| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հայկական բարձրավանդակը բնութագրվում է ուժեղ սեյսմաակտիվ գոտիների առկայությամբ, որոնց ակտիվությունը ձևավորում է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը: Մասնավորապես, 23.10.2011 թ․ Վանի երկրաշարժն (M=7,2) ուժեղ սեյսմիկ ցնցումներ առաջացրեց Երևանում (J=5–6 բալ): Այս տեսանկյունից, որոշակի հետաքրքրություն է ներկայացնում սեյսմագեոդինամիկական իրավիճակի վերլուծությունն այդ երկրաշարժի նախապատրաստման ժամանակահատվածում: Վերլուծության այս փուլը նվիրված է (φ°Ν 38,0–42,0; λ°Ε 42,0–48,0) շրջանի M≥4,0 սեյսմիկության ուսումնասիրությանը 2000–2011 թթ. ժամանակահատվածում: M≥4,0 մագնիտուդով երկրաշարժերի տարածաժամանակային բաշխվածության վերլուծությունը հնարավորություն է տալիս առանձնացնել էպիկենտրոնների ժամանա-կագրական շղթայական շարքը՝ կապված Վանի օջախային գոտու սեյսմագեոդինամիկայի հետ: Մասնավորապես, հետաքրքրություն են ներկայացնում՝ 2001–2003 թթ. և 2011թ. ժամանակային փուլերը, որոնք հաստատում են ուսումնասիրվող շրջանի հարավարևմտյան (Վանի) և հյուսիսարևելյան (Զաքաթալայի) օջախային գոտիների միջև որոշակի փոխկապվածությունը:
Աշխատանքում տեսականորեն հաշվարկված և համադրված են ուժեղ երկրաշարժերի և հրաբուխների հետևանքով օջախային զոնայի ապարների առաձգական հատկությունների և ծանրության ուժի հնարավոր փոփոխությունները, որոնք համընկնում են համանման պրոցեսների հետևանքով առաջացած վարիացիաների հետ:
Առաջին անգամ կազմվել է Հնա-Ուրմիայի սխեման. լիճ, որը գոյություն ուներ ուշ Պլիոցենում-Պլեյստոցենում և 1570 մ ջրի մակարդակի բարձրության ժամանակ Պլեյստոցենում կապ ուներ Կասպից ծովի ավազանի հետ: Լճի մակարդակի տատանումներն անցյալում և մինչև XX դարի 90-կան թթ․-ները կապված էին հիմնականում բնական գործոնի հետ (տեկտոնիկա, կլիմայի փոփոխություններ), իսկ նրա աղետային չորացումը սկսած 1998 թ․-ից, պայմանավորված է մեծ մասամբ մարդու կողմից լճի ջրհավաք ավազանի ջրային ռեսուրսների անխնա օգտագործման հետ:
Աշխատանքում վերլուծվել և գնահատվել է Արարատյան դաշտի և նախալեռնային գոտու ագրոկլիմայական ռեսուրսների տարածական բաշխման օրինաչափությունները, բազմամյա ընթացքը և փոփոխության միտումները, առաջարկվել է դրանց փոփոխության հետևանքների կարգավորման ուղիներ:
ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթ խնդիրներից մեկը տարածքային համաչափ զարգացումն է: Ռազմավարական նշանակության այդ խնդրի լուծումը կախված է նաև ՀՀ բնակչության տեղաբաշխման և վերաբաշխման մեջ տեղի ունեցող փոփոխություններից, առկա միտումների բացահայտումից և ստեղծված իրավիճակից: Հոդվածում տրված է վերջին երեք տասնամյակում տեղի ունեցած շարժընթացի հետևանքով ՀՀ բնակչության տեղաբաշխման և վերաբաշխման մեջ տեղի ունեցած փոփոխությունների տարածաշրջանային տարբերությունները, դրանցով պայմանավորված՝ տարածքային անհամաչափ զարգացման հիմնախնդիրների սրումը և մատնանշված են վերջինիս լուծման ուղիները:
Հոդվածի նպատակն է վերլուծել Քասախ գետի ավազանի զբոսաշրջային ռեկրեացիոն ռեսուրսների հնարավորությունները: Խնդիր է դրված գնահատել գետի ավազանում գտնվող բնական, պատմամշակութային արժեքները: Հետազոտվել և գմահատվել է ավազանում տեղակայված բնական և պատմամշակութային արժեքների ու սպասարկման ենթակառուցվածքների նշանակությունը: Կարևորվել է գետի ավազանում բնակվող ազգային փոքրամասնության դերը զբոսաշրջության առումով:
Հոդվածում համեմատություն է կատարվում «զբոսաշրջային դեստինացիա» հասկացության մեկնաբանություններից բխող ընկալումների միջև։ Զբոսաշրջային դեստինացիան ներկայացվում է որպես զբոսաշրջության զարգացման առանցքային բաղադրիչ, որպես այդ զարգացումն ամփոփող, համակարգող, կրող և արտահայտող տարածական համակարգ։ Զբոսաշրջային դեստինացիան դիտարկվում է որպես այնպիսի տարածական հիմք, որն ինքն իրենով համարվում է զբոսաշրջային ռեսուրս և իր մեջ պարունակում է զբոսաշրջային ռեսուրսներ։ Այս համատեքստում, հոդվածում տեսականացվում է զբոսաշրջային դեստինացիայի աշխարհագրական հիմքերը և հիմնավորվում են դրա պրակտիկ նշանակության/դրսևորումների իմաստավորման բաղադրիչները։ Հոդվածում տրվում են հետևյալ հարցերի պատասխանները՝ արդյո՞ք զբոսաշրջային դեստինացիան աշխարհագրական տարածության տարատեսակ է և ինչպիսի՞ տարատեսակ է։
Հոդվածում առաջարկված են զբոսաշրջության համաչափ տարածքային զարգացման քաղաքականության՝ որպես ռեգիոնալ քաղաքականության առանձին ուղղության ընդհանուր տեսական դրույթները (օբյեկտներ, սուբյեկտներ, նպատակներ, մեթոդաբանություն, անհրաժեշտության հիմնավորում և այլն)։ Վերը նշված դրույթները տեղայնացվել են ՀՀ օրինակով՝ հիմնավորելով ՀՀ-ում զբոսաշրջության համաչափ տարածքային զարգացման պետական քաղաքականության արդի անհրաժեշտությունը։
Աշխատանքում վերլուծվել և գնահատվել է փոքր բիզնեսի կարևորությունը սերվիսի զարգացման և բարելավման գործում: Խնդիրը քննարկվել է հասարակական կյանքի զարգացման հետևանքով մարդկանց նոր պահանջմունքների առաջացման և դրանց բավարարման համար սերվիսի նոր տեսակների ստեղծման համատեքստում: Ըստ որում սերվիսի նոր տեսակների ստեղծման և կիրառման գործընթացներում մեծ կարողություններ ունեն փոքր ձեռնարկությունները: Խնդիրն այդ կարողությունների բացահայտումն է և գիտական հիմնավորումը: