Banber Erevani hamalsarani. Iravagitut'yun.
| E - ISSN | : | 2738-2605 |
| P - ISSN | : | 1829-4561 |
Հանցանք կատարած անձի կրիմինալոգիական բնութագրի ուսումնասիրությունը ենթադրում է նրա ինչպես սոցիալ-ժողովրդագրական, սոցիալ-դերային, այնպես էլ հոգեբանական ենթակառուցվածքների վերլուծություն: Անձի ո՛չ սոցիալական կարգավիճակը, ո՛չ սոցիալական դերերը և ո՛չ էլ հանցավոր վարքագծի դրսևորման պատճառ դարձող օբյեկտիվ կամ սուբյեկտիվ այլ գործոնները չեն կարող հանգեցնել հանցանքի կատարման՝ առանց այդ անձի հոգեկան ոլորտով անցնելու, հոգեբանական կարգավիճակ ձեռք բերելու: Ուստի հանցավոր վարքագծի դրսևորման իրական պատճառները պարզելու համար անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծության ենթարկել հանցանք կատարող անչափահասի սոցիալ-հոգեբանական բնութագիրը, ինչը ենթադրում է նրա պահանջմունքների, շահերի, արժեքային կողմնորոշումների, իրավագիտակցության, անձնային բնութագրիչ հատկանիշների ուսումնասիրություն: Մարդու վարքագծի, այդ թվում նաև հանցավոր վարքագծի դրսևորման գործոնների համակարգում առաջատար դերը պատկանում է պահանջմունքներին և շահերին: Հոգեբանությունը պահանջմունքը դիտարկում է որպես անձի ակտիվության աղբյուր, շարժիչ ուժ, որոշակի կարիք, որն արտացոլվելով նրա գիտակցության մեջ, առաջացնում է դրա վերացմանն ուղղված մղում1: Իսկ շահը անձի ներքին վերաբերմունքն է օբյեկտի հանդեպ, որոշակի անձի համար այդ օբյեկտի կենսական կարեվորությունն ու հուզական գրավչությունը2: Պահանջմունքները և դրանց հիման վրա առաջացող շահերը հանցավոր վարքագծի շարժառիթները ձևավորող հոգեբանական հիմնական երևույթներն են:
Առաջին հայացքից «սահմանադրական զարգացումների սահմանադրականության» գաղափարը կարող է պարադոքսալ հնչել, քանզի կարող է թվալ, թե խոսքը իրավաբանական նույն ուժն ու նշանակությունն ունեցող երևույթների կամ ակտերի մասին է, որ հնարավոր չէ երաշխավորել սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը, և որ այն անբովանդակ հասկացություն է: Կարծում ենք, սակայն, որ «սահմանադրական զարգացումների սահմանադրականության» գաղափարը սահմանադրականության երաշխավորման կարևորագույն բաղադրատարրերից է, ունի հստակ բովանդակություն և բացառիկ կարևորություն կայուն ժողովրդավարության տեսանկյունից: Մեր գիտական աշխատանքներում արդեն նշել ենք, որ զարգացում ունենալու համար Սահմանադրության փոփոխությունները պետք է կրեն որակական բնույթ, այսինքն՝ տեղի ունենա անցում համակարգի մի որակից մեկ այլ որակի, և առաջանա համակարգի, տվյալ պարագայում՝ Սահմանադրության որակապես նոր վիճակ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Սահմանադրության զարգացում» հասկացությունը ենթադրում է այնպիսի փոփոխություններ, որոնց պայմաններում պահպանվում է համակարգի հիմնական որակը՝ Սահմանադրության «միջուկը»: Պատճառն այն է, որ ցանկացած ամբողջական համակարգ ունի մի ինտեգրատիվ որակ, որը ձևավորում է այն ելակետային վիճակը, որից էլ տեղի են ունենում անցումները նոր վիճակների: Հետևաբար, որակական այդ առանձնահատկության բացակայության դեպքում օբյեկտը դադարում է քննարկվող որոշակի համակարգը լինելուց, ուստի, բնականաբար, հնարավոր չէ խոսել նաև վերջինիս զարգացման մասին:
Բոլորովին վերջերս միջազգային իրավունքում ի հայտ է եկել նոր հիմնախնդիր, այն է՝ կիբեռանվտանգությունը, այսինքն՝ այսպես կոչված կիբեռենթակառուցվածքների (տնտեսության կառավարման և հասարակության կենսապահովման համակարգչային համակարգերի) վրա թշնամական ներգործությունից պաշտպանության մեթոդների, դրա հետևանքների վերացման հիմնախնդիրը: Հոդվածում քննարկվում են կիբեռհարձակումների օգտագործման ու դրանց կանխարգելման այն առանձնահատկությունները, որոնք խոչընդոտում են ընդհանուր միջազգային իրավունքի, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավունքի նորմերի կիրառումը: Հեղինակը հանգում է այն եզրակացության, որ անհրաժեշտ է կնքել խնդրին վերաբերող համալիր բնույթի հատուկ միջազգային պայմանագիր:
Պետության գործառական կողմերը նշելու համար պետականագիտության մեջ օգտագործում են հիմնականում «պետության գործառույթ» (խորհրդային և հետխորհրդային տարածքում), ինչպես նաև «պետության խնդիրներ (կամ նպատակներ)» հասկացությունները: Վերջինն ավելի շատ տարածված է արևմտաեվրոպական պետաիրավական ուսմունքներում: Հայաստանյան պետականագիտության մեջ հասարակության և պետության առջև եղած խնդիրների տեսական իմաստավորումը կատարվում է խնդրի լուծմանն ուղղված գործառույթ, գործառույթի իրականացման ձևեր և մեթոդներ կատեգորիաների համակցության միջոցով: Բացի այդ, եթե խորհրդային և հետխորհրդային պետականագիտության մեջ պետության գործառույթները բաժանվում են ներքինի և արտաքինի, ապա եվրոպականում «պետության գործառույթների հարցը գործնականում չի քննարկվում: Որպես կանոն՝ այստեղ խոսքը պետության խնդիրների ու նպատակների մասին է»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունվել է 2018 թ. փետրվարի 9-ին և ուժի մեջ է մտնելու Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու պահից։ Այն փոխարինելու է 1999 թ.-ից գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին1, որի կիրառման շուրջ քսանամյա փորձը ցույց է տալիս, որ իրավունքների պաշտպանության դատական ընթացակարգի արդյունավետության կարևորագույն «ցուցիչներից» են դատական վարույթի որոշակիությունը և կանխատեսելիությունը, «խաղի» հստակ կանոնների և դատական հայեցողությունը սահմանափակող կարգավորումների առկայությունը: Ներկայումս գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի ապացուցման ընթացակարգը կարգավորող նորմերի համակարգը, հիմքում չունենալով հայեցակարգային որոշակի մոտեցումներ, քննադատության չի դիմանում: Բացառություն չեն նաև ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու կանոնները, որոնք, դատական պաշտպանության ընթացակարգում առանցքային նշանակություն ունենալով հանդերձ, չեն կարգավորում գործնականում ծագող բազմաթիվ խնդիրներ՝ դրանց լուծումը թողնելով գործը քննող դատարանի հայեցողությանը կամ բարձրագույն դատական ատյանին: Թերևս դրանով է պայմանավորված այն իրողությունը, որ դատական պրակտիկայում բավականին հաճախ են դեպքերը, երբ վերադաս դատական ատյանները բողոքարկվող դատական ակտերը բեկանում են այն պատճառաբանությամբ, որ դրանք կայացնելիս դատարանը գործին մասնակցող անձանց միջև սխալ է բաշխել ապացուցման բեռը՝ կողմերից մեկի վրա դնելով այնպիսի փաստեր ապացուցելու բեռ, որի պարտականություն նա չէր կրում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի1 57 հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը: Ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի2, Օրենսգիրքն առավել մանրամասն է կարգավորում քաղաքացիական գործերի քննության ընթացքում լուսանկարները, ձայնագրությունները և տեսագրությունները որպես ապացույց ներկայացնելու, դրանց հետազոտման և թույլատրելիության գնահատման հետ կապված հարցերը: Այսպես, նախկինում գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56 հոդվածը սահմանում էր, որ լուսանկարները, ձայնագրությունները և տեսագրությունները համարվում են իրեղեն ապացույցներ: Մինչդեռ Օրենսգրքի 67 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ լուսանկարները, ձայնագրություններն ու տեսագրությունները ապացույցների ինքնուրույն տեսակ են: Նման մոտեցումն արդարացված է՝ հաշվի առնելով դրանց յուրահատկությունը և առանձնահատկությունները:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս օրենսդրական լայնածավալ փոփոխություններ են կատարվում. երկիրը անցնում է խորհրդարանական կառավարման, հիմնավորապես փոխվում են ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության և դատական օրենսգրքրը, 2018 թ. հունվարի մեկին ուժի մեջ է մտել հարկային նոր օրենսգիրքը1: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության2 փոփոխություններով երկրի հիմնական օրենքի 59 հոդվածի 1-ին մասով արդեն նախատեսվում է, որ յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, այդ թվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս դրույթը գրեթե կրկնում է նախկինում գործող Սահմանադրության 33.1 հոդվածը, որը նույնպես ամրագրում էր «բիզնեսով»3 զբաղվելու սահմանադրական իրավունքը, սակայն մի էական վերապահումով. բանն այն է, որ գործող սահմանադրաիրավական նորմով յուրաքանչյուրին ազատորեն իրավունք է վերապահվում զբաղվելու տնտեսական, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ4, այսինքն՝ կատարված փոփոխություններով ձեռնարկատիրական գործունեությունն արդեն դիտվում է որպես տնտեսական գործունեության տարատեսակ։