ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՎԱ ՄԱՐԶՈՒՄ

Authors

  • Ռուբեն Ս․ Մովսեսյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան
  • Սամուել Ա․ Նահապետյան "Գեոինֆո" ՍՊԸ, Հայաստան
  • Վահան Մ․ Մանուկյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.077

Keywords:

ore-controlling structures, ore fields, deposits, structural positions, forecast, prospects

Abstract

Հանքայնացման տեղայնացման համար բարենպաստ տարածքների բացահայտումը նոր հանքային դաշտերի և հանքավայրերի հայտնաբերման ճանապարհն է: Շատ դեպքերում ոչ բոլոր հանքվերահսկող կառույցներն են լինում բացահայտված և հաճախ շատ կարևոր տարրեր թաքնված են մնում, ինչի հետ կապված, տարբեր մասշտաբի հանքային տաքսոնների դիրքը ճիշտ չի մեկնաբանվում։ Վերջինս չի նպաստում համանման պայմանների, և համա-պատասխանաբար նոր հանքային կուտակների բացահայտմանը։ Թույլ արտահայտված լինիամենտների և օղակաձև կառույցների բացահայտումը, որոնք ոչ հաճախ ունեն առաջնային դեր, հանքավայրի կառուցվածքային ամբողջական պատկերը բացահայտելու համար ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։ Կատարված ուսումնասիրությունները թույլ են տվել բացահայտել կրիպտոկառույցները, ըստ երկրաբանակառուցվածքային դիրքի խմբավորել հանքային դաշտերը։ Արդյունքում պարզվել է, որ մարզի արդյունաբերական հանքավայրերը տեղակայված են երեք տիպային պայմաններում. օղակաձև և աղեղնաձև կառույցներում, խոշոր խզվածքների զոնաներում և օղակաձև կառույցներից ու խոշոր խզվածքների զոնաներից դուրս, որոնք հարում են տեղային խզվածքներին (երկրորդ–երրորդ կարգի)։ Հանքավայրերի մեծ մասը տեղակայված է առաջին երկրաբանակառուցվածքային տիպում։ Այս տիպային խմբին է պատկանում Թեղուտի պղինձ-պորֆիրային խոշոր հանքավայրը, մնացածը ունեն միջին մասշտաբ և պատկանում են պղինձկոլչեդանային (Շամլուղ և Ալավերդի), բազմամետաղ կոլչեդանային (Ախթալա) և ոսկի-բազմամետաղային (Արմանիս) ֆորմացիոն տիպերին։ Յուրաքանչյուր օղակաձև կառույցում տեղակայված է մեկ արդյունաբերական օբյեկտ։ Մարցիգետ-Լալվարի խոշոր խզվացքի զոնային հարում է միակ Մարցիգետի հանքային դաշտը, որտեղ բացահայտված են երեք ոչ մեծ չափսի տեղամասեր, որտեղ գումարային առումով կենտրոնացված են ոսկի-բազմամետաղային հանքաքարերի փոքր պաշարներ։ Տեղային խզվածքներին հարում են կոլչեդանային տիպի փոքր հանքավայրեր՝ Հագվի, Արջուտ և Մղարթ, որտեղ հիմնական արժեքը կապված է ոսկու պաշարների հետ։ Արդյունաբերական հանքային կուտակումների տեղաբաշխման բացահայտված օրինաչափությունը թույլ է տվել եզրագծելու նոր մակերեսներ, որոնք բարենպաստ են մարզի պրոֆիլային հանքային ֆորմացիաների նոր օբյեկտների հայտնաբերման համար։ Դրանք բոլորը գտնվում են մարզի հարավային հատվածում։ Դրանք օղակաձև կառույցներ են տեղակայված Պուշկինո-Աջարկուտի խզվածքի գոտում։ Տրված է սպասվող հանքային կուտակումների քանակական գնահատականը։ Ձեռք բերված տեղեկատվության կիրառումը պետք է դրական ազդի երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունավետության վրա։

Published

2023-12-25

How to Cite

Մովսեսյան Ռ. Ս., Նահապետյան Ս. Ա., & Մանուկյան Վ. Մ. (2023). ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՎԱ ՄԱՐԶՈՒՄ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 57(3 (261), 77–89. https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.077

Issue

Section

Երկաբանություն