Հտ․ 10 No. 1 (28) (2019)

Հրատարակվել է: 2019-04-22

Articles

  • Articles

    Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների զարգացման առանձին հիմնախնդիրներ՝ սահմանադրական կայունության երաշխավորման համատեքստում

    Ա․ Մանասյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սահմանադրության զարգացման եղանակների արդյունավետ իրացումը ենթադրում է ոչ միայն դրա տեքստում փոփոխություններ կատարելու, այլ նաև մի շարք այլ եղանակներով, այդ թվում՝ Սահմանադրության պաշտոնական մեկնաբանությամբ Հիմնական օրենքի զարգացման հնարավորություն: Այդ հանգամանքն իր հերթին հիմք է տալիս եզրակացնելու, որ սահմանադրական կայունությունը ենթադրում է նաև նման մեկնաբանություն ընդգրկող ՍԴ իրավական դիրքորոշումների կայունություն: Հետևաբար հարց է առաջանում, թե կարող են արդյոք զարգանալ սահմանադրական մեկնաբանություն ընդգրկող ՍԴ իրավական դիրքորոշումները, և եթե այո՛, ապա ինչպես և ինչպիսի հաճախականությամբ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Կարծում ենք, որ օրենսդրական հիշյալ դրույթն ինքնին ենթադրում է, որ այն վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ, հետևաբար՝ ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում արտահայտված իրավական դիրքորոշումներին1: Ուստի հաջորդ հարցը, որն առաջանում է հիշյալ համատեքստում, այն է, թե արդյոք Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները պարտադիր են նաև հենց իր՝ Սահմանադրական դատարանի համար, և կարող է արդյոք վերջինս ժամանակի ընթացքում դրանք փոփոխել:

    Հղումներ
  • Articles

    Անձնական տվյալների պաշտպանությունը Բլոքչեյն տեխնոլոգիաներում

    Ն․ Շարաֆյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    2017-2018 թվականներին նորությունները պտտվում էին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում նորանոր ոլորտներ գրավող Բլոքչեյն տեխնոլոգիաների (այսուհետ նաև՝ Բլոքչեյն) շուրջ: Ծրագրային նոր լուծումների շնորհիվ դրանք նպաստեցին մի շարք ոլորտներում միջնորդների ինստիտուտի դերի նվազեցման: Դրանցից ամենանշանակալին և ամենաաղմկահարույցը, թերևս, կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիայի էքսպոնենտալ աճն էր, ինչը դուրս էր դրամավարկային շուկաների կարգավորողների՝ կենտրոնական կամ ազգային բանկերի վերահսկողության շրջանակներից: Չնայած այն հանգամանքին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս լուծումը հիմնականում զուգորդվեց կրիպտոարժույթների տատանողականության և դրանց իրավաչափության կամ կարգավորման անհնարինությանն առնչվող հարցերի հետ, Բլոքչեյն տեխնոլոգիաներով տրված լուծումները շատ ավելի բազմազան են, քան միայն արժութային շուկաների կարգավորումների շրջանցումն է: Սույն աշխատանքի նպատակն է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Բլոքչեյնի ներդրմամբ առաջացող իրավական խնդիրների, դրանց հնարավոր պատասխանների վերհանումը, վերլուծումը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նման իրավական խնդիրների ուսումնասիրությունը: Դրա համար, նախ, անհրաժեշտ է պարզաբանել հոդվածում օգտագործվող հասկացությունները: Բլոքչեյնը տվյալների բազայի պահպանման նոր համակարգ է, որը թույլ է տալիս անձանց, ովքեր միմյանց չեն ճանաչում և չեն վստահում, ստեղծել իրենցից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշակի տվյալների (օրինակ՝ իրավունքների կամ պարտավորությունների) ռեգիստր, որը ինքնին կապահովի դրա հավաստիությունը՝ առանց ռեեստրավարի կամ տվյալների արժանահավատությունը ստուգող երրորդ անձի1: Բլոքչեյնի կիրառության բնագավառներից է, օրինակ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ռեգիստրի ծրագրավորումը2:

    Հղումներ
  • Articles

    Չճանաչված պետության իրավունքի և պաշտոնական փաստաթղթերի ճանաչումը ու կիրառումը (միջազգային մասնավոր-իրավական հիմնախնդիրներ)

    Ա․ Հայկյանց
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    21-րդ դարը բնութագրող հիմնական գործընթացներից առանձնակի են երկուսը՝ գլոբալիզացիան և ինտեգրացիան: Գլոբալիզացիայի պայմաններում համաշխարհային հանրության «իմը և քոնը» ըմբռնումը իր տեղը աստիճանաբար զիջում է «մերը» գիտակցությանը: Դա պայմանավորված է մարդկության առջև ծառացող բնական և հումանիտար բնույթի հիմնախնդիրներով, որոնց լուծումը վեր է յուրաքանչյուր կոնկրետ պետության կամ ազգի հնարավորություններից, ուստիև այստեղ անհրաժեշտ է ջանքերի և հնարավորությունների համախմբում, իսկ ամենից առաջ՝ դրա անհրաժեշտության գիտակցում: Գլոբալիզացիան օգնության ձեռք է թույլ զարգացած ազգերին ու պետություններին՝ հետ չմնալու համաշխարհային քաղաքակրթության զարգացումներից: Նշանակում է՝ 21-րդ դարում մարդկության գերխնդիրը գլոբալիզացիայի ընձեռած հնարավորությունների օգտագործումն է հանուն համընդհանուր զարգացման: Այս գիտակցումն իր արտացոլումն է գտել մի շարք միջազգային-իրավական փաստաթղթերում: ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածում սահմանվում է, որ համաշխարհային հանրության միավորման հիմքում ընկած նպատակներից մեկն էլ «համագործակցելն է՝ տնտեսական, սոցիալական, մշակութային և մարդասիրական բնույթի միջազգային պրոբլեմները հաղթահարելու համար»: Ի զարգացումն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՄԱԿ-ի թիվ 3281 բանաձևով ընդունված «Պետությունների տնտեսական իրավունքների և պարտականությունների խարտիայում» սահմանվում է. «Միջազգային համագործակցությունը համարվում է բոլոր պետությունների միասնական նպատակն ու ընդհանուր պարտականությունը»1: Գլոբալիզացիայի գործընթացներից դուրս չէ նաև իրավունքի բնագավառը: Գլոբալացվող իրավունքի լավագույն օրինակ են այնպիսի ճյուղի ձևավորումը և զարգացումը, ինչպիսին է միջազգային մասնավոր իրավունքը:

    Հղումներ
  • Articles

    Հանրային իրավունքի իրավաբանական անձանց քաղաքացիաիրավական պատասխանատվությունը

    Ս․ Ամիրխանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (06.12.2015թ. փոփոխություններով) 180-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է՝ «Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է», իսկ 189- րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ հանրային իրավունքի իրավաբանական անձ է նաև միջհամայնքային միավորումը: Բնական է, որ հանրային իրավունքի իրավաբանական անձի կատեգորիան չի կարող սահմանափակվել միայն այդ անձանցով: ՀՀ օրենսդրության մեջ դրա ամրագրումը պետք է հանգեցնի նաև դրանց տեսակների առավել ամբողջական սահմանմանը, որպիսիք, ըստ մեզ, պետք է համարվեն պետությունը, մունիցիպալ կազմավորումները, ՀՀ կենտրոնական բանկը, հիմնարկները (պետության կամ համայնքի հիմնադրած), ոչ առևտրային կազմակերպությունները (պետական ոչ առևտրային կազմակերպություններ, պետական հիմնադրամներ, ինքնակարգավորվող կազմակերպություններ (մասնագիտական միություններ) և այլն): Այս կազմակերպությունները (բացառությամբ հիմնարկների) ՀՀ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ են և մասնակցում են քաղաքացիական շրջանառությանը ոչ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ (բացառությամբ համայնքի): Սակայն, հաշվի առնելով այն, որ շրջանառության մեջ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ՝ իրավաբանական անձանց վերաբերող գլխում փոփոխություններ կատարելու մասին հայեցակարգը1, որտեղ առաջարկվող փոփոխություներից է իրավաբանական անձանց՝ հանրայինի և մասնավորի դասակարգումը, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձել հանրային իրավունքի իրավաբանական անձանց՝ որպես նոր կատեգորիայի պատասխանատվության առանձնահատկությունները, քանի որ, ի տարբերություն մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց, նրանք ունեն մի շարք յուրահատկություններ:

    Հղումներ
  • Articles

    Փորձագետի եզրակացության ապացուցողական նշանակության առանձնահատկությունները քրեական դատավարությունում

    Վ․ Ենգիբարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Փորձագիտական գործունեության նպատակը վարույթն իրականացնող մարմնին որոշակի փաստական տվյալներով ապահովելն է, որոնք որոշակի պահանջների բավարարման դեպքում ճանաչվում են որպես ապացույցներ և դրվում գործով կայացվող այս կամ այն որոշման հիմքում: Այս տեսանկյունից փորձագիտական գործունեությունը սերտորեն կապված է ապացուցման գործընթացի, այն է՝ գործի oրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելու, uտուգելու և գնահատելու հետ, որն իրականացվում է հատուկ գիտելիքների կիրառմամբ՝ փորձագիտական եզրակացություն տալու միջոցով: Փորձագիտական հետազոտության ընթացքն ու արդյունքներն ամրագրվում են փորձագետի եզրակացության մեջ: Այս իմաստով հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով (այսուհետև՝ Նախագիծ) ապացույց է համարվում ոչ միայն փորձագետի եզրակացությունը, այլ նաև փորձագետի կարծիքը և փորձագետի ցուցմունքը (Նախագծի 86-րդ հոդված), ինչը կապված է փորձագետի՝ որպես քրեական դատավարության սուբյեկտի դատավարական վիճակի որոշակի փոփոխության հետ: Անշուշտ, գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետև՝ ՀՀ ՔԴՕ) իրավակարգավորումների պարագայում մասնագետի կարծիքը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը: Նշված հարցին անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետև՝ Վճռաբեկ դատարան), որը, մասնավորապես վերլուծելով ՀՀ ՔԴՕ-ի համապատասխան նորմերը, արձանագրել է. «Այսպիսով, փորձագետի եզրակացությունն իրենից ներկայացնում է գրավոր շարադրված հետևություններ, որտեղ փորձագետը հատուկ գիտելիքների կիրառմամբ կատարված հետազոտությունների հիման վրա պատասխանում է վարույթն իրականացնող մարմնի առաջադրած հարցերին:

    Հղումներ
  • Articles

    Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելը որպես հեռակա (մեղադրյալի բացակայությամբ) կալանավորման այլընտրանք ՀՀ քրեական դատավարությունում

    Ս․ Մարաբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես այնպիսի ընթացակարգին համապատասխան, որը պաշտպանում է նրան կամայականությունից և անօրինականությունից: Քրեական դատավարության զարգացման ընթացքում նման ընթացակարգի հիմք է ծառայել habeas corpus (լատ. «Թեկուզ դու ունես մարմին») ինստիտուտը: Պատմականորեն habeas corpus ընթացակարգն անձին ազատությունից զրկելու նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգ է, որը յուրաքանչյուր անձի երաշխավորում է դատարանի առաջ կանգնելու և լսված լինելու իրավունքը, որպեսզի դատարանը ստուգի ազատությունից զրկելու օրինականությունն ու հիմնավորվածությունը: Հենց habeas corpus-ի սկզբունքների վրա է կառուցված, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասի այն պահանջը, որ եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի1 հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

    Հղումներ
  • Articles

    Քննման՝ որպես քննչական գործողության դատավարական և տակտիկական հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում

    Ա․ Չախոյան, Ա․ Մարտիրոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Քրեական գործով ճշմարտության բացահայտմանն ուղղված քննչական գործողություններից է քննումը, որն իրականացվում է մարդու մարմնի վրա հատուկ նշաններ, հանցագործության հետքեր և մարմնական վնասվածքներ հայտնաբերելու համար: Քրեական դատավարության օրենսդրության մեջ վերջին տարիներին կատարվեցին բազմաթիվ փոփոխություններ, որոնք ուղղված են նախաքննության արդյունավետության բարձրացմանը, սակայն քննումը կարգավորող նորմում որևէ էական փոփոխություն չկատարվեց, թեև պետք է խոստովանել, որ քննության կազմակերպման և իրականացման առումով՝ առկա են օրենսդրական լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ: Մասնագիտական գրականության մեջ քննման իրավական բնույթի վերաբերյալ արտահայտվել են տարբեր կարծիքներ: Այսպես, հեղինակների մի մասի կարծիքով՝ քննումը զննության տարատեսակ է, որն ունի յուրահատուկ օբյեկտ, այն է՝ կենդանի մարդու մարմինը1: Հեղինակների երկրորդ խումբը քննումը փորձաքննության տարատեսակ է համարում2: Երրորդ խմբի կարծիքով՝ քննումը ինքնուրույն քննչական գործողություն է3: Անկախ տեսական գրականության մեջ տեղ գտած տարբեր մոտեցումներից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում քննումը դիտվում է որպես ինքնուրույն քննչական գործողություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 220 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քննիչն իրավունք ունի կատարել կասկածյալի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի քննում՝ նրանց մարմնի վրա հանցագործության հետքերի կամ հատուկ նշանների առկայություն հայտնաբերելու համար, եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն»:

    Հղումներ