Banber Erevani hamalsarani. Banasirut'yun.
| E - ISSN | : | 2738-2575 |
| P - ISSN | : | 1829-457X |
Հոդվածում փորձ է արվում բացատրել, մեկնաբանել Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ կարմիր աշխարհը» արտահայտությունը որպես խորհրդանիշ։ Ներկայացնել հեղինակի գրականության մեջ կենդանացած այն «Հովիտ - աշխարհը», որ մի ամբողջական արարչական ստեղծագործություն է, բնությունը՝ արև ու երկինք, հող ու ջուր, ծառ ու ծաղիկ, ասուն ու ոչ ասուն կենդանական գոյություններ, ձայներ, բույրեր ու թույրեր, փոխադարձ կապերով մեկ միասնական աշխարհ տեսնելու մաթևոսյանական աշխարհահայեցությունը՝որպես գրողի փիլիսոփայական, բնութենապաշտական ըմբռնումների դրսևորում։ Ցույց տալ հատկապես անկենդան ու ոչ ասուն գոյություններին «հոգեվորելու», նրանց «մտածումները», շարունակվելու կերպը ներկայացնելու և այդ ամենը տեսանելի, լսելի ու զգայելի դարձնելու մաթևոսյանական կերպն ու սկզբունքը՝ «գրել ոչ թե ծառի մասին, այլ ծառի միջից, ոչ թե ձիու մասին, այլ ձիու ներսից»։
Հոդվածում առաջին անգամ հեղինակի հավաքած բազմազան նյութի հիման վրա քննության են առնվում ամերիկյան երկու սերնդակից գրողների՝ Սարոյանի և Վուլֆի, որոնց երկերը տեղ են գտել XX դարի գրականության դասականների ֆոնդում, ստեղծագործական (առնչակցային և տիպաբանական) կապերը: Զուգահեռներ են տարվում նրանց ստեղծագործական մտածողության և սկզբունքների միջև, մեջբերումներ անելով գեղարվեստական, նամակագրական և այլ տեքստերից, ինչպես նաև ներկայացվում են 1930-ական թթ. ամերիկյան գրաքննադատության կարծիքները նշված ժամանակաշրջանում ուշադրության կենտրոնում գտնվող այդ երկու գրողների մասին: Առանձնահատուկ տեղ է տրվում Սարոյանի վաղ շրջանի պատմվածքներից մեկի և Վուլֆի «Տունդարձ չկա» (1940) վեպում «հայկական» կոլորիտով տեսարանի համեմատությանը:
Հոդվածը նվիրված է համաշխարհային գրականության նշանավոր հուշարձաններից մեկի՝ Ֆաուստի մասին միջնադարի գերմանական լեգենդի և դրա շուրջ ստեղծված գրական տարաբնույթ երկերի քննությանը: Հրապարակման օրվանից առ այսօր ֆաուստի կերպարը չի դադարում մնալ գրական և գիտական հանրության ուշադրության կենտրոնում: Լեգենդի տեքստի հիման վրա դարերի ընթացքում ստեղծվում են գրական մշակումների, մեկնաբանությունների, նմանակումների և վերարտադրությունների հարուստ գրականություն: Դարաշրջանից դարաշրջան Ֆաուստի կերպարը մաքրվում է իր միջնադարյան խանձարուրից, ստանում նորանոր իմաստային գծեր, ինչ-որ չափով անգամ վերադառնում իր նախնական միֆականությանը:
Մեր կողմից ուսումնասիրության նյութ դարձած ձեռնարկները ունեն տասնամյակների պատմություն: Այդ ընթացքում արևելահայերենի ձևաբանության նորմերը կրել են որոշակի փոփոխություններ, որոնք բնականաբար չէին կարող արձանագրվել հիշյալ դասագրքերում։ Այդ իսկ պատճառով որոշ հակասություններ են առաջանում նշված ձեռնարկներում ներկայացվող լեզվական նորմի և գործածվող արդի գրական հայերենի իրողություններում։ Հոդվածում քննարկվում են այն անհամապատասխանությունները, որոնք գոյություն ունեն արդի արևելահայերենի ձևաբանական-գոյականական նորմի և վերը նշված բուհական ձեռնարկներում ներկայացվող կանոնների միջև։ Խնդիր է դրվում այս և այլ նորմատիվ քերականության դասագրքերում դրանք դիտարկել արդի գրական արևելահայերենի գործող նորմերի տեսանկյունից։
Սույն հոդվածում քննարկվում է հնդեվրոպական լեզուներում, մասնավորապես հին հայերենում և կելտերենում շարահյուսական վիճահարույց զուգաբանությունների հարցը, որին իր ուսումնասիրություններում առանձին անդրադարձել է Գ. Ջահուկյանը: Ներգրավելով համապատասխան լեզվական փաստեր, ինչպես նաև ուսումնասիրության ժամանակակից մեթոդներ, հեղինակը հիմնավորում է VSO շարադասական կաղապարի առավել հնատիպ բնույթի վերաբերյալ Գ. Ջահուկյանի տեսակետը:
Հոդվածում անդրադարձ է արվում մարզական ոլորտի ամենից տարածված ուղղություններից մեկին` ֆիթնեսին՝ որպես հայերենի բառապաշարի հարստացման աղբյուրի: Ֆիթնեսային բառապաշարի համալրման հիմնական աղբյուրը փոխառությունն է:
«Հագուստ» իմաստաթեմատիկ խմբի հոմանիշ բառերը լեզվի մեջ առաջ են գալիս զանազան ճանապարհներով. հոմանշային շարքեր կարող են կազմվել գրական լեզվի երկու տարբերակներից, բարբառներից, գրաբարյան և միջինհայերենյան բառերից, նորակազմություններից և այլն: Այս հոմանիշները դասակարգվում և խմբավորվում են տարբեր չափանիշներով: Դրանց մեջ ամենաէականը իմաստաբանական չափանիշն է, որով որոշվում է այդ բառերի իմաստային նույնության կամ ընդհանրության, ինչպես և տարբերության աստիճանը: Հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործածվում են այդ հոմանիշները` տարբերակում ենք «հագուստ» հասկացություն նշող հոմանիշների երկու խումբ` համաժամանակյա և տարժամանակյա: Հոմանշային շարքերի անդամները պատկանում են տարբեր խոսքի մասերի և ունեն բառակազմական տարբեր կաղապարներ, իսկ քանակական տեսակետից երկանդամ են և բազմանդամ:
«Հագուստ» իմաստային դաշտի հոմանիշների դերը չափազանց մեծ է լեզվի բառապաշարի, ոճական միջոցների հարստացման և խոսքի մշակույթի զարգացման գործընթացում:
Ժամանակը և վերջինիս մասին պատկերացումները կարող են տարբեր կերպ դրսևորվել մարդու կյանքում: Ժամանակի այդպիսի դրսևորումներից է մարդու կյանքի տևողությունը՝ տարիքը։ Յուրաքանչյուր ազգամշակույթում գոյություն ունի տարիքային խմբերի ավանդական դասակարգում, որը կարող է տարբերվել մյուս երկրներում առկա տարիքային դասակարգումներից: Հոդվածում ներկայացված է անգլերեն և հայերեն լեզուների տարիքային միավորների դասակարգումը՝ ` նշված լեզվամշակույթների ընդհանուր տարիքային սանդղակներին համապատասխան: