Patmut'yun ev Mshakuyt'
P-ISSN: 1829-2771
Հոդվածում համապատասխան փաստերի համակողմանի քննությամբ ցույց է տրված, որ թեև Թուրքիան առաջիններից մեկը ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց նրա հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, քանզի Անկարան հայկական իշխանություններին նախապայմաններ ներկայացրեց չհիշատակել 1915թ․ Հայոց ցեղասպանությունը, պաշտոնապես հրաժարվել պահանջատիրությունից, ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա՝ դադարեցնելու պայքարը և ընդունելու Ադրբեջանի գերակայությունն ու տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ պահանջեց, որ Հայաստանի հանրապետությունը զերծ մնա Թուրքիայի շահերին հակասող գործողություններից և ամեն կերպ չեզոքացնեի սփյուռքահայության հակաթուրքական գործունեությունը; Հայաստանի հանրապետությունը մերժեց միջազգային պրակտիկային անհարիր այս նախապայմաններն ու պահանջները։
Թուրքիան իր հերթին որդեգրեց ընգծված հակահայկական դիրքորոշում, միակողմանիորեն փակելով ՀՀ-ի հետ սահմանը, շարունակելով շրջափակման մեջ պահել Հայաստանը։ Ուստի պատահական չէր, որ Թուրքիայի մոտեցումները՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում մեծապես պայմանավորված էին նաև Արցախում հայկական զինված ուժերի ձեռքբերումներով, քանզի որքան ակնառու էին այդ հաջողությունները, այնքան ավելի էր կոշտանում Թուրքիայի դիրքորոշումը ՀՀ-ի նկատմամբ։ Դա դրսևորվեց հայկական զինված ուժերի կողմից Քարվաճառի (1993թ․ ապրիլի սկզբին) ազատագրման ժամանակ, որից հետո Թուրքիան ոչ միայն փակեց սահմանը, այլև Հայաստանի հետ սահմանաներձ շրջանում զորքեր սկսեց կուտակել, սակայն Ռուսաստանի կտրուկ անդրադարձը Թուրքիային հետ պահեց իր հետագա գործողություններից։ Կարծում ենք սխալված չենք լինի, եթե նշենք, որ քննարկվող ժամանակաշրջանում Թուրքիայի նման մոտեցումը ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում լուրջ սպառնալիք էր մեր ազգային անվտանգությունը։ Վերլուծելով հայ-թուրքական հարաբերություններում երկուստեք հետաքրքություն ներկայացնող տնտեսական գործոնի ազդեցությունը , շեշտվել է այն հանգամանքը, որ որքան էլ ՀՀ-ի հետ տնտեսական շփումների զարգացումը ձեռնտու էր Թուրքիային, այդուհանդերձ, Հայաստանն իր տնտեսական զարգացման մակարդակով Թուրքիայի համար լուրջ հետաքրքրություն չէր ներկայացնում և հայ-թուրքական շփումներում նկատվող որոշակի աշխուժացումը, մեզ բավարար հիմք չի տալիս բնութագրել այն որպես լուրջ բեկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ոստի, ամենևին էլ պատահական չէր, որ հայ- թուրքական տնտեսական փոխհամագործակցության որոշակի հեռանկարով թուրքական կողմը փորձում էր ՀՀ ղեկավարության մոտ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի առաջընթացի պատրանք ստեղծել և դրանով իսկ շահագրգռել ՀՀ ղեկավարությանը' համոզելու Սփյուռքին ևս հետ կանգնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելուց: Այս հանգամանքն, անշուշտ, վկայում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հայ-թուրքական հարաբերությունների վրա ունեցած ազդեցության մասին: Տնտեսական գործոնի առումով կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ժամանակին ՀՀ ղեկավարությունը պատշաճ վերլուծության չենթարկելով թուրքական կողմի երկու երկրների միջև տնտեսական շփումները ակտիվացնելու նախաձեռնությունները, չէր էլ նկատում, որ դրանցում, փաստորեն, մեկտեղվում էին տնտեսական գործոնն ու ղարաբաղյան հիմնահարցի լուծման Թուրքիայի տարբերակը: Մինչդեռ, Թուրքիան իր կողմից առաջադրած նախապայմաններով փորձում էր ՀՀ-ին դարձնել իր կամակատարը և նրա միջոցով իր սեփական կամքը թելադրել նաև սփյուռքահայությանը: Անդրադարձ կատարելով հասարակական կառույցների մակարդակով հայ-թուրքական շփումներին, նշվել է, որ նման կառույցների գործունեությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման' կողմերի ծայրահեղ հակադիր հայացքների պատճառով: Ժամանակի ՀՀ ղեկավարությունը, տեղյակ լինելով նման շփումներին, այնուամենայնիվ, պատշաճ վերլուծության չէր ենթարկել դրանց հնարավոր դրական և բացասական հետևանքները ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Սփյուռքի համար և չուներ հստակ դիրքորոշում այդ հարցում:
Մինչդեռ, իրադարձությունների հետագա ընթացքը ցույց է տվել, որ Թուրքիան, շահարկելով նման շփումների առկայությունը, փորձել է Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական հարթությունից տեղափոխել գիտական և հասարակական քննարկումների ոլորտ' հերթական անգամ նպատակ ունենալով այդ կերպ հնարավորինս կասեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
Մեծ հաշվով, նույն նպատակն էր հետապնդում նաև Թուրքիայի ղեկավարության կողմից առաջ քաշված «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսը, որը, չնայած ձեռնարկած կոնկրետ քայլերին, այդպես էլ չի հանգեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ուստի, ՀՀ- ի հետ հարաբերությունների հարցում թուրքական ղեկավարության որդեգրած քաղաքականության մեջ երբեմն առկայծող դրական միտումները կարելի է բացատրել Թուրքիայի աշխարհաքաղաքական զանազան շահախնդրություններով և, մասնավորապես, Եվրամիությանն անդամակցելու խնդրով:
Կոնկրետ փաստերով ապացուցվել է, որ անգամ 2009 թ. հոկտեմբերի 10- ին ցյուրիխյան հայտնի արձանագրությունների ստորագրումն ի զորու չի լինում ստիպելու Թուրքիային կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները և հրաժարվել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում նախապայմաններ առաջադրելուց:
Վերլուծելով ցյուրիխյան արձանագրությունների բովանդակությունը նշվել է, որ այն իր ամբողջության մեջ չէր բխում համայն հայության կենսական շահերից, քանզի արձանագրություններում առանձին դրույթներ և, հատկապես սահմանների փոխադարձ ճանաչման դրույթը, մեծ հաշվով անիմաստ էր դարձնում ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հետամուտ լինելը, այնպես էլ հետագայում դրա հետևանքների հաղթահարմանն ուղղվելիք քայլերը:
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև այն փաստին, որ քննարկվող ժամանակահատվածում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում նկատվում է նաև նոր երևույթ՝ առանձին եվրոպական երկրներ ընդունում են ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, որոնց մի մասի անկատար լինելու հանգամանքն իր ազդեցությունն է թողնում դրանց հետագա ճակատագրի վրա: Ամփոփելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ երկրորդ նախագահի գործադրած ջանքերի արդյունքները, շեշտվել է, որ դրանք ևս, իր նախորդների նման, չեն հանգեցրել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, մինչդեռ Թուրքիան, փաստորեն, կրկին հնարավորություն ստացավ աշխարհին ցույց տալ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու իր «բուռն ձգտումը»:
Հայոց ցեդասպանության 100-ամյակն ու ճանաչման հետագա ընթացքը ներկայացնելով հայ թուրքական հարաբերությունների համատեքստում, հատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, պաշտոնական Թուրքիան չհրաժարվելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր որդեգրած ժխտոոական դիրքորոշումից, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ է կիրառում այդ հարցում իր ռազմավարության մեջ: Նման փոփոխությունների իմաստը հանգում էր Էրդողանի և Դավութօղլուի կողմից առաջ քաշած «համատեղ վշտի» և «արդար հիշողության» թեզերին: Ընդգծվել է, որ թուրքական ժխտողականության նման նոր դրսևորումը պակաս վտանգավոր չէր, քանի որ դրանով փորձ էր արվում հավասարության նշան դնել «դահճի» և «զոհի» միջև: Այնուհետև նշվել է, որ Թուրքիայի նման մոտեցումը շոշափելի արդյունք չի տվել, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում շարունակվում էր աշխարհի տարբեր երկրների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և դատապարտման գործընթացը: Չի անտեսվել նաև այն փաստը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի ընդունումից հետո, հայ իրականության մեջ որպես ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ առաջ են քաշվում Ցեղասպանությունը ճանաչման դաշտից բացի, իրավական դաշտ փոխադրելու և միջազգային իրավունքը նոր հայրենազրկում «պատրիոցիդ» իրավական ձևակերպումով բարելավելու խնդիրը: Դրա հետ կապված շեշտվել է, նման գաղափարի իրագործումը ողջունելի լինելով հանդերձ պահանջելու է վիթխարի ջանք ու եռանդ: Բացի այդ, կարևորվել է նաև այն գաղափարը, որ նշված դրույթների կենսագործման հնարավորությունը շատ ավելի կմեծանա, եթե Հայաստանը դառնա տարածաշրջանի ազդեցիկ «խաղացողներից» մեկը՝ թելադրելով խաղի սեփական կանոնները: Ինչ վերաբերում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ՀՀ իշխանությունների հետագա ջանքերին, ապա ինքնին հասկանալի է, որ հնարավոր չէր անվերջ հանդուրժել Թուրքիայի ապակառուցողական մոտեցումն այդ հարցում և միանգամայն տրամաբանական էր, որ արդեն 2017 թ. սեպտեմբերի 20-ին ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ամբիոնից ՀՀ նախագահի ելույթը դարձավ առաջին քայլը ՀՀ-ի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկման ճանապարհին, գործընթաց, որն իր տրամաբանական ավարտին հասավ 2018 թ. մարտի 1-ին՝ ՀՀ նախագահի «Հայ- թուրքական հարաբերությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ» հրամանագրով:
Հոդվածում փաստական նյութի հիման վրա վերլուծվում է Խորհրդային Հայաստանում 1930-1980-ական թթ․ հասարակության գաղափարական վերափոխման գործընթացը՝ լծորդելով հայագիտության առաջընթացին։ Հիմնահարցը դիտարկվում է քննարկվող ժամանակաշրջանում խորհրդային հասարակության կյանքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական, ներքաղաքական վերափոխությունների համատեքստում։ Ազգային մտածողության և մտակեցվածքի դրսևորումները հետպատերազմյան երկու տասնամյակներին վերածվեցին հայագիտության ոլորտում նոր ձեռքբերումների։ Պատմությունը, ստանալով ազգային նկարագիր, սկսեց անձնավորվել, խորացավ ազգային ինքնության ձևավորման իմաստավորումը։ Ազգային ազատագրական պայքարի, Հայոց ցեղասպանության արգելված թեմաների քննարկումները հասունացրին հայ քաղաքական միտքը, հիմք դրվեց քաղաքական հայագիտությանը։ Հայագիտությունը այդ շրջանում նպաստեց ազգային պայքարի մոտիվացմանը։
1840-ական թթ․ ռլանդական ազգային շարժումը լայն արձագանք է գտել այդ ժամանակի հայ պարբերական մամուլում։ Եվրոպական մամուլի հրապարակումներից և ստացված տեղեկություններից հայկական պարբերականները լավատեղյակ էին Իռլանդիայում տեղի ունեցող քաղաքական, սոցիալական և կրոնական իրադարձությունների մասին։ Ըստ նրանց տեղեկությունների՝ իռլանդական ազգային շարժման հիմնական պատճառներն էին․ 1847 թ․ աննախադեպ սովը, 1800 թ․ անգլո-իռլանդական «Ունիայի ակտի» չեղարկումը, անկախ պառլամենտ ստեղծելու ձգտումը և իռլանդացի կաթոլիկների էմանսիպացիան։ Իռլանդական շարժմանն անդրադառնում էին առաջին հերթին հայ ազգային-պահպանողական ուղղվածության պարբերականները։
Այսպես, Վիեննայի Մխիթարյանների «Եվրոպա» թերթի «կշռադատող և հեռատես» խմբագիրները անկողմնակալ և օբյեկտիվ դիրքերից՝ «եվրոպական ոճով և վարպետությամբ» էին լուսաբանում իռլանդացիների պայքարը։ Նրանց կարծիքով՝ սովի, համաճարակի և աղքատության պայմաններում «Ռիփիլ» ընկերությունը, «Երիտասարդ Իռլանդիա» կազմակերպությունը փորձում էին խաղաղ ճանապարհով վերացնել Ունիան, բայց անհաջողություն կրելով՝ ապստամբություն բարձրացրին։ Վենետիկի Մխիթարյանների «Բազմավէպ» ամսագրի համաձայն՝ իռլանդացիներն ուզում էին ամբողջությամբ տապալել անգլիական լուծը և դառնալ ինքնիշխան երկիր։
Ըստ քաղաքական և բանասիրական ուղղվածություն ունեցող թիֆլիսյան «Կովկաս» շաբաթաթերթի՝ իռլանդացիները, միավորվելով Անգլիայի հետ, կորցրին իրենց անկախությունը և այդ օրվանից հայտնվեցին աղետալի դրության ու ծայրահեղ կարիքի մեջ։ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի պաշտոնական օրգան «Հայաստան» թերթը, իռլանդական շարժումը խռովություն անվանելով, գալիս է այն եզրակացության, որ «Երիտասարդ Իռլանդիա» «ազատասեր միությունը», ոգևորված ֆրանսիական փետրվարյան հեղափոխության հաղթանակով, ամեն ջանք գործադրեց զինված պայքարի միջոցով ազատագրվելու համար։
Զմյուռնիայի հայերի «Արշալույս Արարատեան» պարբերականը գիտակցում էր անկախության հասնելու իռլանդացիների ձգտումները և հասկանում էր, որ «Ռիփիլ» ընկերությունը ձգտում էր սահմանադրական եղանակով հասնել Իռլանդիայի քաղաքական անկախությանը։
Հնդկահայերի «Ազգասեր» և «Ազգասեր արարատյան» պարբերականները իրենց համառոտ հրապարակումներում քննադատում էին Անգլիայի գաղութային քաղաքականությունը և իռլանդական բնակչության նկատմամբ բռնությունները։ Նրանք կարծում էին, որ իռլանդացիները ցանկանում էին ազատվել անգլիական լծից և ստեղծելով անկախ հանրապետություն՝ ինքնուրույն կառավարել իրենց երկիրը։ «Ազգասեր արարատյանը» ծաղրում էր իռլանդացի ապստամբների զգուշավորությունը, որի արդյունքում «լեռը մուկ ծնեց»։
Իռլանդական ազգային շարժումն իրենց հրապարակումներում գովերգում էին հայ ժողովրդավարական հոսանքի գործիչները՝ Միքայել Նալբանդյանը և Մաթեոս Մամուրյանը։ Մ․ Նալբանդյանը քննադատում էր Անգլիայի քաղաքականությունն Իռլանդիայում, որի ազատասեր ժողովուրդն արժանի է համակրանքի։ Նա ամոթի սյունին էր գամում անգլիական իշխանություններին, որոնք դատապարտում էին ազատության ձգտող իռլանդացի խռովարարներին։ Ըստ Մ․ Մամուրյանի՝ Անգլիան լուծարել էր իռլանդական պառլամենտը և զրկել իրավունքներից կաթոլիկներին։ Նա ցավով էր արձանագրում աղետալի դրությունը Իռլանդիայում, որն անընդհատ հարստահարում ու թալանում էին անգլիական իշխանությունները։ Այս իրավիճակից միակ ելքը նա համարում էր ապստամբությունը։
Թուրքիայի Հայոց ցեղասպանության ժխտման քաղականությունում ներդրում ունեն տարբեր անհատներ: Այս առումով աչքի է ընկնում պատմաբան Մ. Պերինչիկը: Զեղծարարները նաև քարոզում են եվրասիական դաշինքի անհրաժեշտությունը Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համար, որպեսի հակազդեն արեվմտյան երկրների ազդեցությանը և իրականացնեն նորոգման գործընթացը:
Մինչ 1917 թ. Անդրկովկասի ոչ մի ազգային-քաղաքական ուժի կողմից պետական ինքնուրույնության և անկախության ռազմավարական հարց չի դրվել, այլ ընդամենը ձգտել են լայն ինքնավարություն ձեռք բերել Ռուսաստանյան կայսրության կազմում: Անդրկովկասյան կուսակցությունների համար ակտիվիզատորի դեր խաղաց Վ. Լենինի կողմից առաջ քաշված ազգերի ինքնորոշման իրավունքի մասին հիմնարար դրույթը, որն անգամ եթե ընտրական տարրեր ուներ իր մեջ, այդուհանդերձ ընդունելի եղավ թե՛ ազգային ծայրամասերի, և թե՛ այնտեղ ստեղծված ազգայնական ուժերի համար, թեկուզև գործնականում այն այլ համաշխարհային խնդիր էր լուծում՝ փլուզել ռուսաստանյան գերտերությունը: Արդյունքում անկախ հռչակվեցին սկզբում Անդրկովկասյան դաշնային հանրապետությունը, ապա Անդրկովկասի երեք ժողովուրդների ազգային պետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։
Հայկական կողմը չափից ավելի մեծ հույսեր կապեց հաղթող պետություններից սպասվող օգնության հետ հօգուտ Հայաստանի հանգուցալուծելու սահմանների և ՀՀ սուվերենիտետի հարցը, որի խնդրում դաշնակիցները խաբուսիկ հույսեր ներշնչեցին բարեկամ համարվող հայ ժողովրդին, ինչն էլ պայմանավորեց ՀՀ ձախողումները արտաքին քաղաքականությունում: Ազգամիջյան քաղաքական զարգացումները Անդրկովկասում 1918-1920 թթ. ընթանում են ՀՀ ղեկավարության և հայ ժողովրդի չսպասված և չակնկալվող աշխարհաքաղաքական զարգացումներին համապատասխան, Հայաստանը գահավիճում է Սևրյան չափազանց գայթակղիչ բարձունքներից, 1920 թ. թուրք-հայկական պատերազմի ժամանակ հայտնվում բոլոր կողմերից թշնամիներով շրջափակված անձուկ միջավայրում, դաշնակիցներից լքված, որի պայմաններում միմյանց հետ գործարքի գնացած բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան կայացնում են իրենց հայադավ վճիռը՝ Հայաստանը անդամահատելով և այլ ազգային-քաղաքական հեռանկար պարտադրելով:
20-րդ դարի վերջից և 21-րդ դարի սկզբից մուսուլմանական երկրներում սկսված վերափոխումներն իրենց ազդեցությունն ունեցան իսլամական ծայրահեղական նոր ալիքի բարձրացման վրա աշխարհի մուսուլմանաբնակ հատվածներում, այդ թվում` Կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես Ադրբեջանում: Այդ առումով Ադրբեջանում տեսանելի է իսլամական ծայրահեղականության ակտիվություն և Կովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջաններում ադրբեջանցի իսլամականների ակտիվ ներգրավվածություն: Սույն հոդվածում ուսումնասիրվում են ադրբեջանցի իսլամականների ակտիվությունը, դրա պատճառները, առարկայական կիրարկումները, գործողությունների արեալը, վտանգներն ու սպառնալիքները Կովկասում և Մերձավոր Արևելքում: Այդ դրսևորումները տեսանելի են հատկապես սուննի ադրբեջանցիների շրջանում:
Հոդվածում քննվել են 1894-1896 թթ. համիդյան ջարդերի, դրա քաղաքական դրդապատճառների հոգեբանական ազդեցությունների արտացոլումը Ա. Արփիարյանի «Կարմիր ժամուց» վիպակում: Նկատվել է, որ 1894-1896 թթ. առաջին ցեղասպանությամբ պայմանավորված, հոգեկերտվածքային փոփոխություններ կրած գրական հերոսի նոր տեսակի խնդիրը քննված չի եղել: Այդ հերոսի երկու` իրար լրացնող ու իրարամերժ տեսակների ստեղծման առաջին ու հաջողված փորձը` հանձինս տեր Հուսիկի և Հայրապետ էֆենդու, կատարել է Ա. Արփիարյանը «Կարմիր ժամուց» վիպակում:
Հոդվածը նվիրված է Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության առաջին շրջանում՝ 2004-2007 թթ., Վրաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների ուսումնասիրությանը: Մանրամասնորեն լուսաբանված են կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորման, խորացման և ամրապնդման պատմությունը, ներքին ու արտաքին քաղաքական զարգացումները, ինչպես նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի հանդիպումների արդյունքում ձեռքբերված դիվանագիտական հաջողությունները: Վերհանվել և ուսումնասիրվել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսեր վարչակազմի արտաքին քաղաքական մոտեցումները Վրաստանի նկատմամբ, մասնավորապես Վարդերի հեղափոխությունից մինչև 2007 թ. վերջերը, ինչպես նաև Վրաստանում կատարվող փոփոխությունների հետևանքով ՀՀ-ի համար առաջացած խնդիրները: Ամբողջապես քննության առարկա են դարձել նախագահ Բուշի (2005 թ. մայիսին)՝ Թբիլիսի կատարած այցի առանձնահատկությունները, տարածաշրջանում սպասվող փոփոխությունները և Վրաստանը ժողովրդավարություն «արտահանող» երկրի վերածման միտումները: Վերլուծվել են կողմերի միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի դերն ու նշանակությունը: Դիտարկվել են տարաբնույթ փաստեր, որոնք նպաստել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ ու բազմակողմ դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը: Առանձնակի ուշադրություն է դարձված Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացման իրական պատճառների բացահայտմանը: Հոդվածում կարևոր տեղ է հատկացված նաև Վրաստանում արտահերթ ընտրությունների արդար ու թափանցիկ կազմակերպման համար ԱՄՆ ֆինանսական և գործուն աջակցության նպատակների ուսումնասիրությանը:
Հոդվածում քննվում են Հայաստանում կոնվերգենտ և մուլտիմեդիային լրագրության ձևավորման առանձնահատկությունները: «Կոնվերգենտ լրագրության» ֆենոմենի տարածումը պայմանավորված էր տեղեկատվական և հաղորդակցման միջոցների (ԶԼՄ-ների ավանդական ձևերի և համակարգչային տեխնոլոգիաների) ինտեգրացիոն գործընթացներով, ինչը հնարավոր է դարձրել տեղեկատվության փոխանցումը տարբեր միջոցներով (ինչպես անալոգային՝ լսողական, տեսողական, տպագիր, այնպես էլ թվային): Որպես մուլտիմեդիային տարածքի ձևավորման անհրաժեշտ գործոններ (բացի տեղեկատվության տարածման տարբեր միջոցների «զուգահեռաբար» օգտագործումից) առանձնացվում են «ինտերակտիվությունը» (տեղեկատվության ստացողի ներգրավվածությունը և նրա հետ փոխգործակցությունը տեղեկատվական-կոմունիկատիվ գործընթացում) և «լրագրողի գործունեության նոր ձևերի և մեթոդների ստեղծագործական սինթեզը» (ի տարբերություն կոնվերգենտ լրագրությանը բնորոշ՝ հաղորդակցման տարբեր միջոցների մեխանիկական միաձուլման): Ներկայացված է նաև հայկական ԶԼՄ-ների ինտերնետ տարածքում ներգրավման և «մուլտիմեդիականության սիներգիայի» ընդհանուր պատկերը:
Պարսկա-օսմանյան պատերազմներից հետո XVII դարի 30-ական թվականներից հյուսիսարևելյան Հայաստանում խաղաղ շինարարության ու տնտեսական զարգացման բարենպաստ միջավայր էր ստեղծվել: Արդյունքում Հայաստանի այլ վայրերից այստեղ նկատվեց բնակչության որոշակի ներգաղթ: Աշխուժացավ խաթարված հոգևոր հաստատությունների գործունեությունը: Կառուցվեցին նոր վանքեր ու եկեղեցիներ: Իրավիճակը փոխվեց, երբ դարավերջին Սեֆյան տերությունը սկսեց թուլանալ: Պետության կործանումը կանխելու նպատակով իրանական արքունիքը ավելի ծանր հարկեր սահմանեց, որն ավելի անտանելի դարձրեց բնակչության վիճակը: Առիթից շտապեցին օգտվել իրանական տարածքներին հավակնող Թուրքիան ու հզորացող Ռուսաստանը: Թուրքերի հրահրմամբ հյուսիսարևելյան Հայաստանի բնակավայրերը զուգահեռաբար սկսեցին ավարառության ենթարկվել լեզգիների կողմից: Լեռնականների զորախմբերը պարբերաբար սկսեցին անցնել Կուր գետը և ամայացնել հայկական բնակավայրերը: Օսմանյան կայսրությունը, ռուսական կողմի հետ համաձայնեցված, 1725 թ. կարողացավ գրավել ամբողջ տարածաշրջանը: Նշված իրադարձություններն մեծապես ազդեցին տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի վրա, ինչի հետևանքները զգացվեցին նաև հետագա տարիներին:
Հոդվածի նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի շահերի ու հակասությունների վերլուծությունն է, որոնք հիմնականում սրվեցին սիրիական և ուկրաինական ճգնաժամերի ազդեցության տակ: Այդպիսի պայմաններում Ադրբեջանն առանցքային գործիք դարձավ Անկարայի համար, ինչը թույլ տվեց վերջինիս աստիճանաբար առաջ մղել իր շահերը տարածաշրջանում: Միաժամանակ, Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ի ձևավորումը (նրա կողմից առանց որևէ նախապայմանի) բացասաբար անդրադարձավ նրա գործոնի վրա առաջին հերթին դաշնակից Մոսկվայի հետ հարաբերություններում: Իսկ Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը, ի հեճուկս Հայաստանի շահերի, զգալիորեն ամրապնդեցին իրենց աշխարհաքաղաքական գործոնները Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Հարավային Կովկասում կան բազմաթիվ աշխարհագրական անուններ, որոնք շատ հին են և պահպանվել են մինչ այժմ։ Շատ հին և կարևոր աշխարհագրական անվանումներից մեկը Նախիջևան հնագույն քաղաքի անվանումն է։ Դա տարածաշրջանային անվանումն է, որը կարևոր է պատմության տեսանկյունից։ Անունները այս տարածքի ժողովուրդների ինքնության և պատմական ինքնատիպության մի մասն են: Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել Նախիջևան անվան ծագումը և այս բառի տարբեր ձևերը։ Պատմական աղբյուրներում տեղեկություններ կան Նախիջևան բառի մասին։ Բայց այս աղբյուրները շատ սահմանափակ են և ամենակարևորը կապված են առասպելների և լեգենդների հետ: Նախիջևան անվանումն իր երկարամյա պատմության ընթացքում ուղեկցվել է փոփոխություններով Հարավային Կովկասում և ընդհանրապես պարսկական պատմության մեջ։ Այս ուսումնասիրության նպատակն է ներկայացնել տարբեր աղբյուրներում առկա տեղեկությունները՝ հին ժամանակներից մինչ այժմ: Այն նաև գնահատում է այն տեղեկությունները, որոնք կան հայ, հույն, հրեա պատմիչների կամ վերջին շրջանի հետազոտողների գործերում։
Հայ պատմագրության մեջ Մեծ հայրենադարձությանը նվիրված ուսումնասիրություններում լիբանանահայերի 1946-1947 թթ․ հայրենադարձությունը, որի արդյունքներն ու հետևանքները միաժամանակ և' ոգևորումի, և' հիասթափությունների պատճառ են հանդիսացել, մինչ օրս որևէ հետազոտողի կողմից առանձին քննության թեմա չի հանդիսացել: Սույն հոդվածում, կարևորելով լիբանանահայ համայնքի առանձնահատկությունները, հանրակողմանի լուսաբանվում են այն հիմնական թերացումներն ու բացթողումները, որոնք խոչընդոտ են եղել գործընթացի լիարժեք ու արդյունավետ իրականացմանը։ Հստակեցվում է հայրենադարձ լիբանանահայերի տեղաբաշխման աշխարհագրությունը։ Անդրադարձ է կատարվում նրանց ինտեգրման խնդիրներին։ Զուգահեռաբար վեր են հանվում նաև հայրենադարձների ունեցած ներդրումները Խորհրդային Հայաստանի տնտեսության, ժողովրդագրության, քաղաքաշինության ու գիտամշակութային կյանքի վերելքի գործում։ Հետազոտության համար հենքային նշանակություն են ունեցել մի շարք արխիվային փաստաթղթերում և պարբերական մամուլում տեղ գտած տեղեկագրերը, նամակներն ու հրապարակումները, որոնք ենթարկվել են համաբերման և քննական վերլուծության։
Սույն հոդվածը ներկայացնում է Ուրուգվայում ձևավորված հայկական համայնքի ստեղծման պատմությունը՝ սկսած առաջին հայերի հաստատումից մինչև արդի փուլը։ Հոդվածում քննության է վերցված մի շարք խոշոր հայրենանվեր ձեռնարկներ, որոնք իրականացվել է Ուրուգվայի հայկական համայնքում։ Հոդվածը բաղկացած է հինգ մասից. առաջին մասում ներկայացված են Ուրուգվայում առաջին հայերի հաստատումը․ որոշակի թվագրական հաշվարկներ, Ուրուգվայում հայերի հաստաստման նախադրյալները և հիմնական պատճառները։ Երկրորդ մասում ներկայացված է Ուրուգվայի հայկական համայնքի կազմավորումը։ Ապա խոսվում է համայնքում գործող կրթական, հասարակական-քաղաքական կառույցների և մշակույթային կենտրոնների կողմից իրականացված ձեռնարկների մասին, որոնք կարևոր դեր ունեն Ուրուգվայում հայապահպանության գործում։
Աշխատանքի նպատակն է հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների համատեքստում բարձրացնել սփյուռքում ձևավորված համայնքի դերակատարումը հայապահպանության գործում։
1909 թ․ Ադանայի ողբերգությունը ծրագրված էր Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից և այդ սարսափելի օրերին Նիկոլայ II-ը հրովարտակ է հրապարակում, որի համաձայն՝ Կ․ Պոլսի հայոց պատրիարք Մատթեոս Իզմիրլյանը դառնում է Ամենայն Հայոց կաթողիկոս, որից հետո կաթողիկոսը, ժամանելով Ռուսաստան, անմիջապես մեկնեց Ս․ Պետերբուրգ՝ հանդիպելու ռուսաց կայսրի հետ, որտեղ բարձրաձայնելով արևմտահայերի խնդիրը՝ նշել է, որ չի հավատում, թե Օսմանյան կայսրությունում կարող են դադարել հայերի կոտորածները, որով, ըստ էության, անվստահություն էր հայտնում երիտթուրքական կառավարությանը։
Սույն աշխատանքով փորձում ենք ուսումնասիրել այս հանդիպման մանրամասները, որոնք տեղ են գտել արևելահայ և արևմտահայ մամուլում, ինչպես նաև արխիվային փաստաթղթերում։
Հայոց տոնածիսական մշակույթի և էթնիկ ինքնության ու պատմական հիշողության կապի համատեքստում կատարված հետազոտությունները հնարավորություն տվեցին կատարել որոշակի ամփոփիչ եզրահանգումներ
Ուսուցման գործընթացում անհրաժեշտաբար առաջ են գալիս ուսումնական գործունեության նոր ձևեր, մեթոդներ, տեխնոլոգիաներ, որոնք զարգացնում են սովորողների լեզվամտածողությունը, խոսքային կարողությունը, ձևավորում են իմացական կայուն կառույցներ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են ինքնակառավարվող: Ուսուցման ժամանակակից նմանօրինակ տեխնոլոգիաներից է նախագծային ուսուցումը, որը՝ որպես հետազոտական, պրոբլեմային, ստեղծագործական մի շարք մեթոդների և սովորողների որոշակի գործողությունների հաջորդականությունների, հնարների համադրություն, իրականացվում է տրված առաջադրանքը կատարելու նպատակով: Նշված տեխնոլոգիայի հիմնական նպատակն է սովորողներին տալ հնարավորություն՝ գործնական առաջադրանքների լուծման գործընթացում ինքնուրույն ձեռք բերելու գիտելիքներ: Նախագծային տեխնոլոգիայի հիմքում ընկած են սովորողի ճանաչողական, համագործակցային, հետազոտական հմտությունների, սեփական գիտելիքներն ինքնուրույն ձևակերպելու, փաստերը համադրելու, տեղեկատվական տարածքում կողմնորոշվելու, քննադատական մտածողության ձևավորումն ու զարգացումը: Նախագծային տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն է տալիս ձեռք բերելու գիտելիքներ, ձևավորելու կարողություններ՝ կոնկրետ հանձնարարություններ ծրագրելու և ինքնուրույն իրականացնելու միջոցով: Այս դեպքում մանկավարժը ստանձնում է մշակողի, համակարգողի, փորձագետի և խորհրդատուի դեր: Նախագծային ուսուցման տեխնոլոգիայի արդյունքը տեսանելի և հրապարակված աշխատանքն է: Իրականացման փուլերն են հիմնահարցի ձևակերպումը, աշխատանքային խմբի (խմբերի) ձևավորումը, աշխատանքի բաժանումը, խմբերի, անհատների ինքնուրույն աշխատանքը, հետազոտությունը, ստացված արդյունքների ընթացիկ քննարկումները, կատարված աշխատանքների ներկայացումը (նախօրոք որոշվում է ներկայացման ձևը` տեսանյութ, ֆոտոշարք, հոդված կամ բնագիր), սովորողների աշխատանքների գնահատումը (դասավանդողի և սովորողների կողմից) և հետագա աշխատանքի ուղիների նախանշումը:
Patmut'yun ev Mshakuyt'
P-ISSN: 1829-2771