ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ԳՈՒՆԱՅԻՆ ԵՐԱՆԳՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄՆ ԱՄՌԱՆ ՍԵԶՈՆԻՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
(Սյունիքի մարզի օրինակով)
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.2.093Keywords:
color of landscape, landscape aesthetics Syunik Region, spectral curves, mapping, satellite imagesAbstract
Մեծ է լանդշաֆտի վրա մարդկային գործոնի դերը․ այն ունի գեղագիտական ներուժ և ակտիվորեն ազդում է մարդու զգայական-հոգեբանական հարմարավետության վրա: Լանդշաֆտի գեղագիտական որակների (ռելիեֆ, բուսականություն, ջրային ծածկ և այլն) շարքին է դասվում նաև գույնը։ Լանդշաֆտների գունային բազմազանությունն անզեն աչքով հնարավորչ է լիովին գնահատել։ Հոդվածում ներկայացված է լանդշաֆտի գեղագիտական կարևոր գործոններից մեկի՝ գունային երանգների առանձնացման յուրահատուկ մեթոդիկան։ Առաջին անգամ փորձ է արվել լանդշաֆտների գունային երանգներն առանձնացնել և խմբավորել տիեզերական նկարների սպեկտրալ կորերի վերլուծության միջոցով: Ի տարբերություն ավանդական դաշտային մեթոդի՝ տիեզերական նկարները հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում գնահատել մեծ տարածք ընդգրկող գունային երանգները։ Կարմիրը, կանաչը և կապույտը համարվում են ֆիզիոլոգիական հիմնական գույները, և գրեթե բոլոր իրական գույները կարելի է ստանալ այս երեք ճառագայթումների համադրությամբ։ Փորձ է արվել լանդշաֆտներում գույներն առանձնացնել ամռանն արված 10 մ լուծաչափով Sentinel-2A, Sentinel 2B TCI ( true color image ) տիեզերական նկարների կանաչ (543–578 նմ երկարության ալիք), կարմիր (650–680 նմ), կապույտ (458–523 նմ) սպեկտրալ տիրույթներում սպեկտրալ կորերի վերլուծության միջոցով։ Մասնագիտական ծրագրային միջավայրում "անվերահսկելի" դասակարգման մեթոդով ստացվել է 50 դաս, իսկ յուրաքանչյուր դասի համար՝ տեսանելի գունային երեք տիրույթների սպեկտրալ անդրադարձման միջին արժեքներով կորերը: Խմբավորելով դասերը՝ կազմվել է Սյունիքի մարզի լանդշաֆտների գունային հինգ խմբերի (կապտականաչ, կանաչ, կարմիր, մոխրագույն և դեղին, սպիտակ) քարտեզ ամռան սեզոնի համար։ Քանի որ գունային ներդաշնակության կարևորագույն գործոնը գունային երանգների հավասարակշռությունն է, փորձ է արվել որոշել նաև լանդշաֆտների գունային բազմազանությունը։ Հիմք ընդունելով ստացված գունային խմբերը՝ Շենոնի անհամասեռության գործակցի օգնությամբ գնահատվել և քարտեզագրվել է այդ մարզի լանդշաֆտների գունային բազմազանությունը ամռան սեզոնին։ Պարզվել է, որ ամռանը Սյունիքի մարզի լանդշաֆտների 52%-ն ունի կանաչ գունավորում։ Դա լանդշաֆտների գեղագիտական գրավչության դրական հատկանիշ է համարվում և հանգստացնող ազդեցություն ունի մարդու վրա։ Ամենից քիչ տոկոսային մասնաբաժին ունի սպիտակ գույնը։ Մարզի տարածքի 36%-ն առանձնանում է բարձր և շատ բարձր բազմազանության ցուցանիշով, իսկ 17,6%-ը՝ բազմազանության շատ թույլ աստիճանով։ Ամռանը գունային բազմազանությամբ առանձնանում է մարզի հյուսիսարևելյան մասը, Որոտան գետի ստորին և միջին հոսանքների հարակից տարածքները, Ողջի, Մեղրի գետերի ավազանները։ Սակայն գեղագիտական ընկալման տեսանկյունից բարձր է գնահատվում բազմազանության միջին աստիճանը, ինչը Սյունիքի մարզում կազմում է 27,2%: Նման բնագիտությամբ են առանձնանում Սյունիքի հարավային հատվածը, հատկապես Արաքս գետի հովտային շրջանները, Սպանդարյանի ջրամբարի շրջակայքը։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
![Creative Commons License](http://i.creativecommons.org/l/by-nc/4.0/88x31.png)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.