| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հանքայնացման տեղայնացման համար բարենպաստ տարածքների բացահայտումը նոր հանքային դաշտերի և հանքավայրերի հայտնաբերման ճանապարհն է: Շատ դեպքերում ոչ բոլոր հանքվերահսկող կառույցներն են լինում բացահայտված և հաճախ շատ կարևոր տարրեր թաքնված են մնում, ինչի հետ կապված, տարբեր մասշտաբի հանքային տաքսոնների դիրքը ճիշտ չի մեկնաբանվում։ Վերջինս չի նպաստում համանման պայմանների, և համա-պատասխանաբար նոր հանքային կուտակների բացահայտմանը։ Թույլ արտահայտված լինիամենտների և օղակաձև կառույցների բացահայտումը, որոնք ոչ հաճախ ունեն առաջնային դեր, հանքավայրի կառուցվածքային ամբողջական պատկերը բացահայտելու համար ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։ Կատարված ուսումնասիրությունները թույլ են տվել բացահայտել կրիպտոկառույցները, ըստ երկրաբանակառուցվածքային դիրքի խմբավորել հանքային դաշտերը։ Արդյունքում պարզվել է, որ մարզի արդյունաբերական հանքավայրերը տեղակայված են երեք տիպային պայմաններում. օղակաձև և աղեղնաձև կառույցներում, խոշոր խզվածքների զոնաներում և օղակաձև կառույցներից ու խոշոր խզվածքների զոնաներից դուրս, որոնք հարում են տեղային խզվածքներին (երկրորդ–երրորդ կարգի)։ Հանքավայրերի մեծ մասը տեղակայված է առաջին երկրաբանակառուցվածքային տիպում։ Այս տիպային խմբին է պատկանում Թեղուտի պղինձ-պորֆիրային խոշոր հանքավայրը, մնացածը ունեն միջին մասշտաբ և պատկանում են պղինձկոլչեդանային (Շամլուղ և Ալավերդի), բազմամետաղ կոլչեդանային (Ախթալա) և ոսկի-բազմամետաղային (Արմանիս) ֆորմացիոն տիպերին։ Յուրաքանչյուր օղակաձև կառույցում տեղակայված է մեկ արդյունաբերական օբյեկտ։ Մարցիգետ-Լալվարի խոշոր խզվացքի զոնային հարում է միակ Մարցիգետի հանքային դաշտը, որտեղ բացահայտված են երեք ոչ մեծ չափսի տեղամասեր, որտեղ գումարային առումով կենտրոնացված են ոսկի-բազմամետաղային հանքաքարերի փոքր պաշարներ։ Տեղային խզվածքներին հարում են կոլչեդանային տիպի փոքր հանքավայրեր՝ Հագվի, Արջուտ և Մղարթ, որտեղ հիմնական արժեքը կապված է ոսկու պաշարների հետ։ Արդյունաբերական հանքային կուտակումների տեղաբաշխման բացահայտված օրինաչափությունը թույլ է տվել եզրագծելու նոր մակերեսներ, որոնք բարենպաստ են մարզի պրոֆիլային հանքային ֆորմացիաների նոր օբյեկտների հայտնաբերման համար։ Դրանք բոլորը գտնվում են մարզի հարավային հատվածում։ Դրանք օղակաձև կառույցներ են տեղակայված Պուշկինո-Աջարկուտի խզվածքի գոտում։ Տրված է սպասվող հանքային կուտակումների քանակական գնահատականը։ Ձեռք բերված տեղեկատվության կիրառումը պետք է դրական ազդի երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունավետության վրա։
Սույն հոդվածի հիմնական նպատակն է մշակել մեթոդաբանական մոտեցումներ և գնահատել Հայաստանի տարածքի ենթակառուցվածքի գծերի (բարձրավոլտ էլեկտրամատակարարման գծեր, բարձր ճնշման գազամատակարարման խողովակաշարեր, հիմնական ջրագծեր, երկաթուղիներ և մայրուղիներ, հեռահաղորդակցության մալուխներ) սեյսմիկ ռիսկը: Ռիսկը գնահատված է՝ հաշվի առնելով սեյսմիկ վտանգը, ենթակառուցվածքի գծերի առանձնահատկություններն ու դրանց վրա ավերիչ երկրաշարժի ազդող գործոնները։ Ազդող գործոնները, ըստ ծագումնաբանության, պայմանականորեն բաժանվել են երկու խմբի՝ ուղիղ և երկրորդային (անուղղակի)։ Ուղիղ գործոնները ձևավորվում են միայն բնահողի որոշակի ուժգնության տատանումների արդյունքում (Հայաստանի տարածքում 9–10 բալ ուժգնության, ըստ EMS-98 սանդղակի)՝ անկախ տեղային երկրաբանական և երկրաձևաբանական պայմաններից։ Երկրորդային գործոնները ակտիվանում կամ առաջանում են բնահողի սեյսմիկ տատանումների արդյունքում (պարտադիր չէ ուժեղ), բայց այն տարածքներում, որտեղ զարգացած են վտանգավոր սեյսմա-գրավիտացիոն երկրաբանական առաջացումները (սողանքներ, փլուզումներ, քարաթափումներ և այլն) կամ առկա են որոշակի բարենպաստ պայմաններ լանջերով ապարների զանգվածների տեղաշարժի համար։ Երկրորդ դեպքում՝ երկրաշարժը կարող է «թողարկման մեխանիզմի» դեր խաղալ վտանգավոր երկրաբանական երևույթների ակտիվացման կամ ձևավորման համար։ Այդ գործոններից են՝ բեկվածքներն ու խզվածքները, սողանքները, փլուզումները, քարաթափումները, բնահողի հեղուկացումն ու նստեցումը և այլն: Տրվում է դրանց առաջացման տարածքը՝ հաշվի առնելով երկրաշարժի ուժգնությունը։ Սեյսմիկ ռիսկը գնահատելիս հատուկ ուշադրություն է դարձված տարածաշրջանային բեկվածքներին, մակերևութային խզվածքներին, սողանքներին և փլվածքներին, որոնք լայնորեն տարածված են Հայաստանում և զգալի վնաս են հասցնում ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա ենթակառուցվածքի գծերին: Ենթակառուցվածքի գծերի սեյսմիկ խոցելիությունը գնահատելիս առաջնային տեղ է հատկացված 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունից կախված դրանց վնասվելու վիճակագրական տվյալներին։ Հետազոտությունների արդյունքում մշակվել են մեթոդաբանական մոտեցումների նոր տարրեր և դրանց հիման վրա կազմվել է Հայաստանի տարածքի ենթակառուցվածքի գծերի սեյսմիկ ռիսկի առաջին քարտեզը։
Նոր տվյալներ են ներկայացվել Տավուշի մարզի հյուսիսարևելյան հատվածի փուխր գոյացությունների դաշտային քարտեզագրման և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերաբերյալ: Հիմնական ուշադրությունը դարձվում է Վարագաջուր, Տավուշ և Խնձորուտ գետերի ստորին ավազաններում լայնորեն տարածված խիտ, միկրոփորիկ, բաց դեղին, փոշոտ և հիմնականում առանց քարե նյութի ներառման, սովորաբար չկառուցված կավավազներին, ավազակավերին, կավերին և դիատոմիտներին, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է մինչև 25–30 մ: Դրանք գտնվում են ռելիեֆի տարբեր ձևերի վրա, համընկնում են երկրորդ և երրորդ դարավանդների գետաբերուկներին, հնագույն արտաբերման կոններին, տարբեր արմատական ապարներին, նկատելի են բարձր լանջերով մինչև 1400–1500 մ բացարձակ բարձրություն և արտաքին տեսքով հիշեցնում են լյոսանման ավազակավեր: Մեր կողմից ընդունվում են որպես լճային նստվածքներ, որոնք վերամշակվել են հիպերգենեզի արդյունքում։ Այս նստվածքները բնութագրվում են կարբոնատության բարձրացմամբ (մինչև 8,02–10,58%), դրանցում հայտնաբերվում են նորագոյացություններ 2–3 սմ-ից մինչև 10 սմ տրամագծով կարբոնատային կապերի տեսքով, պարունակում են ֆորամինիֆերի կճեպներ, որոնք բնորոշ են այստեղ տարածված կրաքարերին: Ժամանակակից տեսակներից կան Napaeopsis hohenackeci, որոնք տարածված են ամբողջ Անդրկովկասում և բնորոշ են չորային պայմաններին։ Դիտարկվում են լյոսանման ավազակավերի ֆիզիկական և մեխանիկական հատկությունները, քիմիական կազմը և երկրաքիմիական գործակիցները, ինչպես նաև նույն տարածքում կրաքարերի վրա ձևավորված հին հտղմահարման կեղևը: Լյոսանման կուտակումների ավազակավերի և կավերի հատիկաչափական սպեկտրում ամենամեծ պարունակությունը բաժին է ընկնում 0,05–0,01 մմ (38,96 և 31,69%) ֆրակցիային, իսկ հտղմահարման կեղևի կավերում <0,005 մմ (46,93%) ֆրակցիային։ Հողմահարման կեղևի կավերը նույնպես առանձնանում են ավելի մեծ պլաստիկությամբ՝ դրանց պլաստիկության քանակը 23,1 է: Հողմահարման կեղևը պարունակում է ավելի շատ քչաշարժ օքսիդներ (SiO2, Al2O3, Fe2O3) և ավելի քիչ CaCO3, քան լյոսանման կավերը: CaCO3-ի ավելի բարձր պարունակությունը լյոսաոնման կավերում հաստատում է դրանց վերափոխումը չորային պայմաններում` կալցիումի կարբոնատի համապատասխան կուտակմամբ: Հայտնաբերվել են նաև դիտարկվող փուխր կուտակումների ձևավորման պայմանների տարբերություններ՝ ըստ քիմիական բաղադրիչների՝ դրանց երկրաքիմիական գործակիցների հարաբերակցության: Al2O3/TiO2, CaO/MgO, (CaO+Na2O+K2O)/Al2O3 գործակիցների ցածր արժեքները հողմահարման կեղևի կավերում վկայում են դրանց ավելի մեծ հողմահատվածության մասին, քան լյոսանման կավերը: Միևնույն ժամանակ, հողմահարման կեղևի կավերը առանձնանում են Fe2O3/FeO օքսիդացման, Fe2O3/MgO տարրալուծման և H2O–/(MgO+CaO+Na2O+K2O) հիդրատացման ավելի բարձր գործակիցներով: Դրանցում ավելի շատ պահպանվել են նաև հազվագյուտ (R=La+Y+Yb+Nb+Ta), փոքր ապարածին (S=Be+Li+B+Rb) և մետաղական տարրեր (M=Cu+Pb+Zn): Նշվում է, որ փուխր կուտակումների երկրաքիմիական գործակիցները թույլ են տալիս բացահայտելու դրանց գոյացման կլիմայական պայմանները:
Վերջին տասնամյակներին լեռնային երկրներում, հատկապես գյուղա-կան տարածքներում, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացներում դիտվում են բացասական միտումներ: Հոդվածում տրված է ՀՀ գյուղական բնակչության բացարձակ թվի, բնական շարժի, գյուղերի միջին մարդաշատության և տարիքային կառուցվածքի վերլուծություն: Վեր են հանվել ՀՀ գյուղական տարածքների առավել արդիական հիմնախնդիրները, կապված ժողովրդագրական գործընթացների հետ, տրվել են դրանց լուծման ուղիները: Որպես բազային նյութ օգտագործվել են ՀՀ ՎԿ-ի կողմից հրապարակած ՀՀ 37 տարածաշրջանների տարբեր տարիների գյուղական բնակչության բացարձակ թվի, տարիքային կառուցվածքի, ծնելիության, մահացության և գյուղերի մարդաքանակի վերաբերյալ տվյալները: 2001–2023 թթ. ՀՀ գյուղական բնակչության բացարձակ թիվը նվազել է 65,6 հազարով կամ 5,7%-ով: Բացի այլ գործոններից՝ ՀՀ գյուղական բնակչության թվի նվազումը պայմանավորել են նաև արտաքին միգրացիայի բացասական մնացորդը և գյուղական բնակչության ժողովրդագրական գործընթացներում դիտվող բացասական միտումները: Երկրում գյուղական բնակչության թվի նվազումը ազդել է նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճի վրա: Դա պայմանավորված է նաև գյուղական տարածքներում աշխատուժի բացարձակ թվի նվազման հետ, որի հետևանքով հանրապետությունում չեն օգտագործվում տասնյակ հազարավոր հեկտար վարելահողեր և գյուղատնտեսական նշանակության այլ հողեր, քանի որ ՀՀ-ում գյուղատնտեսությունն առայժմ ունի ինտենսիվացման ոչ բարձր մակարդակ: 2022 թ. դրությամբ ՀՀ 443,4 հազ. հա վարելահողերից օգտագործվել են միայն 212,4 հազ. կամ 47,9%-ը: 2015–2021 թթ. մինչև 200 բնակիչ ունեցող գյուղերի թիվն ավելացել է 1,8%-ով (16,1–17,9%): Մինչև 500 բնակիչ ունեցող և ժողովրդագրական առումով ավելի խոցելի գյուղերի թիվն ավելացել է 30-ով կամ 9,5%-ով: 2010 թվականի համեմատությամբ 2021թ. գյուղական բնակչության բնական աճի գործակիցը նվազել է 3,1‰-ով: 2001–2022 թթ. երկրում աշխատունակ տարիքից ցածր գյուղական բնակչության բաժինը նվազել է 8,6%-ով, որը բացարձակ թվով կազմել է 112,7 հազ. մարդ: Ոչ նպաստավոր ժողովրդագրական գործընթացների պատճառով առաջ են եկել խնդիրներ, որոնք խոչընդոտում են գյուղական տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ստացված արդյունքները կարող են օգտագործվել կառավարման հանրապետական և տեղական մարմինների կողմից առանձին տարածաշրջանների, համայնքների, գյուղական տարածքների և բնակավայրերի վերաբերյալ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման աշխատանքներում:
Հոդվածում ներկայացված է մշակութային ժառանգության վրա հիմն-ված փորձառական զբոսաշրջության (ՄԺՀՓԶ) զարգացումը ՀՀ-ում. դրա պատմությունը, ժամանակակից վիճակը, ճյուղային և տարածքային կառուցվածքը, զարգացման գործոնները։ Փորձագիտական հարցազրույցների և փորձառական զբոսաշրջային արտադրանք արտադրող ձեռնարկությունների ուսումնասիրության հիման վրա հոդվածում բացահայտված են այս զբոսաշրջության հիմնական կարիքները և զարգացման հնարավոր ուղղությունները։ Հոդվածում պատասխան է տրվում հետևյալ հարցերին. որո՞նք են ՀՀ-ում մշակութային ժառանգության վրա հիմնված զբոսաշրջության շարժիչ ուժերը, և կա՞ն արդյոք որոշակի կարիքներ, որոնք այս մոտեցման կիրառումը արդիական են դարձնում ՀՀ զբոսաշրջության կայուն զարգացման համար: Հայաստանում մշակութային զբոսաշրջության արմատները կարելի է գտնել դեռևս 1960-ականերից սկսած, երբ, հատկապես Սփյուռքում ապրող հայերը, այցելում էին իրենց պատմական հայրենիք՝ այն նորովի ընկալելու, վայելելու և վերաիմաստավորելու համար։ Այդ այցելությունները հիմնականում կրում էին ճանաչողական բնույթ՝ դեպի նյութական պատմամշակութային կոթողներ էքսկուրսիաների կազմակերպման տեսքով։ ՀՀ անկախացումից հետո, սկզբնական շրջաններում, պահպանվեց նույն պատկերը, բայց, հատկապես վերջին տասնամյակներում նաև ոչ նյութական մշակութային ժառանգությունը նույնպես սկսեց օգտագործվել զբոսաշրջային նպատակներով, որով էլ հիմք դրվեց երկրում փորձառական մշակութահենք զբոսաշրջության զարգացմանը։ Կատարված հետազոտության հիման վրա կարելի ներկայումս հստակ եզրակացնել հետևյալը, որ ա) ՄԺՀՓԶ արդեն իսկ զարգանում է ՀՀ-ում՝ գլխավորպես միջազգային կազակերպությունների ներդրումային ծրագրերի շնորհիվ, բ) ՄԺՀՓԶ գլխավորապես զարգացել է մարզերում՝ հատկապես գյուղական համայնքներում, գ) ՄԺՀՓԶ հիմնվում է հայկական խոհանոցի և արվեստի ու արհեստի ոչ նյութական մշակութային ժառանգության օգտագործման վրա, դ) ՄԺՀՓԶ դեռևս չունի համընդհանուր տարածում գտած ընկալում կամ մեկնաբանություն ՀՀ-ում, ե) ՄԺՀՓԶ համար գրեթե բացակայում է պետություն-մասնավոր-կրթական/գիտական հաստատություններ համագործակցությունը, զ) ՄԺՀՓԶ զարգացմանը խոչընդոտում են ձեռնարկություններում սերվիսի կազմակերպման խնդիրները, մարդկային