Անձնայինի և վերանձնայինի երկվության հիմնահարցը հայկական էթնոհոգեբանության մեջ

Authors

  • Մովսես Դեմիրճյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.021

Keywords:

էթնոմշակույթ, էթնոհոգեբանություն, վերանձնային, պետականություն, ազգ, հայրենիք, կլան, համայնք

Abstract

 Հայոց պատմության մեջ պետության երկարատև բացակայության պայմաններում մշակույթն է դարձել է անհատի և հասարակության կյանքի կազմակերպման միջոցների և ձևերի հիմնական համակարգ, որն, ըստ այդմ, կարելի է բնութագրել որպես «կյանքի նախագիծ կամ ծրագիր», որում արձանագրվում են բոլոր կարևոր իրադարձությունները, դրանց ժամկետներն ու իրականացման եղանակները: Քանի որ հայ ժողովրդի պատմության մեջ պետականության բացակայությունը պարբերաբար անհնար էր դարձնում ամբողջ հասարակության կյանքի կազմակերպումը նույն սկզբունքների և նորմերի համաձայն, այդ գործառույթը ստանձնել էր մշակույթը, որը, սակայն, չէր կարող հավակներ ունենալ այնպիսի համընդհանուր և պարտադիր բնույթ, ինչպիսին կարող է ունենալ պետությունը` օրենքների և ազգային գաղափարախոսության շնորհիվ: Հետևաբար, մշակույթը կարող էր մարդու կյանքը կազմակերպել ոչ թե մեծ «մենք»-ի (ազգի կամ հասարակության) ձևով, այլ վերանձնային գոյության փոքր ձևերի միջոցով՝ ընտանիք, ընկերներ, տոհմ, համայնք: Քանի որ դրանք պատկանում են հարաբերությունների հանրային ոլորտին, ուստի դրանով մշակույթն ապահովում էր անհատի ինքնարտահայտումն ու ինքնահաստատումը սոցիալական կյանքում:

Վերանձնայինը, փաստորեն, անձնայինի բնական շարունակությունն է հարաբերությունների ավելի լայն տիրույթում, հետեւաբար, փոքր «մենք»-երի ձևավորումը անհրաժեշտ էր և բնական: Քանի որ անհատականության բնական զարգացումը որոշակի փուլում ենթադրում է անձի սոցիալական էության արտահայտում, հայ մշակույթում անհատի հարմարվողականությունն ու սոցիալականացումն իրականացվում էին հենց այդ վերանձնային կառույցների միջոցով: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ մեծ «մենք»-ի՝ ազգի և հասարակության, ձևավորման պայմաններն ու հնարավորություններն ապահովում է պետությունը: Վերջինիս երկար բացակայությունը հայ ժողովրդի պատմության մեջ հանգեցրեց նրան, որ պատմականորեն վերանձնայինը սահմանափակվում էր փոքր ձևերով, որոնք ունեցել են և ունեն ընդգծված էթնոմշակութային բնույթ: Պետության բացակայությանը զուգահեռ մշակույթն ապացուցեց իր կենսունակությունը և իրականացրեց էթնոպաշտպանիչ գործառույթ՝ ամրապնդվելով հայերի գիտակցության մեջ որպես ժողովրդի հոգևոր գոյության և զարգացման երաշխիք:

Չնայած նրան, որ վերանձնայինի դրսևորման փոքր ձևերը անձնայինի արտահայտման հանրային ոլորտներ են, դրանք իրականում չեն կարող ամբողջությամբ փոխարինել սոցիալական հարաբերությունների համակարգը և այս իմաստով կարող են բնութագրվել որպես սիմուլյակրներ, քանի որ սոցիալական կյանքի իմիտացիա են, այսինքն, խորհրդանշում են մի բան, որ գոյություն չունի: Սակայն դրանից չի նվազում փոքր «մենք»-երի իրական լինելը, դեռ հակառակը, հենց ընտանիքների, տոհմերի, ընկերների և համայնքների հարաբերություններով է կառուցվում հայ հասարակության սոցիալական իրականությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ հարաբերություններն իրենց շարունակությունն ունեն տնտեսության և քաղաքականության մեջ` ստեղծելով կլանային տնտեսություն և կլանային քաղաքականություն:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հայերի էթնոհոգեբանության մեջ հնարավոր է առանձնացնել անձնայինի երեք մակարդակ` «ես», փոքր «մենք» և մեծ «մենք»: Պետության երկարատև բացակայությունը, օտար մշակութային միջավայրում ապրելը և տեղահանման ու ոչնչացման մշտական ​​սպառնալիքը կիսատ թողեցին մեծ «մենք»-երի` ազգի և հասարակության, ձևավորման գործընթացները և միևնույն ժամանակ նպաստեցին նրան, որ հայերն իրենց կյանքը կառուցեն` ապավինելով «ես»-ին և փոքր «մենք»-երին` ընտանիքին, տոհմին, ընկերներին և համայնքին: Հենց դրանց ստեղծած սոցիալական իրականության մեջ է հնարավոր դարձել իրականցնել այսպես կոչված «կյանքի ծրագիրը»` ստանալ կրթություն, աշխատել, կազմել ընտանիք, ապահովել բարեկեցություն և այլն:

Author Biography

Մովսես Դեմիրճյան, Երևանի պետական համալսարան

Փփիլիսոփայական գիտությունների թեկնածու, փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ

Published

2021-07-15

How to Cite

Դեմիրճյան Մ. (2021). Անձնայինի և վերանձնայինի երկվության հիմնահարցը հայկական էթնոհոգեբանության մեջ. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 12(2 (35), 21–30. https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.021

Issue

Section

PHILOSOPHY

Most read articles by the same author(s)

1 2 > >>