Հտ․ 10 No. 2 (29) (2019)

Հրատարակվել է: 2019-07-26

Articles

  • Articles

    Ժողովրդի իշխանության դեմ հնարավոր ոտնձգությունները և ՀՀ իրավունքի համակարգում դրանց ամրագրման հիմնախնդիրները

    Ա․ Վաղարշյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է կարևորագույն դրույթ, որի նշանակությունը քաղաքագիտության և իրավագիտության մեջ իրական իմաստով դեռևս չունի և՛ տառացի, և՛ ոգու տեսանկյունից ճշգրիտ գնահատականը: «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Այս դրույթով ՀՀ Սահմանադրությունը հանցագործություն է ճանաչում գործողությունները, որոնք հանգեցրել են իշխանության յուրացման: Որպեսզի կարողանանք ճիշտ բացահայտել այս դրույթի իրավական իմաստը և նշանակությունը ՀՀ իրավական համակարգում, փորձենք կատարել հետազոտական հետևյալ հերթականությամբ քայլերը. ձևականիրավական, համակարգային, համեմատական վերլուծության ու մեկնաբանման ենթարկենք այդ դրույթը, վեր հանենք դրա մեկնաբանման վարկածները ՀՀ, ինչպես նաև նման սահմանադրական դրույթ ունեցող երկրների սահմանադրական իրավունքի տեսության մեջ, իրականացնենք այդ դրույթի՝ որպես իրավական վարքագծի իրավաբանական կազմի տարրերի վերլուծություն և բովանդակության բացահայտում և այդպիսով պարզենք այդ դրույթի ճշմարիտ նշանակությունը ՀՀ իրավական կարգավորման կառուցակարգի նորմատիվ ենթահամակարգում: «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է» սահմանադրական դրույթի իրավական բուն իմաստը հասկանալու համար նախ հստակեցնենք դրանում օգտագործված որոշ եզրույթների՝ իշխանության և յուրացման իրավական բովանդակությունը:

    Հղումներ
  • Articles

    ՀՀ վարչական դատավարություն. ինստիտուտից՝ իրավունքի ճյուղ

    Ա․ Կոչուբաև
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հանրային իշխանության մարմինները իրենց գործունեության ընթացքում ինչքան էլ ձգտեն ապահովել գործողությունների և որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կատարում են ոչ իրավաչափ գործողություններ, ընդունում են անհիմն որոշումներ, անձանց անհարկի ծանրաբեռնում են պարտականություններով և այլն: Այս խնդիրը պետության համար լրջագույն մարտահրավեր էր: Հրամայական էր՝ ստեղծել հանրային այնպիսի օղակ, որի գլխավոր առաքելությունը լիներ պետական մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերահսկողությունը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, կարևորելով վարչական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության էական տարր, ամրագրում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ապահովեն իրենց երկրի դատարանակազմության և դատական ընթացակարգերի համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին, որպեսզի երաշխավորվի վարչական ակտերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը: Ներպետական օրենսդրությունը պետք է սահմանի բողոքարկման պայմանները և բողոքարկման մարմնի իրավազորությունը, որոնք պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին2:

    Հղումներ
  • Articles

    Երեխայի իրավունքների կարգավորումը ըստ ՀՀ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության

    Օ․ Լուխթերհանդթ, Ն․ Սարգսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Յուրաքանչյուր ֆիզիկական անձ թեև իր ծննդյան պահից ունի իրավունակություն (Քաղաքացիական օրենսգրքի1 20-րդ հոդված՝ 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասություն), բայց լրիվ գործունակություն նա ձեռք է բերում չափահաս դառնալով, այսինքն՝ 18 տարին լրանալով (Քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մաս)։ Մինչև այդ պահը նա «երեխայի» իրավական կարգավիճակ ունի2 (Ընտանեկան օրենսգրքի3 41-րդ հոդվածի 1-ին մաս)։ Երեխայի տարիքով պայմանավորված՝ սահմանափակ իրավաբանական գործունակության պատճառով ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ «մանկությունը» պետության հատուկ պաշտպանության ներքո է (16-րդ հոդված) և համապատասխանաբար՝ 37-րդ հոդվածով երեխային ընձեռում է հատուկ կարգավիճակ, իսկ ծնողների ու պետության վրա դնում է հատուկ, աստիճանավորված պատասխանատվություն՝ երեխայի բարօրության համար (36-րդ հոդված)։ 1995 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը չէր ամրագրում 37- րդ հոդվածի հետ համեմատելի հիմնական իրավունք։ Ընտանիքի հիմնական իրավունքը (32-րդ հոդված) միայն հարևանցիորեն էր շոշափում երեխայի իրավունքները։ 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը թեև ընդարձակել և ուժեղացրել էր ընտանիքին առնչվող հիմնական իրավունքների երաշխիքները (35-րդ հոդված, 36-րդ հոդված), սակայն նույնպես չէր ճանաչել երեխայի հիմնական իրավունքները որպես այդպիսին։

    Հղումներ
  • Articles

    Որոշ նկատառումներ սահմանադրական պատասխանատվության ինստիտուտի կատարելագործման վերաբերյալ

    Հ․ Կեսոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Իրավական պետությունը բնութագրող հատկանիշներից մեկը իրավական, այդ թվում՝ սահմանադրական պատասխանատվության գործուն մեխանիզմների երաշխավորումն է։ Պետության սահմանադրական պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը կամ անկատարությունը հանգեցնում է պետական իշխանության՝ լիազորություն – պատասխանատվություն սահմանադրական շղթայի խաթարմանը և դրա հետևանքով պետական իշխանության լիազորությունների իրականացման կամ արդյունավետ իրականացման երաշխիքների թուլացմանը: Սահմանադրական պատասխանատվության ինստիտուտը մյուս սահմանադրական ինստիտուտների համեմատ, գիտական լայնածավալ հետազոտության առարկա չի եղել, ուստի աչքի է ընկնում սահմանադրական պատասխանատվության մեխանիզմների անկատարությամբ: Մասնավորապես՝ պետությունների մեծ մասում այդ մեխանիզմները հատվածական են ներդրված կամ սերտաճած են քաղաքական պատասխանատվության մեխանիզմների հետ1, թեև որոշ պետություններում (Լեհաստան, Ավստրիա) առկա են սահմանադրական պատասխանատվության համեմատաբար գործուն մեխանիզմներ:

    Հղումներ
  • Articles

    Տարիքը որպես քրեական պատասխանատվության անհրաժեշտ նախադրյալ

    Ա․ Մարգարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Քրեական օրենքով արգելված արարք կարող են կատարել տարիքային ցանկացած խմբի ներկայացուցիչները, սակայն նրանցից ոչ բոլորն են ենթակա քրեական պատասխանատվության: Անձին պատասխանատվության ենթարկելու հիմնարար սկզբունքներից մեկը՝ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը, ենթադրում է, որ հանցավոր վարքագիծ դրսևորող անձը պետք է ունակ լինի գիտակցելու իր արարքի բնույթը, սոցիալական նշանակությունը, ունենա սեփական վարքագիծը ղեկավարելու կարողություն: Մինչդեռ անձն իր վարքագծի բնույթը, նշանակությունը, հնարավոր հետևանքները հասկանալու, իր ցանկությունները և մղումները հասարակությունում ընդունելի արժեքային համակարգին ու բարոյական սկզբունքներին, օրենսդրությամբ սահմանված կանոններին համադրելու և դրանց իմաստը ընկալելու կարողություն ձեռք է բերում ոչ թե ծննդյան պահից, այլ ավելի ուշ՝ կենսաբանական և սոցիալ-հոգեբանական զարգացմանը զուգընթաց: Անձի մեջ իրավագիտակցության որոշակի մակարդակ ձևավորվելուց հետո միայն կարելի է քննարկել նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչն էլ ենթադրում է որոշակի տարիքի հասած լինելը: Հետևաբար, մանկահասակները, որոնք ընդունակ չեն գիտակցելու իրենց վարքագծի հակաիրավականությունը կամ ղեկավարելու այն, չեն կարող հանցագործության սուբյեկտ լինել և քրեական պատասխանատվության ենթարկվել: Ասվածի ուղղակի վկայությունն է Գերմանիայի քրեական օրենսգրքի հոդված 19-ը, որը, 14 տարին դիտարկելով որպես քրեական պատասխանատվության նվազագույն տարիք, սահմանում է, որ հանցանքի կատարման պահին 14 տարին չլրացած անձինք պետք է դիտվեն որպես առանց մեղքի գործող1:

    Հղումներ
  • Articles

    Տուժողի հետ հաշտվելը որպես քրեաիրավական վեճերի լուծման եղանակ

    Ն․ Աշրաֆյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը հաճախ դիտվում է որպես հաշտարարության ձև1: Իրոք, այստեղ առկա են առանձին հատկանիշներ, որոնք հատուկ են վեճերն ու կոնֆլիկտները հարթելու տվյալ տեխնոլոգիային: Այստեղ առկա է կամավորությունը, քանի որ համապատասխան հանցանք գործելու մեջ մեղավորն ինքը առանց հարկադրանքի լուծում է իր գործած հանցանքից տուժածի հետ հաշտվելու անհրաժեշտության հարցը: Նա նախաձեռնում է մի շարք գործողություններ, որպեսզի տուժողը ցանկանա հաշտվել իր հետ: Նման գործողություններից կարող է լինել մեղքը հարթելը: Հաշտեցումը հնարավոր է միայն համապատասխան վեճի կողմերի փոխադարձ հարգանքի պայմաններում: Թեև միանգամայն պարզ է, որ գործած հանցանքից հետո դրանում մեղավոր անձը պետք է շատ ջանք թափի, որ ներվի տուժողի կողմից, բայց միայն փոխադարձ հարգանքի դեպքում կողմերը կարող են գտնել այն փոխզիջումը, որը կարող է դրվել համապատասխան դատավարական որոշման հիմքում: Հենց դա էլ նման որոշման արդարացիության երաշխիքն է: Երկու կողմին բավարարող լուծում փնտրելիս կարևոր են փոխվստահելի հարաբերությունները, ինչը կհանգեցնի գաղտնիության անհրաժեշտությանը փոխընդունելի լուծում գտնելու որոնումներում: Դրանով հանդերձ՝ գաղտնիությունն այստեղ չի ժխտում թափանցիկությունը, որը ենթադրում է գործող օրենսդրությանը և բարոյականության նորմերին գործողությունների համապատասխանությունը ստուգելու հնարավորություն: Ընդ որում, կարևոր է ժամանակակից արդարադատության հիմնական սկզբունքներից մեկին՝ կողմերի իրավահավասարության (մրցակցության) սկզբունքին, հավատարիմ մնալը, որը անթույլատրելի է համարում որևէ կողմի թելադրանքը, անգամ այն դեպքում, երբ այդ կողմը տուժել է կատարված հանցագործությունից:

    Հղումներ
  • Articles

    Պետությունների տնտեսական ինքնիշխանությունը

    Գ․ Չոբանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Պետությունների ինքնիշխանության սկզբունքը, հատկապես Աուգսբուրգի (1555 թ.) և Վեստֆալյան (1648 թ.) հաշտություններից ի վեր, միջազգային իրավունքի անկյունաքարերից է: Միջազգային տնտեսական հարաբերությունների գլոբալացման ներկա պայմաններում առաջնային է դարձել հենց պետությունների տնտեսական ինքնիշխանության խնդիրը: Սրա վառ վկայությունն է 2016 թ. հունիսին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն, որով այդ երկիրը որոշեց դուրս գալ Եվրոպական միությունից («Բրեքսիթ»): «Փաստարկը, որ Բրիտանիան կորցրել էր իր ինքնիշխանությունը և անգամ իր ժողովրդավարությունը՝ լինելով ԵՄ կազմում, «Բրեքսիթի» հիմքերից էր»2: ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների կարգախոսն էր՝ «Վերցրեք վերահսկողությունը» (“Take Control”): Տնտեսական գլոբալացումը մնում է միջազգային, ինչպես նաև պետության տնտեսության խոցելիության պատճառներից մեկը: Թեև բոլոր պետությունները ենթակա են գլոբալացման ազդեցությանը, սակայն փոքր երկրների համար ներկայիս մարտահրավերներն ավելի ազդեցիկ են: Չունենալով տնտեսական բավականաչափ ռեսուրսներ՝ ավելի թույլ տնտեսություններով պետությունները կախված են արտաքին գործոններից, ներմուծումներից5 և այլն: Միջազգային տնտեսական անկումները կամ արտահանման կարևորագույն շուկաների խաթարումը ճակատագրական հետևանքներ կարող են ունենալ փոքր պետությունների համար6:

    Հղումներ