Հտ․ 11 No. 2 (32) (2020)

Հրատարակվել է: 2020-09-30

Articles

  • Articles

    Հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սահմանադրական գաղափարի իրացումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումների համատեքստում

    Գ․ Ղազինյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման հիմնախնդիրը մշտապես արդիական է քրեադատավարական կարգավորումների համատեքստում: Իհարկե չպետք է մոռանալ, որ այս հարցում սկզբունքային և ելակետային նշանակություն ունի ՀՀ Սահմանադրությունը, քանի որ այն քրեադատավարական օրենսդրության մշակման և դրա շրջանակում քրեական դատավարության մասնակիցների օրինական շահերի ու իրավունքների, դրանց իրացմանը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կամայականությունների կանխմանն ուղղված նորմերի ամրագրման իրավական հիմքն է։ Վերջին շրջանում քրեական դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշպանությունն առանձնապես արդիական է դարձել՝ պայմանավորված 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով, ինչպես նաև 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններով։ Բնականաբար, դրանք իրենց արտացոլումն են գտել գիտական հանրության շրջանում տարբեր քննարկումներում։ Եվ այս առումով հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման խնդրի զարգացման պատմությունը կարելի է բաժանել երկու փուլի, որոնք ժամանակագրական առումով համընկնում են սահմանադրական զարգացման փուլերին։ Առաջին փուլում՝ սկսած 1990-ական թվականներից, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության խնդիրը որոշակիորեն հանգուցալուծվեց 1995 թվականի Սահմանադրության ընդունմամբ, ապա 2005 թվականին՝ դրա էվոլյուցիոն կատարելագործմամբ, երբ ընդունվեց Սահմանադրության նոր խմբագրությունը, որում զգալիորեն ուժեղացվեցին դատավարության մասնակիցների սահմանադրական իրավունքները և դրանց երաշխիքները։

    Հղումներ
  • Articles

    Հայեցողական քրեական հետապնդումը անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով

    Գ․ Ղազինյան, T. Sujyan
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի1 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Մասնակից պետությունները ձգտում են նպաստել մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող երեխաների նկատմամբ (…) անհրաժեշտության և ցանկալիության դեպքում (…) միջոցներ ձեռնարկել՝ առանց դատաքննության դիմելու, մարդու իրավունքների լիակատար պաշտպանության և իրավական երաշխիքների պահպանման պայմանով»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1985 թվականի նոյեմբերի 29-ի 40/33 բանաձևով հաստատված՝ անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ նվազագույն ստանդարտ կանոնները (Պեկինյան կանոններ) սահմանում են, որ անչափահաս իրավախախտների գործերի քննության ժամանակ հնարավորության սահմաններում պետք է ձեռնպահ մնալ դատական իշխանության իրավասու մարմինների կողմից գործի պաշտոնական քննությունից, և որ ոստիկանությունը, դատախազությունը կամ անչափահասների գործերի քննություն իրականացնող մյուս մարմինները պետք է լիազորված լինեն այդպիսի գործերի կապակցությամբ որոշում կայացնելու սեփական հայեցողությամբ, առանց այդ գործերով պաշտոնական լսումների՝ համապատասխան իրավական համակարգում այդ նպատակով սահմանված չափանիշների, ինչպես նաև նույն միջազգային-իրավական փաստաթղթում ամրագրված սկզբունքների համաձայն։ Ի ապահովումն նշված պահանջի կատարման՝ այդ նույն կանոնները անհրաժեշտ են համարում անչափահասների գործերի քննության ընթացքում հայեցողական որոշումներին նպաստելու նպատակով ջանքեր գործադրել համայնքային ծրագրեր առաջարկելու ուղղությամբ, ինչպիսիք են՝ ժամանակավոր հսկողությունը, տուժողին պատճառված վնասի հարթումը կամ փոխհատուցումը2 :

    Հղումներ
  • Articles

    Արհեստական ինտելեկտի ազդեցությունը հեղինակային իրավունքի օրենսդրական քաղաքականության վրա․ մարտահրավերներ և արձագանք

    Տ․ Դավթյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ժամանակակից թվային աշխարհում արհեստական ինտելեկտի 1 (այսուհետ նաև՝ ԱԻ) անսահման ներուժի (ինքնագնաց տրանսպորտային միջոցներից, անօդաչու թռչող սարքերից մինչև վիրտուալ բուժաշխատողների, ավտոմատացված անձնական օգնականների և ԱԻ այլ համակարգերի) բացահայտումը և զարգացումը վկայում է, որ հիմնովին փոխվել և դեռ փոխվելու են մարդկանց ապրելու, աշխատելու և միմյանց հետ փոխհարաբերվելու գոյություն ունեցող ձևերը։ Թեև մասնագիտական գրականության մեջ տարբերում են թույլ (նեղ) և ուժեղ (ընդհանուր) արհեստական ինտելեկտ հասկացությունները, և ընդունվում է, որ ներկայումս մարդկությանը հասանելի է միայն թույլ (նեղ) արհեստական ինտելեկտը 2 , այնուամենայնիվ փաստ է, որ առավել զարգացած ԱԻ համակարգերն այսօր կարող են ստանալ կամ ձեռք բերել արդյունքներ 3 , որոնք եթե ստեղծված լինեին մարդու կողմից, կհամարվեին, օրինակ, պոեմներ, գեղանկարներ, երաժշտական կամ գրականության, գիտության և արվեստի բնագավառի այլ յուրօրինակ ստեղծագործություններ, նույնիսկ՝ գյուտեր և ենթակա կլինեին իրավական պաշտպանության։

    Հղումներ
  • Articles

    ՀՀ-ում in rem վարույթի ներդրման վերաբերյալ որոշ խնդրահարույց հարցեր

    Ա․ Հովհաննիսյան, Մ․ Գրիգորյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հայաստանի Հանրապետությունում բավականին երկար ժամանակ քննարկվում էր առանց դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման հարցը։ 2020 թվականի ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց այդ գործիքը ներդնող օրենքը: Ինստիտուտի ներդրման օգտին խոսում են մի շարք միջազգային փաստաթղթեր։ Գոյություն ունի վիճակագրական տվյալների բավականին լայն շտեմարան, որը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը շրջանառությունից հանելու գործընթացում այդ գործիքի կիրառման արդյունավետությունը։ ՀՀ-ում in rem վարույթը կարգավորվելու է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով։ Թեև նման վարույթի գոյությունը ՀՀ-ում կարող է ընդհանուր առմամբ արդարացված լինել, թե՛ օրենքը և թե՛ դրա հիմնավորումները շատ առումներով թերի են։ Արդյունքում նման խմբագրությամբ օրենքը կարող է առաջացնել ավելի լուրջ խնդիրներ։ Սույն հոդվածում կանդրադառնանք միայն ամենավիճահարույց հարցերին։ Իբրև օրենքի անհրաժեշտությունը հիմնավորող միջազգային հանձնարարական՝ վկայակոչվում են StAR (Stolen asset recovery) նախաձեռնությունը, ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիան», ՄԻԵԴ-ի որոշ դիրքորոշումներ և ԵՄ փաստաթղթեր2 ։

    Հղումներ
  • Articles

    Մարդու իրավունքների բնաիրավական հայեցակարգի հիմնական թեզիսները

    Ա․ Կոչուբաև
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Պետաիրավական երևույթներն ուսումնասիրող տեսությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ վիճակագրական և գնահատողական: Նշված տեսությունները միմյանցից տարբերվում են միևնույն գիտական հիմնախնդրի լուծման մեթոդներով: Վիճակագրական տեսությունները պետաիրավական երևույթների հետազոտման ընթացքում զերծ են մնում որակավորող, գնահատողական բնույթի դատողություններից և բավարարվում են պետության և իրավունքի ստատիկ վիճակի ուսումնասիրմամբ: Նշված ձևով են ղեկավարվում իրավունքի պատմական դպրոցի, սոցիոլոգիական, հոգեբանական, էտաթիկ պոզիտիվիզմի ներկայացուցիչները և այլն1 : Սրան հակառակ՝ բնաիրավական հայեցակարգի տեսաբանները փիլիսոփայության դիրքերից են մոտենում պետաիրավական խնդիրներին և հաճախ անդրադառնում են այնպիսի վերացական գաղափարների, ինչպիսիք են արդարությունը, հավասարությունը, ազատությունը, և պարզաբանում, թե ինչպես պետք է ապահովվի վերջիններիս իրացումը, ինչպիսին պետք է լինի իրավունքը, պետությունը և այլն: Այս իմաստով բնաիրավական տեսությունը գնահատողական տեսություն է: Վերջինիս հիմքում դրված են բազմաթիվ գաղափարներ, որոնք իրավագիտակցության տարր են և ընդլայնում են իրավունքի մասին մեր պատկերացումները: Այն նաև բարոյականության բարձրագույն արտահայտություն է, հասարակական զարգացման գերնվաճում:

    Հղումներ