About the Journal

«Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն» հանդեսը լույս է տեսնում 2010 թվականից:  Ժառանգորդն է «Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսի (1967-2009): Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում:

«Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն» հանդեսի խմբագրական խորհուրդը ողջունում է փիլիսոփայական և հոգեբանական, ինչպես նաև միջառարկայական արդիական հիմնախնդիրներով զբաղվող հեղինակներին և նրանցից ակնկալում է տեսական ու կիրառական հնչեղություն ունեցող վերլուծական հոդվածներ՝ չսահմանափակելով հեղինակների մասնագիտական հետաքրքրությունների շրջանակները: Հանդեսի թեմատիկ ոլորտներից են հայ և համաշխարհային փիլիսոփայության պատմության, տեսության, տրամաբանության, մարդաբանության, բարոյագիտության և գեղագիտության, ինչպես նաև հոգեբանության պատմության և տեսության, անձի հոգեբանության և կլինիկական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրները, փիլիսոփայական ու հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանությունն ու մեթոդիկան: Մենք նաև ողջունում ենք սոցիալ-տնտեսական, քաղաքական, սոցիոմշակութային, հոգեբանական, ինչպես նաև ազգային ինքնության և հոգեկերտվածքի պրոբլեմներին առնչվող հետազոտական այն ​​հոդվածները, որոնք կարտացոլեն արդի հասարակությունների առջև ծառացած մարտահրավերների փիլիսոփայական ու հոգեբանական տեսանկյուններն ու դրանց լուծման հնարավոր եղանակները:

Մեր խմբագրական խորհուրդը ձգտում է ընդլայնել հեղինակների շրջանակը՝ հրավիրելով հետազոտողներ աշխարհի տարբեր բուհերից և ընդունելով անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հոդվածներ: