ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՍՏ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ

Authors

  • Անի Դանիելյան Суд первой инстанции Гегаркуникской области (марза)

Keywords:

գաղտնի քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քրեադատավարական գործունեություն, նախնական դատական վերահսկողության առարկա, անձի իրավունքների սահմանափակում, իրավաչափության երաշխիքներ, հանցագործությունների շրջանակ, անձանց շրջանակ, վերահսկելի մատակարարում, օպերատիվ ներդնում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում

Abstract

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի (այսուհետ՝ նաև Նոր օրենսգիրք) ընդունմամբ հայ իրավական տեսության և իրավակիրառ պրակտիկայի առջև ծառացել է տասնամյակներով հետազոտված և կիրառված ինստիտուտների վերաիմաստավորման պատասխանատու խնդիր, քանի որ Նոր օրենսգիրքը հիմնված է սկզբունքորեն նոր հայեցակարգի վրա: Այս տեսանկյունից մեծ արդիականություն ունի գաղտնի գործողությունների նոր կարգավորումների հետազոտությունը:

Սույն աշխատության շրջանակներում հայեցակարգային տեսանկյունից հետազոտվել է գաղտնի քննչական գործողությունների՝ Նոր օրենսգրքով նախատեսված մոդելը, վեր հանվել նմանաբնույթ գործողությունների նորմատիվ կարգավորման իրավաչափությանն առաջադրվող միջազգային չափորոշիչները, քննարկվել նախկին իրավական կարգավորումների պայմաններում ի հայտ եկած տեսական և գործնական որոշ խնդիրներ: Վերջիններիս համատեքստում, նաև միջազգային փորձի հաշվառմամբ, վերլուծության առարկա են դարձվել Նոր օրենսգրքի իրավական կարգավորումները:

Վերլուծության արդյունքում եզրահանգում է արվել այն մասին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների մի մասը քրեական դատավարության օրենսգրքում

ներառելով և դրանց «գաղտնի քննչական գործողություններ» անվանելով՝ նորմատիվ մակարդակում լուծում է ստացել դրանց իրավական բնույթի վերաբերյալ հարցը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների մի մասը որպես գաղտնի քննչական գործողություններ առանձնացնելու օբյեկտիվ չափանիշը վեր հանելու շրջանակներում՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերի հաշվառմամբ՝ առաջարկվել է վերահսկելի մատակարարումը և գնումը, ինչպես նաև օպերատիվ ներդնումը նախատեսել որպես գաղտնի քննչական գործողություններ: Առաջարկվել է նաև դրանք ներառել նախնական դատական վերահսկողության առարկայի շրջանակներում: Հեղինակի համոզմամբ՝ դրանով հնարավոր կլինի ապահովել այդ գործողությունների արդյունքները որպես ապացույցներ օգտագործելը և առանձին ոլոտներում հանցավորության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացումը:

Հեղինակն արձանագրել է, որ նոր կարգավորումները նախկին կարգավորումների համեմատ ըստ էության ենթադրում են այն հանցագործությունների շրջանակի ընդլայնում, որոնցով թույլատրվում է կատարել գաղտնի քննչական գործողություներ: Մասնավորապես՝ նոր կարգավորումների պայմաններում բոլոր գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ինչպես ծանր կամ առանձնապես ծանր, այնպես էլ կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով: Այս կապակցությամբ ընդգծվել է, որ Նոր օրենսգրքի հիշյալ մոտեցումը համահունչ է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորություններին։

Ձևավորված իրավակիրառ պրակտիկայի հաշվառմամբ Հեղինակը մտահոգություն է հայտնել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման բովանդակությունը կազմող որոշ տեղեկատվություն ստանալը նույնպես ծանր կամ առաձնապես ծանր կամ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով սահմանափակելու կապակցությամբ: Մասնավորապես՝ քննարկվող գործողությունները, հատկապես բաժանորդի մուտքային և ելքային զանգերը, հեռախոսային հաղորդակցությունը սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ստանալը (վերծանում) խիստ լայն կիրառություն և կարևոր ապացուցողական նշանակություն ունեն, այդ թվում՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ գործերով:

Անդրադառնալով անձանց շրջանակի սահմանման վերաբերյալ Նոր օրենսգրքի կարգավորումներին՝ Հեղինակը եզրահանգել է, որ այն ըստ էության համապատասխանում է միջազգային չափանիշներին և հստակ լուծում է տալիս այս պահին գործնականում առաջացած մի շարք հարցերի: Միևնույն ժամանակ Հեղինակը

նկատել է, որ հեռախոսային խոսակցությունների ձայնագրման կապակցությամբ Եվրո-պական դատարանն իրավաչափ է գնահատում նաև հանցագործության մասին տեղե-կություն ունեցող այլ անձի իրավունքի սահմանափակումը, սակայն Նոր օրենսգրքով, ի տարբերություն նախկինի, այլ ֆիզիկական անձի նկատմամբ քննարկվող գործողության կատարումը սահմանափակված է մեղադրյալի հետ հաղորդակցվելու հիմնավոր ենթադրության վերաբերյալ պայմանով:

Իրականացված հետազոտության արդյունքում Հեղինակը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունում ներդրվել է գաղտնի գործողությունների սկզբունքորեն նոր հայեցակարգ, որն ունակ կլինի նոր, որակապես բարձր հարթությունում ապահովել իրավական պետությունում անձի իրավունքները և հանցագործությունների բացահայտման հանրային շահը: Իսկ դրա առանձին բացեր և թերություններ հնարավոր կլինի առարկայական քննարկել բացառապես գործնական կիրառությունից հետո:

Author Biography

Անի Դանիելյան, Суд первой инстанции Гегаркуникской области (марза)

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության
առաջին ատյանի դատարանի դատավոր,
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի

ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու

Downloads

Published

2021-10-08