ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՉԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ԲԵԿԱՆԵԼՈՒ ՎՃՌԱԲԵԿ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Authors

  • Տաթևիկ Սուջյան Երևանի պետական համալսարան

Keywords:

գործն ըստ էության չլուծող դատական ակտ, վճռաբեկ վերանայման լիազորություններ, դատական ակտի բեկանում, դատական վերանայման իրավունք, արդարադատության արդյունավետություն

Abstract

Քրեադատավարական գործող կարգավորումների վերլուծությունից բխում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտը վերանայելիս ՀՀ Վճռաբեկ դատարանը լիազորված է բացառապես մերժելու բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնելու նոր դատական ակտ։ Եթե Վճռաբեկ դատարանի՝ քննարկվող լիազորություններից առաջինի առնչությամբ՝ գործնականում մեկնաբանության և կիրառության հետ կապված խնդիր չկա, ապա երկրորդի պարագայում պարագայում իրավիճակն այլ է։ Մասնավորապես, երկրորդ լիազորության հետ կապված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանության համաձայն՝ նոր դատական ակտի կայացումը ենթադրում է ցանկացած լիազորության իրացում, որը Վճռաբեկ դատարանն ունի գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս, այդ թվում՝ դատական ակտի բեկանումը և գործը նոր քննության ուղարկելը։  Մինչդեռ նույն հարցի առնչությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տված մեկնաբանությունն այն է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, մասնավորապես կալանավորման մասին որոշման վերանայման շրջանակում վերանայումն իրականացնող դատարանը լիազորված է բացառապես դա որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու մասին որոշում կայացնել՝ առանց գործը նոր քննության ուղարկելու։ Այս լուծումն է տրված նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում։

Խնդիրը դիտարկելով դատական վերանայման իրավունքի և արդարադատության արդյունավետության շահի հավասարակշռման համատեքստում գործնականում արձանագրված խնդիրների լույսի ներքո հոդվածում եզրահանգում է կատարվել, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վճռաբեկ վերանայման լիազորությունների օրենսդրական կարգավորումը պետք է ներառի նաև դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հնարավորությունը։ Այլ հարց է, որ պայմանավորված՝ այս տեսակի դատական ակտերի բողոքարկման և վերանայման արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնական դատավարական որոշման կայացման անհրաժեշտությամբ՝ գործնականում  նշված լիազորության իրացումը պետք է հիմնավորված լինի անձի իրավունքների և իրավաչափ շահերի ապահովման գերակա շահի առկայությամբ։

Author Biography

Տաթևիկ Սուջյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու

Downloads

Published

2021-10-08