Banber Erevani hamalsarani. Iravagitut'yun.
| E - ISSN | : | 2738-2605 |
| P - ISSN | : | 1829-4561 |
X-XIV դարերը Հայաստանի քաղաքական պատմության տեսանկյունից բուռն ու անհանգիստ էին։ Պատմաշրջանը սկսվում է Բագրատունյաց թագավորությամբ, որին հաջորդում են բյուզանդական կարճատև նվաճումը, սելջուկյան մոտ մեկդարյա տիրապետությունը, Զաքարյանների իշխանության գալը և ավարտվում է մոնղոլական նվաճումով ու տիրապետությամբ։ Քաղաքական անկայունությունը և ավատատիրական մասնատվածությունն իրենց բացասական ազդեցությունն էին թողնում նաև հայ իրավական մշակույթի վրա, մշակույթ, որի զարգացման արտաքին գործոնն անկախ պետականությունն էր, իսկ ներքինը` երկրի սոցիալ-տնտեսական կյանքը։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում խաղաղության և անկախության ամեն մի կարճատև ժամանակաշրջանում Հայաստանի իրավական կյանքն արձակում էր նոր ծիլեր` ի դեմս գրավոր աղբյուրների։ Այս շրջանի Հայաստանի իրավական համակարգը հիմնական գծերով՝ միջնադարյան, ավատատիրական, կրոնականացված էր։ Դրանում առաջնային իրավական ձևեր էին սովորույթը, աշխարհիկ օրենքները և կանոնական իրավունքը։
Հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման մակարդակների ներկա բարդությունների և դրանց տարբերակման պայմաններում առավել արդիական է դառնում համակարգային մոտեցումը՝ որպես գիտական հետազոտությունների իրականացման հիմնական մեթոդներից մեկը: Սույն հոդվածում հետազոտվում են համակարգային մոտեցման գեներացման նախապայմանները և իրավափիլիսոփայական հիմքերը, ինչպես նաև իրավական երևույթների ուսումնասիրման ընթացքում տվյալ մեթոդի կիրառման հեռանկարները:
Իրավունքը քաղաքացիական հասարակության ինտեգրման գործոն է, իսկ դրա անդամները նախևառաջ պետք է լինեն իրավական էակներ: Քաղաքացիական հասարա- 27 կության անդամների մյուս հատկանիշները (մասնագիտություն, ազգություն և այլն) ներհատուկ չեն: Ժամանակակից հայկական և հետխորհրդային մյուս հասարակությունների հիմնական խնդիրն օրինականության ու իրավակարգի ճգնաժամն է, որի պատճառներից է բնակչությանը բնորոշ իրավագիտակցության և իրավական մշակույթի ցածր մակարդակը: Իրավական նիհիլիզմը հաղթահարելու հիմնական մեթոդներից մեկը իրավական դաստիարակություն ու կրթության քաղաքացիական և պետական համակարգ ներդնելն է: Այս ակնհայտ դրույթները պետք է կիրառվեն ինչպես կրթական հաստատությունների ստեղծման և գործունեության, այնպես էլ դրանց ներքին իրավական կարգավորման կառուցակարգերում: Ուստի կրթական հաստատությունների գլխավոր նպատակը պետք է լինի իրավական մշակույթով օժտված անձի ձևավորումը, իսկ այդ նպատակին հասնելու միջոցը՝ ընդհանուր իրավական դաստիարակության և կրթության համակարգի ներմուծումը:
Երիտասարդ հանցագործների հոգեբանական առանձնահատկությունները բացահայտելու համար կարևոր է ուսումնասիրել հանցագործ և օրինապաշտ երիտասարդներին բնորոշ ընդհանուր և տարբերիչ գծերը։ Ընդհանրապես, երիտասարդությունն անձի համար անցումային շրջան է, որը բնութագրվում է իր հակասականությամբ և անհանդուրժողականությամբ1 ։ Երիտասարդ տարիքում ամրապնդվում և կայունանում են անձի արժեքային կողմնորոշումները։ Երիտասարդի մեջ ձևավորվում է պահանջմունքների, բարոյաիրավական հայացքների, աշխարհընկալման մի համակարգ, որն առավել հաստատուն է և կարծրացած։ Արդեն ձևավորված արժեքային համակարգը ազդում է երիտասարդի վարքագծի վրա ինչպես առօրյա գործունեության ընթացքում, այնպես էլ բարդ իրադրություններում։ Փաստորեն, անհատի արժեքային կողմնորոշիչները ուղղորդում են նրա գործունեությունը սոցիալական միջավայրում, նպաստում են նրա առավել ընդունելի և օգտակար վարքագծի ընտրությանը2 ։
Հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ու պատժի արդյունավետության հարցերը մշտապես գտնվել են ինչպես իրավաբան-գիտնականների, այնպես էլ իրավակիրառ գործունեություն իրականացնող մասնագետների ուշադրության կենտրոնում: Այս առումով առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում անչափահասների կատարած հանցագործություններին պետության արձագանքի և դրանց համար կիրառվող պատիժների հիմնախնդիրը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 24-ի 1-ին մասի ձևակերպումից հետևում է, որ անչափահաս է համարվում տասնութ տարին չլրացած անձը, իսկ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հոդված 1-ը սահմանում է. «… երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ,…»: Ենթադրվում է, որ անչափահասների կողմից կատարված հանցագործություններին արձագանքելիս պետությունը պետք է առավել մեղմ մոտեցում դրսևորի՝ հաշվի առնելով երեխայի հոգեբանական առանձնահատկությունները: Մասնավորապես, բազմաթիվ հոգեբանական հետազոտություններ1 վկայում են, որ, ի տարբերություն չափահասների, հանցավոր վարքագիծ դրսևորած անչափահասների կողմից իրենց վարքագծի հետևանքները լիարժեքորեն ընկալելու, արտաքին ազդեցությանը դիմագրավելու, ինչպես նաև ինքնուրույն որոշում կայացնելու ունակությունները սահմանափակ են: Բացի դրանից, անչափահասներն առավել զգայուն են կիրառվող պատժատեսակների բովանդակությունը կազմող սահմանափակումների ու զրկանքների նկատմամբ:
Հափշտակությունները ճիշտ որակելու անհրաժեշտ նախադրյալներից մեկը սեփականության քրեաիրավական պաշտպանության շրջանակների հստակեցումն է, ինչը պետք է կատարվի քրեական իրավունքի պաշտպանիչ գործառույթի տեսանկյունից: Այդ առումով որոշակի հետաքրքրություն է ներկայացնում «գողը գողից գողացավ» իրավիճակում անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու հարցը: Ընդհանուր ձևակերպմամբ հարցը հետևյալն է. արդյո՞ք ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հափշտակությունը1 կարելի է համարել սեփականության դեմ ուղղված հանցագործություն: Մեր կարծիքով, այդ հարցն անհրաժեշտ է քննարկել երկու տեսանկյունից՝ 1. երբ հափշտակվող գույքը սեփականատիրոջ տիրապետումից դուրս է եկել վերջինիս կամքից անկախ (հափշտակվել կամ շորթվել է), 2. երբ սեփականատերն ինքն է իր գույքը դրել հանցավոր շրջանառության մեջ (տվել է որպես կաշառք, գույքը որպես հատուցում օտարել է այլ հանցավոր «գործարքների» ժամանակ, օրինակ՝ այդ գույքով ապօրինաբար ձեռք է բերել թմրամիջոց, վճարել է վարձու մարդասպանին և այլն):
ՀՀ-ում քաղաքացիական շրջանառության մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների լիարժեք ու համակողմանի պաշտպանության մասին կարելի է խոսել միայն դատական համակարգի արդյունավետ գործարկման պարագայում, ինչը պետք է ինստիտուցիոնալ և գործառութային մակարդակներով ներառի եռաստիճան դատական համակարգը կազմող ատյաններից յուրաքանչյուրի գործունեության նպատակայնությունն ու խնդիրների իրացվելիությունը։ ՀՀ Սահմանադրության (փոփոխություններով) 163, 171 և 172 հոդվածներով ոչ միայն սահմանվեց հայրենական դատական համակարգի աստիճանակարգությունը, այլև գործառութային առումով հստակ սահմանազատում մտցվեց յուրաքանչյուր դատական ատյանի գործունեության սահմանադրաիրավական հիմքերի, նպատակների և խնդիրների միջև։ Ընդ որում, այս առումով առանձնացվեցին դատական վերանայման գործառույթ իրականացնող երկու՝ վերաքննիչ և վճռաբեկ ատյաններ, որոնց գործունեությունը նպատակային և խնդրային առումով էականորեն տարբերվում է միմյանցից։ Եթե վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող հիմնական ատյանն է, ապա, սահմանդրական արդարադատության ոլորտից բացի, բարձրագույն դատական ատյան համարվող Վճռաբեկ դատարանի գործունեությունն ուղղված է՝ 1) օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովմանը և 2) մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելուն։