Banber Erevani hamalsarani. Iravagitut'yun.
| E - ISSN | : | 2738-2605 |
| P - ISSN | : | 1829-4561 |
Իրավական համակարգը սկզբունքորեն պետք է բացառի իրավակարգավորման այնպիսի երևույթ, ինչպիսին է թերի ու տարակարծությունների տեղիք տվող, ինչպես նաև հակասական իրավական ակտերի ընդունումը: Սակայն որևէ երկրի իրավական համակարգ դեռևս ամբողջությամբ ձերբազատված չէ վերոհիշյալ թերություններից, իսկ արդի իրավաքաղաքական զարգացումների համատեքստում, երբ հարկ է լինում արմատապես ընդլայնել իրավակարգավորման շրջանակները և առավել հաճախ դիմել օրենսդրական փոփոխությունների, վիճակն էլ ավելի է վատթարանում: Իրավաստեղծ գործունեության խութերը, ըստ իրավագետ Ա. Վաղարշյանի գնահատման, թելադրված են մի քանի գործոններով. «Իրավաստեղծ գործունեության ընթացքը ևս կարիք ունի մեթոդաբանական, տեսական ավելի բարձր, ընդգրկուն զինվածության, իրավաբանական ավելի բազմերանգ արտացոլման: Իրավաբանական ակտերի որակը և արդյունավետությունը մեծապես կախված են օրենսդիրների հատկապես իրավաբանական արհեստավարժությունից: Իրավակիրառ մարմինները, դատարանները կշահեին իրավունքի ընդհանուր տեսության իմացությունից: Իրավունքը գործողության մեջ դնելը անբաժան է այն լավ կամ ճիշտ հասկանալուց, իրավաբանական երևույթները ամբողջական համատեքստում ըմբռնելուց» 1 :
Կրթությունը առաջադիմության, մշակույթի պահպանման, զարգացման անհրաժեշտ պայմանն է, իսկ կրթվելն անհատի զարգացման գործընթացն է՝ միտված գիտելիքների, հմտությունների տիրապետմանը, արժեքային վերաբերմունքի ձևավորմանը: Կրթության՝ որպես հասարակական առաջադիմության հիմնական գործոնի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է կրթության հիմնահարցերի սահմանադրական պատշաճ ամրագրում, դրա վրա խարսխված՝ օրենսդրական արդյունավետ կարգավորում: Կրթության հիմնահարցերի սահմանադրական կարգավորման հայեցակարգը հասկանալու համար առաջադրենք որոշ հարցադրումներ և տանք դրանց պատասխանները: Պարզաբանման կարիք ունեցող առաջին կարևոր հարցադրումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Ի՞նչ է կրթությունը»՝ գիտական տեսանկյունից, և դրանով պայմանավորված՝ «որո՞նք են դրա սահմանադրական կարգավորման մեկնակետերը»: Այս հարցադրման պատասխանը շատ կարևոր է կրթությանը վերաբերող հարաբերությունների սահմանադրական-իրավական կարգավորման հայեցակարգը, դրույթները ճիշտ հասկանալու ու մեկնաբանելու, հետագա փուլերում օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումը կառուցելու համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ինտեգրացման գործընթացները Արևմտյան Եվրոպայում պատճառ դարձան նոր իրավակարգերի առաջացման: Միջազգային պայմանագրերի հիմքի վրա ձևավորված վերպետական կազմակերպություններն անդամ-պետությունների կողմից օժտվեցին որոշակի իշխանությամբ, իսկ նրանց ինստիտուտները` այդ իշխանության իրացման համար անհրաժեշտ լիազորություններով: Որպես այդպիսի կազմակերպության դասական օրինակ կարելի է դիտարկել Եվրոպական միությունը, որն ունի ինքնիշխան պետությանը բնորոշ տարրեր, այդ թվում նաև՝ ավտոնոմ իրավական համակարգ: ԵՄ իրավակարգն օժտված է բավականին մեծ ինքնուրույնությամբ. ունի իր դատական մարմինները, որոնք կոչված են ապահովելու այդ նոր իրավակարգի պաշտպանությունն ու միատեսակ կիրառումը ինչպես վերպետական, այնպես էլ ներպետական իրավասության սահմաններում: Սակայն վերպետական իրավասությանը փոխանցված ոլորտները կանոնակարգող օրենսդրությունը, ընդունված լինելով վերպետական ինստիտուտների կողմից, այնուամենայնիվ պրակտիկայում կիրառվում և պաշտպանվում է ազգային իրավակիրառող մարմինների, մասնավորապես՝ դատարանների կողմից: Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ նույն իրավական կանոնակարգման կիրառումն ու պաշտպանությունը իրականացնում են ինչպես վերպետական դատարանները, այնպես էլ ազգային դատական մարմինները: