| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հոդվածում ցույց է տրված, որ Ջիլ-Քարախաչի հիպերբազիտային զանգվածը վերին սենոնի կրաքարերի մեջ ներդրված պրոտրուզիվ դայկանման մարմին է, որի կոնտակտները ներփակող ապարների հետ տեկտոնական են, արտահայտված են ինտենսիվ դեֆորմացիաներով, բրեկչիացվածությամբ, միլոնիտացմամբ: Բացակայում են կոնտակտային մետամորֆիզմի երևույթները: Նկարագրված են հիպերբազիտային և գաբրոիդային համալիրների երկրաբանական իրադրությունը, փոխհարաբերությունները և ապարների ապարաբանական կազմը: Հիմնավորված է, որ օֆիոլիտային զանգվածների ձևավորումը ավելի դյուրին է կապել խորքային բեկվածքներով պրոտրուզիվների տեղաշարժման հետ քան դասական պատկերացումների՝ մագմայական հալոցքների ներդրման կամ սալերի տեկտոնիկայի տեսության օբդուկցիայի մեխանիզմի հետ:
Հոդվածում քննարկվում են ՀՀ տարածքի արդյունաբերական պղինձպորֆիրային հանքայնացմամբ հանքային դաշտերը։ Հանքամագմատիկ համակարգի և հանքային դաշտերի կոնցեպտուալ ու համակցված մոդելների կիրառումը թույլ է տալիս կատարելու հանքաերևակումների խոտանում ու առավել հեռանկարայինների ընտրում և ըստ խորության կանխատեսումների իրականացում։
Աշխատանքում բերված են Հայկական հրաբխային տարածաշրջանում կատարված բազմամյա երկրաֆիզիկական ուսումնասիրությունների նյութերի վերամեկնաբանում և ընդհանրացում, այդ թվում Արագածի լեռնազանգվածի համար ջրաերկրաբանական խնդիրների լուծում: Մեր կողմից կազմված այդ տարածքի հնառելիեֆի ընդհանրացված քարտեզը թույլ է տալիս անել եզրակացություններ Սելավմաստարա ջրհավաք ավազանի ժամանակակից և հնառելիեֆի ջրբաժանների կապի և խորքային հոսքի տարածական բաշխվածության վերաբերյալ:
Աշխատանքում առանձնացվել են երեք ֆիզիկաերկրաբանական մոդելներ: Ստացված փորձարառական տվյալների հիման վրա առաջարկվում է կոշտ, կիսակոշտ, ձիգ պլաստիկ կոնսիստենցիայով կավային գրունտներից կազմված լանջերի կայունության գնահատման բանաձևում ընդհանուր կապակցվածությունը փոքրացնել կոշտ ցեմենտացիոն կապակցվածության չափով: Փափուկ-պլաստիկ, հոսուն-պլաստիկ կոնսիստենցիայով կավային գրունտները ընդունակ են մածուցիկ-պլաստիկ, պլաստիկ դեֆորմացիաների և նրանցից կազմված լանջերում սողանքային երևույթները ըստ մեխանիզմի պլաստիկ կամ սողանք հոսքեր են, հաշվի առնելով, սահքի մակերևույթի գոտում կոշտ կառուցվածքային կապերի բացակայությունը, լանջի կայունության գնահատման բանաձևում սահքի դիմադրությունը վերցնել՝ $\tau_f=\sigma \tan \varphi$:
Հոդվածում դիտարկվում են ստորերկրյա ջրերի բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների գնահատման խնդիրները ՀՀ ջրի ազգային ծրագրի օրենքի շրջանակներում: Մասնավորապես, օրենքում օգտագործվում են հետևյալ տերմինները՝ օգտագործվող ստորերկրյա ջրային ռեսուրսներ, ստորերկրյա ջրերի ռազմավարական և ազգային պաշար: Այդ տերմինները ջրաերկրաբանական մասնագիտական գրականությունում բացակայում են: Հոդվածում բերվում են նշված հասկացությունների սահմանումները և դրանց որոշման մեթոդաբանությունը ՀՀ առանձին գետերի ջրհավաք ավազանների օրինակով:
Հոդվածում դիտարկվել են մարդու տնտեսական և ինժեներային գործընթացի հետևանքով Հայաստանի հանրապետության տարածքի ռելիեֆի փոփոխությունները և երկրորդային տեխնածին երևույթների ձևավորումը, որոնք կատարվել են մարդու կողմից խախտված ռելիեֆի նախկին հավասարակշիռ վիճակի վերականգման համար: Նշվում է, որ տարեցտարի ռելիեֆի վրա անթրոպոգեն ազդեցությունը ձեռք է բերում ավելի մեծ մասշտաբ: Առկա ռելիեֆի ձևափոխման և պլանավորման ժամանակ, անհրաժեշտ է կատարել սպասվող երկրորդային գործընթացների գրագետ կանխատեսում՝ անցանկալի հետևանքների կանխարգելման համար:
Սևանա լճի ավազանի համեմատաբար խոշոր գետերի օրինակով, կլիմայի գլոբալ փոփոխության համատեքստում, ուսումնասիրվել, համեմատվել և գնահատվել են դրանց էքստրեմալ ելքերի և օդի ջերմաստիճանների փոփոխությունների դինամիկան 1960–2012 թթ. ընթացքում: Ուսումնասիրվող գետավազաններում դիտվել է օդի ջերմաստիճանների աճի և գետերի բացարձակ առավելագույն ծախսերի նվազման միտում, այսինքն՝ օդի ջերմաստիճանի աճը նպաստել է ձմռանը գետավազանում կուտակված ձյան աստիճանական հալքին, որի պատճառով գարնանը գետերի բացարձակ առավելագույն ծախսերը փոքրացել են, արդյունքում՝ ջրհեղեղների առաջացման վտանգը կտրուկ իջել է:
Հոդվածում առաջին անգամ ներկայացվում է «Արփի լիճ» ազգային պարկի բուսածածկույթի ռեկրեացիոն գնահատման առանձնահատկությունը: Երեք փորձատեղամասերում կատարված դաշտային հետազոտությունների հիման վրա իրականացվել է դեղաբույսերի քանակի գնահատում: Հոդվածում ներկայացված են այն եղանակները, որոնցով առավել արդյունավետ կարելի է գնահատել բուսածածկույթը՝ որպես ռեկրեացիոն ռեսուրս:
Հոդվածում վերլուծվում են կայուն զբոսաշրջության էությունը և հիմքերը: Ներկայացվում են կայուն զբոսաշրջության կառավարման նոր միտումները, հիմնախնդիրները և սկզբունքները: Ներկայացվում են զբոսաշրջության հետևանքով առաջացած բնապահպանական, սոցիալական և տնտեսական հիմնախնդիրները: Վերլուծվում է այն մոտեցումը, համաձայն որի կայուն զբոսաշրջությունը զբոսաշրջության առանձին տեսակ չէ, այլ գաղափարական և մեթոդաբանական հիմք է զբոսաշրջային ցանկացած գործունեության համար: Կայուն զբոսաշրջության կառավարման հիմնական ուղղությունները հիմնված են գրինվոշինգի, զբոսաշրջային տարածքային տարողունակության, ռեգիոնալ զարգացման ինդիկատորների, արժեշղթայի, զբոսաշրջիկների տեսակների, գիտելիքահենք տնտեսության, մշակութային ժառանգության կառավարման, համալսարան–արտադրություն–կառավարություն եռակողմ համագործակցության վրա: