակություն ունեն կոնժելիֆլյուկցիայի (չինգիլների տեղաշարժի) գործընթացները՝ լավային հոսքերի լանջերին: Ումրոյ լճի ավազանի մորենային ռելիեֆի բնույթը լավ ցուցիչ է Վյուրմի սառցադաշտի նահանջի փուլերը բացահայտելու համար:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ

    Մարի Վ․ Չակրյան, Գոռիկ Դ․ Ավետիսյան, Արսեն Թ․ Գրիգորյան, Արտակ Ս․ Փիլոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Արդվի բնակավայրի օրինակով Էկոհամակարգային ծառայությունների (ԷԾ) գնահատման արդիականությունը պայմանավորված է տարաբնույթ էկոհամակարգերի ԷԾ-ի գնահատման և արժևորման նկատմամբ համամոլորակային, տարածաշրջանային և տեղական մակարդակով հետաքրքրությունների աննախադեպ աճով: Հայաստանի էկոհամակարգերի բազմաթիվ և բազմազան ԷԾ-ի (ապահովող, կարգավորող, մշակութային և օժանդակ՝ նպաստող-աջակցող) համալիր գնահատումը և արժևորումը շատ կարևոր է նաև պաշարների կայուն կառավարման, բազմակողմանի օգտագործման և արդյունավետ պահպանության առումներով: Գնահատման աշխատանքները կարևոր քայլ են ԷԾ հայեցակարգի ձևավորման, որոշումների ընդունման և կառավարման համար: ԷԾ-ի այս գնահատման անհրաժեշտությունը Արդվի գյուղի օրինակով  պայմանավորված է նաև 2011 թվականից ՀՀ-ում Կառավարության և տարբեր կազմակերպությունների կողմից մեկնարկած նպատակային գործողություններով ցույց տալու, թե որքան արժե ԷԾ-ն մի փոքր գյուղի համար և ինչպես կարելի է այդ արժեքը հաշվի առնել տարածական և համայնքի զարգացման պլանավորման գործում:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԴԻԼԻՋԱՆԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՓՈՒԽՐ ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷԿԶՈԳԵՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ (Աղստև գետի միջին հոսանքի ավազան, Հայաստան)

    Վլադիմիր Ռ․ Բոյնագրյան, Անժելա Ա․ Այրիյանց
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Որոշվել են էլյուվիի, դելյուվիի և դեֆլյուկցիոն նստվածքների հատիկա-չափական, միներալոգիական, քիմիական և սպեկտրալ կազմերը, ինչպես նաև սողանքային գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունները, ինչը թույլ է տալիս որոշ չափով տարբերակել փուխր կուտակումների տարբեր ծագումնաբանական տեսակները և դրանց ձևավորման պայմանները: Ըստ 1:25 000 մասշտաբի տեղագրական քարտեզի որոշվել են Աղստև գետի հիմնական վտակների կարգերը. դրանք բոլորը ունեն չորրորդ կարգ: Էկզոգեն գործընթացներից ավազանի համար ամենավտանգավորը սողանքներն են և հորդառատ անձրևների ժամանակ լանջերից մասամբ հողմահարված փուխր նյութի հոսատարում: Դիլիջանի գոգավորությունը անկայուն տեղամաս է, այս ամենը նպաստում է դրա անկայունությանը և մեծացնում է վտանգավոր բնական գործընթացների ակտիվացման ռիսկը՝ պայմանավորված իր բարդ երկրաբանա-գեոմորֆոլոգիական կառուցվածքով, կավերի և զանազան ապարների առկայությամբ, որոնք հողմահարման պայմանների հետևանքով դառնում են կավ և հեշտացնում նոր սողանքների ձևավորումը, տարբեր աստիճանի խզվածքների առկայությունը, որոնք նպաստում են գոգավորության զառիթափ լանջերին ապարների անկայունությանը, Աղստև գետի հիմնական վտակների և բազմաթիվ ձորակների հուների մեծ անկումներին, որոնցում հորդառատ անձրևների ժամանակ կարող են ձևավորվել սելավային հոսքեր:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ԼԱՅՆԱԿԻ ԿՏՐՎԱԾՔՆԵՐԻ ՊՐՈՖԻԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՍԿԱՆԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ

    Էրիկ Մ․ Հովսեփյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ճանապարհային ենթակառուցվածքների որակն ու տեխնիկական համապատասխանությունը կարևոր դեր են խաղում տրանսպորտային ցանցերի արդյունավետության և անվտանգության ապահովման գործում։ Սույն հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է ճանապարհի լայնակի կտրվածքների պրոֆիլների ստացման մեթոդաբանությունը՝ 3D լազերային սկանավորման տվյալների կիրառմամբ։ Ուսումնասիրվող տարածքում AU20 լազերային սկանավորման համակարգով իրականացվել է ճանապարհային մակերևույթի հետազոտություն, որի արդյունքում ստացված տվյալները մշակվել են ArmRef02 կոորդինատային համակարգում։ Հետազոտության նպատակներն են․

    •   մշակել ավտոմատացված մեթոդաբանություն 3D կետերի ամպից ճանապարհի մակերևույթի առանձնացման համար։

    •    Բացահայտել ճանապարհի եզրային և կենտրոնական առանցքները տարածական տվյալների անալիզի միջոցով։

    •    Համեմատել ստացված պրոֆիլները տեխնիկական նորմերի հետ և գնահատել դրանց համապատասխանությունը։ Վերլուծության արդյունքում հայտնաբերվել են լայնակի թեքության շեղումներ, որոնք խաթարում են ջրահեռացման արդյունավետությունը և նվազեցնում ճանապարհային անվտանգության մակարդակը։ Տեխնիկական նորմերի խախտումները հանգեցնում են մակերևույթի ջրահոսքի անհամա-չափության, ինչը նպաստում է ծածկի քայքայմանը և տրանսպորտային միջոցների կառավարման ռիսկերի աճին։

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ. ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    Ակսել Հ․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխարհագրական հետազոտություններն իրենց անմիջական դերն ունեն երկրների տնտեսական զարգացման գործում և համարվում են կարևորագույն գործիք հասարակության տարածքային կազմակերպման ու զարգացման գործընթացներում: Անցած տասնամյակների ընթացքում ՀՀ-ում՝ տնտեսության զարգացման պահանջներին համապատասխան իրականացվել են նաև սոցիալ-տնտեսաաշխարհագրական համալիր հետազոտություններ: Վեր են հանվել ՀՀ բնական համալիրի տարրերի ու ռեսուրսների,  բնակչության ու բնակավայրերի, տարաբնակեցման, տնտեսության տեղաբաշխման ու տարածքային կազմակերպման աշխարհագրական առանձնահատկությունները: Դրանք իրենց անմիջական դերն են ունեցել ՀՀ-ում տնտեսական զարգացման տարբեր ծրագրերի մշակման, ռեսուրսների շահագործման, արտադրության տեղաբաշխման և զարգացման գործընթացներում: Հոդվածում խնդիր է տրվել ընդհանրացնել անցած տասնամյակների ընթացքում ՀՀ-ում կատարված սոցիալ-տնտեսաաշխարհագրական հետազոտությունների հիմնական ուղղությունները և մատնանշել արդյունքները:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

    Meri V. Vardanyan
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում է էկոլոգիական արահետների էությունը՝ ներկայացնելով մասնագիտական գրականության մեջ տեղ գտած սահմանումները։ Անդրադարձ է կատարվում էկոլոգիական արահետների ստեղծման և օգտագործման հիմնական նպատակներին։ Համառոտ ներկայացվում են էկոլոգիական արահետների դասակարգման չափանիշներն ու դրանց ստեղծման առանձնահատկությունները։ Հոդվածում ներկայացվում է նաև էկոլոգիական արահետների կրթական նշանակությունը՝ կարևորելով դրանց դերը սովորողների, մասնավորապես զբոսաշրջության բաժնի ուսանողների մասնագիտական գիտելիքների ձևավորման և հմտությունների կատարելագործման գործում։ Որպես օրինակ վերլուծության է ենթարկվում Երևանի բուսաբանական այգու էկոլոգիական արահետը և ներկայացվում է դրա դերը զբոսաշրջության ապագա մասնագետների էկոլոգիական կոմպետենցիայի ձևավորման գործում։ Հոդվածում ներկայացվում է նաև Երևանի բուսաբանական այգում արտալսարանային դասի կազմակերպման առաջարկ, որը միտված է ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը։

    Հղումներ