| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հոդվածում դիտարկվում են աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) կիրառման արդյունքները մակերեսի վրա թույլ արտահայտված լինեամենտների և օղակաձև կառուցվածքների բացահայտման համար: Վերջիններիս հայտնաբերումը մեծ նշանակություն ունի տարածքների երկրաբանական կառուցվածքի բազմաթիվ հարցերի պարզաբանման համար։ Ուսումնասիրությունների արդյունքները հնարավորություն են տվել հստակեցնելու տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները։
Ներկայացված է ՀՀ Սյունիքի մարզի Սպանդարյան, Շամբ և Տոլորս ջրամբարների, Որոտան գետի վրա տեղակայված 3 հիդրոկայանների և Տաթևի ջրամբարի պատվարների տարածքում հետազոտությունների արդյունքները: Գեոդեզիական տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է իրականացնել ջրային համակարգերի ամբողջական քարտեզագրում և տվյալների բազայի ստեղծում: Կառավարման գործըթացում արագ արձագանքման անհրաժեշտությունն անհնար է առանց տեղեկատվական բազաների և համապատասխան գործիքների: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս տեխնոլոգիաները պարտադիր պայման են ջրային համակարգերի կառավարման գործընթացում: Բարձր տեխնոլոգիական աշխատանքները թույլ են տալիս բարձրացնելու չափումների ճշգրտությունը, խնայելու աշխատանքի ժամանակը և օպտիմալացնելու ֆինանսական ծախսերը։
Ուկրաինան բերրի հողերով ամենահարուստ երկրներից մեկն է, իսկ բավական բարենպաստ բարեխառն կլիմայի համադրումը այն դարձնում է Արևելյան Եվրոպայի կարևոր գյուղատնտեական շրջան։ Մթնոլորտային շրջանառության լայնամասշտաբ պրոցեսները հաճախ տեղափոխվում են նրա տարածք, ինչը հանգեցնում է տեղումների ցածր քանակով և օդի բարձր ջերմաստիճանով ժամանակաշրջանների ձևավորմանը: Վերջինս առաջացնում է չորային երևույթներ, ինչպիսիք են երաշտը, չոր եղանակը և խորշակը (չոր քամիները): Մեծ ուշադրություն է դարձվում չորային երևույթների առաջացման և կանխատեսման ուսումնասիրությանը, քանի որ, ՄԱԿ-ի գնահատմամբ, այդ երևույթների հասցրած վնասը կազմում է բնական աղետների ընդհանուր վնասի 20%-ը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երաշտը բարդ երևույթ է, որն առաջանում է ջերմաստիճանի արժեքների փոփոխության, մթնոլորտի և հողի խոնավության բացակայության, տեղումների բացակայության և մակերևույթից զգալի գոլորշիացման պատճառով, դժվար է այն արտահայտել օդերևութաբանական որևէ պարամետրով: Բացի պարզ գնահատականներից, ինչպիսիք են տեղումների արագության և դրանց անոմալիաների որոշումը, օգտագործվում են բարդ թվային և երաշտի ցուցիչներ ու գործակիցներ, որոնք կարող են հայտնաբերել չորային երևույթների առկայությունը և գնահատել դրանց ինտենսիվությունը: Ուսումնասիրության նպատակն է վերլուծել Ուկրաինայի տարածքում խոնավության պայմանները, որոշել դրանց տարածական տեղաբաշխման առանձնահատկությունները՝ ժամանակակից տարածաշրջանային կլիմայական փոփոխությունների ազդեցության տակ:
Հողերի դեգրադացիան բազմագործոն գործընթաց է, հետևաբար դրանց ուսումնասիրման արդյունք ստացված տվյալները կաևոր նշանակություն ունեն հողային ռեսուրսների կառավարման կազմակերպման գործում: Աշխատանքում ուսումնասիրվել և վերլուծվել են հողօգտագործման հետևանքոով առաջացած դեգրադացիայի դրսևորման ձևերը, պատճառներն ու հետևանքները: Դրանք հնարավորություն են տվել բացահայտելու հողային ռեսուրսների կառավարման գործում գոյություն ունեցող թերություններն ու խնդիրները: Կատարվել են արժեքավոր եզրակացություններ ու առաջարկություններ՝ ուղղված հողային ռեսուրսների կառավարման կազմակերպման և դրա արդյունավետության բարձրացման գործին, որոնք քիչ թե շատ կնպաստեն հողերի դեգրադացիայի մեղմմանը, որը խիստ արդիական և հրատապ է սակավահող մեր հանրապետության համար:
Անշարժ գույքի գնահատումը մինչև 2021 թ. իրականացվում էր անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման հիմքով, իսկ արդեն 2021 թ. հունվարի մեկից գնահատման հիմք է հանդիսանում անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը: Գնահատման կարգերի փոփոխությունը ինքնին ունեցել է մի շարք էական ազդեցություններ գնահատման համակարգի վրա, որն էլ իր հերթին ազդել է գույքահարկի բարձրացման վրա: Վերը նշած փոփոխությունները հիմք են հանդիսացել տվյալ ուսումնասիրության համար: Աշխատանքում անդրադարձել ենք միայն շենք-շինությունների գնահատման և շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի փոփոխություններին: Անշարժ գույքի շուկայականի մոտարկված կադաստրային արժեքի գնահատման համակարգում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները՝ փոխվել են շենք-շինությունների և հողերի բազային արժեքները, ավելացել են տարածագնահատման գոտիները, ինչպես նաև բարձրացել են տարածագնահատման գոտու գործակիցները, փոխվել են տարածագնահատման գոտիների մակերեսները: Ուսումնասիրությունը կատարվել է Երևան քաղաքի օրինակով, որտեղ միջին վիճակագրական բնակարանը գնահատվել է բոլոր գոտիներում: Անշարժ գույքի կադաստրային և շուկայականին մոտարկված կադաստրային արժեքների համեմատության արդյունքում կազմվել է տարածագնահատման գոտիների փոփոխության քարտեզ, որտեղ առանձնացվել են Երևան քաղաքի վարչատարածքային միավորներում տեղի ունեցած փոփոխությունները:
Հոդվածում դիտարկվում է զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման ատլասային քարտեզագրական հիմնավորման դերը ռեգիոնալ տարածաշրջանային միավորումների բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման կոնտեքստում: Արդի ժամանակաշրջանում այդ ռեսուրսների քարտեզագրական հիմնավորումը հատկապես արդիական է լեռնային և խիստ բնակեցված գեոհամակարգերում, որտեղ բնական գործոնների հետ մեկտեղ առանձնապես ակտիվ են արտահայտվում մարդածին գործոնները՝ նման տարածքային միավորումների տարբեր հատվածներում: Ատլասային քարտեզագրական բազայի հիման վրա կարելի է փաստագրել ռեկրեացիոն և զբոսաշրջային ռեսուրսների պոտենցիալ նախադրյալների համար պայմանների առկայությունը՝ ինչպես մեծ, այնպես էլ ավելի փոքր տարածքային միավորումներում: Ատլասի բովանդակության կառուցվածքը ձևավորելիս անհրաժեշտ է դասակարգել տվյալներն ըստ տվյալ տարածաշրջանում նրանց կարևորության, ինչպես նաև՝ ըստ նրանց օգտագործման հնարավորությունների և բնույթի: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել տարածաշրջանների էկոլոգիական հնարավոր խնդիրները և էկոլոգիական միջոցառումների նախագծերի հստակ քարտեզներ և գծագրեր կազմել:
Իր բովանդակությամբ և ուղղվածությամբ աշխատանքն առնչվում է տարածաշրջանային էներգետիկ ուսումնասիրություններին, որոնք իրենց բնույթով միջճյուղային են՝ ներառելով աշխարհագրական, աշխարհաքաղաքական, տնտեսագիտական, բնապահպանական և այլ ուղղություններին: Տեսական հատվածում ներկայացվել են տարածաշրջանային էներգետիկ ուսումնասիրությունների հիմնական բովանդակային հարցերն ու առանձնահատկությունները, դրանց դերն ու նշանակությունն էներգետիկ անվտանգության և էներգետիկ քաղաքականության համատեքստում: Վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա ներկայացվել և ամփոփվել են Եվրոպայի երկրների (ներառյալ ԵՄ անդամ չհանդիսացողերի) արտաքին էներգամատարարման արդի վիճակը, հիմնախնդիրները, տարածաշրջանային միտումներն ու առանձնահատկությունները: Հաշվի առնելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման աշխարհաքաղաքական ասպեկտները՝ քննարկվել են նաև այս ոլորտում ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներգրավվածության հիմնական ուղղություններն ու դրանց տարածաշրջանային առանձնահատկությունները: Առանձնակի ուշադրություն է դարձվել արտաքին շուկաներից էներգետիկ ներկրման տարածական ընդլայնմանն ու շարունակական տարածաշրջանային համագործակցությանը:
Աշխատանքում ուսումնասիրվել են զբոսաշրջային դեստինացիաների էությունն ու արդի նշանակությունը: Աշխատանքի նպատակն է բացահայտել զբոսաշրջային դեստինացիայի զարգացման նախադրյալները կայուն զբոսաշրջության համատեքստում: Աշխատանքում դիտարկվել է նաև զբոսաշրջային դեստինացիայի կայուն կառավարումը, որն էլ պատասխատանու է դեստինացիայի զարգացման համար:
Աշխատանքի նպատակն է ներկայացնել տարբեր մարքեթինգային մեթոդների և գործիքների կիրառելիությունը սերվիսային ձեռնարկություննեի մարքեթինգային ռազմավարություն իրականացնելու համար: Հոդվածում ուսումնասիրել ենք չորս մարքեթինգային մատրիցներ և բացահայտել դրանց արդյունավետությունը սերվիսի մարքեթինգային հետազոտություններում: Արդյունքում պարզ է դարձել, որ մատրիցները ամենաարդյունավետ մեթոդներն են սերվիսային ձեռնարկությունների մարքեթինգային հետազոտությունների իրականացման համար և ունեն բազմաթիվ առավելություններ։ Դրանք հնարավորություն են տալիս մշակելու ձեռնարկատիրության շրջանառության բարձրացմանն ուղղված ռազմավարական համալիր միջոցառումներ, շուկայում ստեղծել իրավիճակ, որտեղ ընկերությունը պաշտպանված կլինի և ինքնուրույն կկարողանա շուկայում ազդել մրցակցային ուժերի վրա, կանխատեսել բիզնես գործունեության համար մրցակիցների վտանգի մակարդակը, ընկերության սեփականատերերի համար գնահատել իրենց հնարավորությունները՝ համեմատելով հիմնական մրցակիցների հետ, հեշտացնել մրցակցային առավելությունների և շուկայական հնարավորությունների բացահայտումը, որպեսզի ընկերությունները կարողանան մշակել կամ ստեղծել ապրանքներ, ծառայություններ և շուկայական ռազմավարություններ: