«ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱՐԵԽԻՂՃ ՁԵՌՔԲԵՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՆՀԻՄՆ ՍԱՀԱՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.96.035

Keywords:

իրեղեն ապացույց, բարեխիղճ ձեռքբերող, գույքի փաստացի արգելադրում, սեփականության իրավունք, քրեական վարույթ, վնաս, ապացույցի թույլատրելիություն

Abstract

Հոդվածը նվիրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում իրեղեն ապացույցի հասկացության բովանդակության բացահայտմանը, իրավակիրառական պրակտիկայում իրեղեն ապացույցի հասկացության սխալ մեկնաբանությանը և ենթադրաբար հանցավոր ճանապարհով օտարված հողակտորներն իրեղեն ապացույց ճանաելու պրակտիկային: Հեղինակը մանրամասն վերլուծել է նման պրակտիկայի անիրավաչափությունը, ինչի արդյունքում խախտվում են հիմնականում գույքի բարեխիղճ ձեռքբերողների իրավունքները և օրինական շահերը: Հոդվածում հիմնավորվում է, որ անշարժ գույքը, որը չունի վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հատկանիշ չի կարող իրեղեն ապացույց ճանաչվել: Նման գույքն իրեղեն ապացույց ճանաչելու միակ նպատակն այդ գույքի քողարկված արգելադրումն է:

Իրավական հիմքերի բացակայության պայմաններում գույքը իրեղեն ապացույց ճանաչելով, այնուհետև, այն փաստացի արգելադրելով, խախտվում է գույքի սեփականատիրոջ՝ իրեն պատկանող գույքն անարգել տնօրինելու, օգտագործելու և տիրապետելու իրավազորությունը (ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդված),  իր սեփականության իրավունքին միջամտող գործողություններից՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և քր. դատ. օր. 299-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

Ամփոփելով հեղինակն արձանագրում է, որ բարեխիղճ ձեռքբերողին պատկանող անշարժ գույքն իրեղեն ապացույց ճանաչելու և այն փաստացի արգելադրելու պրակտիկան հակասում է իրեղեն ապացույցի հասկացության վերաբերյալ ձևավորված և համընդհանուր ճանաչում ստացած տեսական մոտեցումներին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 94-րդ և 98-րդ հոդվածներին, խախտում է բարեխիղճ ձեռքբերողի ինչպես սեփականության, այնպես էլ դատական պաշտպանության կոնվենցիոնալ և սահմանադրական իրավունքները, ուստի ենթակա է վերանայման:

Author Biography

Դավիթ Մելքոնյան, Yerevan State University

ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի
ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու

Downloads

Published

2023-09-30