Banber Erevani hamalsarani. Iravagitut'yun.
| E - ISSN | : | 2738-2605 |
| P - ISSN | : | 1829-4561 |
2015 թ. սահմանադրական փոփոխությունների կարևորագույն ուղղություններից է անցումը կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականի։ Այդպիսի անցման տեսական հիմք դարձան ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ»-ում (այսուհետ` նաև Հայեցակարգ) զետեղված դրույթները կիսանախագահական կառավարման ձևի «անհաղթահարելի» թերությունների և խորհրդարանական կառավարման ձևի առավելությունների մասին1: Պետք է արձանագրել, որ այլ հեղինակներ ևս առավելություն են տալիս խորհրդարանական կառավարման ձևին՝ համարելով այն պետական իշխանության ավելի կատարյալ տիպ, քան նախագահականը և կիսանախագահականը։ Այս դրույթը հիմնավորելու համար նշում են խորհրդարանական կառավարման ձևի մի շարք առավելություններ և արձանագրում կառավարման այլ ձևերում այդ հատկանիշների բացակայության հանգամանքը։ Հաճախ նաև հղում են կատարում Արևմտյան Եվրոպայի խորհրդարանական դրական փորձին և Լատինական Ամերիկայի պետությունների անհաջող նախագահական փորձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի1 կիրառման հարուստ փորձը ցույց է տալիս, որ խախտված քաղաքացիական իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործող դատավարական կառուցակարգերը դեռևս ծանրաշարժ են, ժամանակատար ու ծախսատար, երբեմն էլ՝ թերի, ինչը հարուցում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների դժգոհությունը, բացասաբար է անդրադառնում դատարանների ծանրաբեռնվածության և դատական իշխանության հեղինակության վրա, կասկածի տակ է դնում արդարադատության արդյունավետությունն ու որակը։ Աշխարհի շատ երկրներ, բախվելով քաղաքացիական գործերի ծավալների կայուն դինամիկ աճի և որպես հետևանք նաև՝ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին, մշակել և ներդրել են դատավարական տարաբնույթ կառուցակարգեր, որոնք թույլ են տալիս կրճատել գործերի քննության տևողությունը, խնայել դատական համակարգի ռեսուրսները և նվազեցնել դատարանների բեռնվածությունը2: «Ավանդական» վարույթի հետ մեկտեղ` պարզեցված և արագացված դատավարական ձևեր ներդնելու միտումը նկատվում է ոչ միայն ազգային մակարդակներում: Միջազգային կազմակերպությունները և անդրազգային կազմավորումները մշակել և ընդունել են մի շարք ակտեր, որոնք ևս հետապնդում են նշված նպատակը: Դրանցից հարկ է հատկապես նշել Ամերիկյան իրավունքի ինստիտուտի (ԱԻԻ) կողմից 2004 թվականի մայիսին և Մասնավոր իրավունքի միասնականացման միջազգային ինստիտուտի (ՄԻՄՄԻ) կողմից 2004 թվականի ապրիլին ընդունված «Անդրազգային քաղաքացիական դատավարության սկզբունքները»3:
Քաղաքացիական շրջանառության մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի լիարժեք դատական պաշտպանությունն առաջին հերթին պայմանավորված է դատական իշխանության՝ որպես արդարադատության իրականացման ինստիտուցիոնալգործառութային համակարգի, ինչպես նաև դատավորի՝ որպես դատական իշխանության անմիջական և միակ կրողի1, համապատասխանաբար՝ արդարադատություն իրականացնելու իրավասությամբ օժտված անձի2 գործունեության արդյունավետությամբ։ Ընդ որում, դատական իշխանության լիարժեք և արդյունավետ գործառությունը եթադրում է ՀՀ իրավական համակարգում կազմակերպաիրավական այնպիսի երաշխիքների ամրագրում, որոնք առավելագույնս ուղղված կլինեն դատարանների և դատավորների սահմանադրաիրավական կարգավիճակից բխող խնդիրների իրացմանը, որպիսի պայմաններում կապահովվեն արդարադատության իրականացման հիմնական որակական հատկանիշները, դատական համակարգի անկախությունը, այդ թվում՝ դատավորի սոցիալ-իրավական պաշտպանվածությունը։ Այս հիմնադրույթների կենսագործումն ապահովող իրական և անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների բացակայությունը դատարանի անկախության սկզբունքը կվերածի ձևական իրողության, և այդպես էլ այն կյանքի չի կոչվի։
Բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) արժեթղթերի փոխարկումը հիմնականում դասվում է բաժնետոմսերի տեղաբաշխման ձևերի շարքին։ Սակայն որոշ դեպքերում արժեթղթերի փոխարկումը որպես գործիք է օգտագործվում նաև վերակազմակերպվող ընկերության արժեթղթերը նոր ստեղծվող կամ արդեն իսկ գոյություն ունեցող ընկերության բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկելիս, ինչպես նաև Ընկերության երկու կամ ավելի բաժնետոմսերը նույն տեսակի (դասի) մեկ նոր բաժնետոմսի (այսուհետ՝ բաժնետոմսերի կոնսոլիդացիա կամ համախմբում) կամ նույն տեսակի (դասի) երկու կամ ավելի բաժնետոմսերի (այսուհետ՝ բաժնետոմսերի բաժանում) փոխարկելիս։ Բաժնետոմսերի հետգնման հանգեցնող բանաձևով արժեթղթերի կոնսոլիդացիայի իրականացումը (reverse stock split) զարգացած արժեթղթերի շուկա ունեցող երկրներում հիմնականում իրականացվում է այն դեպքում, երբ ֆոնդային բորսայում արժեթղթերի հրապարակային վաճառք իրականացնող կազմակերպությունը ցանկանում է լքել այդ հարթակը կամ ընդհակառակը՝ բորսայական առևտրի ընթացքում բաժնետոմսերի շուկայական գինը բորսայում սահմանված նվազագույն գնից նվազելու դեպքում ցանկանում է պահպանել բորսայում իր արժեթղթերի ցուցարկված լինելու հնարավորությունը:
Անչափահասների գործերով արդարադատություն իրականացնելու գործընթացում ամենակարևոր և պատասխանատու որոշումներից մեկը երեխայի կողմից կատարված հանցագործությանն արձագանքելու գործուն և առավելագույնս «երեխայի լավագույն շահերից» բխող միջոցի ընտրությունն է: Նման որոշում կայացնելը բավականին բարդ է, քանի որ մի կողմից առկա է հանցանք կատարած երեխա, ում վարքագիծը մեծապես պայմանավորված է եղել տարիքային առանձնահատկություններից բխող իրողությամբ, և առկա է մտահոգություն, որ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը կարող է անդառնալիորեն և բացասաբար անդրադառնալ նրա հետագա կյանքի վրա, մյուս կողմից՝ կատարված հանցագործությամբ խախտվել են այլ անձի իրավունքները, հասարակության կամ պետության շահերը, և դրան չարձագանքելը երեխայի մեջ կարող է ձևավորել անպատժելիության զգացում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Ուստի իրավասու մարմնի առաջնային խնդիրը պետք է լինի կատարված արարքին տալ համաչափ պատասխան, ընտրել պատժի կամ քրեաիրավական ներգործության այնպիսի տեսակ, որը հանցանք կատարած անչափահասի համար կլինի իմաստավորված, կապահովի հասարակությունում նրա վերաինտեգրումը, վերասոցիալականացումը և նոր հանցագործությունների կանխարգելումը:
Արդի ժամանակաշրջանում բոլորս տեղեկատվության արդյունաբերության բուռն զարգացման ականատեսներն ենք, ինչը պայմանավորված է գիտության ու տնտեսության և հասարակության զարգացման օրինաչափություններով։ Հասարակական կյանքի տարբեր ոլորտների ու գործունեության մասին տեղեկությունների, տվյալների փոխանակման աճի շնորհիվ «տեղեկատվություն» հասկացությունը 20-րդ դարի սկզբներին հայտնվեց գիտնականների հատուկ ուշադրության կենտրոնում1։ Ակնհայտ դարձավ, որ առօրյա խնդիրների լուծումից մինչև գիտակրթական ոլորտի պլանավորումն ու պետական կառավարման արդյունավետ իրականացումը ուղղակիորեն կախված են նաև յուրաքանչյուրի ու բոլորի տեղեկացվածության մակարդակից։ Ցանկացած հասարակության մեջ նույնիսկ սովորույթների ու ավանդույթների պահպանումը, իրավագիտակցության մակարդակը, տնտեսական, գիտական, էկոլոգիական և այլ ոլորտներում արձանագրված հաջողություններն ու բարձր պրոֆեսիոնալիզմ ապահովող կադրերի առկայությունը ևս սերտորեն առնչվում են հասարակության տեղեկացվածության որակին։ Պատշաճ տեղեկացվածությունը մի կողմից ապահովում է գաղափարական հարուստ ներկապնակ հասարակության կազմակերպման և զարգացման դաշտում, մյուս կողմից` իշխանություններին զգոն պահող գործոն է։