ռեսուրսների երբեմն ցածր որակավորումը, իրավական կարգավորումների անկատարությունը (ստանդարտացման և լիցենզավորման շրջանակներում), ձեռնարկությունների միջև համագործակցության ցածր մակարդակը կամ բացակայությունը, տուրօպերատորների կողմից մշակված տուրփաթեթներում այս զբոսաշրջության առաջարկների ներառվածության ցածր տոկոսը կամ բացակայությունը, է) ՄԺՀՓԶ կրթական ծրագրերի բացակայությունը ՀՀ բուհերում, ը) ՄԺՀՓԶ զբաղվող մարդկանց համար կա մասնագիտացված վերապատրաստումների անհարժեշտություն, թ) ՄԺՀՓԶ գործող ձեռնարկությունների համար կա մարկետնիգային ռազմավարությունների բարելավման անհարժեշտություն։
2023 թ․-նի օգոստոսի 29-ին Երևանի պետական համալսարանում առկա և առցանց ձևաչափով կայացել է "Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները կիսալեռնային և լեռնային երկրներում" խորագրով միջազգային գիտակիրառական գիտաժողովը։ Գիտաժողովի նպատակն էր քննարկել, վերհանել և պարզաբանել հիդրոօդերևութաբանության ոլորտում ծառացած գերակա խնդիրները, զարգացման օրինաչափությունները և հեռանկարները, գնահատել դրա դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մեջ: Գիտաժողովն անցկացվել է ՇՄՆ "Հայհիդրոմետ" ՊՈԱԿ-ում իրականացվող ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի "Սևանա լիճ թափվող գետերի ձմեռային սակավաջուր շրջանի ջրի ծախսի բնութագրերի ջրաէկոլոգիական գնահատումը" և ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության "ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ՀՀՌՀ-2020" միջազգային մրցույթի շրջանակում իրականացվող "Գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում" թեմաների շրջանակում։ Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի, Սանկտ Պետերբուրգի հիդրոօդերևութաբանության համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (Գիտության և բարձր տեխնոլոգիաների դաշնային կենտրոն) հետ համատեղ։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են բազմաթիվ զեկուցումներ՝ նվիրված հիդրոօդերևութաբանության առջև ծառացած արդի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Ելույթով հանդես են եկել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հ. Հովհաննիսյանը, "Հայհիդրոմետ" ՊՈԱԿ-ի տնօրեն Լ.Ազիզյանը, Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանության համալսարանի ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնի դոցենտ Ե. Գայդուկովան, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (Գիտության և բարձր տեխնոլոգիաների դաշնային կենտրոն) տնօրեն Մաքսիմ Բեդիլոն, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի ժ․պ․ Շ. Խաչատրյանը։ "Հայհիդրոմետ" ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հատուկ երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանության համալսարանին՝ ի դեմս Ե․ Գայդուկովայի և Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին՝ ի դեմս Ն․ Ֆրոլովայի (նախագծի գիտական խորհրդատու)՝ գիտաժողովի կազմակերպման գործում նրանց ունեցած ներդրման, գիտական թեմաների իրականացման գործընթացներին մասնակցելու, աջակցելու և համագործակցելու համար, ինչպես նաև գիտաժողովի կազմակերպիչ մյուս կազմակերպություններին, այդ թվում՝ ԵՊՀ-ին՝ ի դեմս ռեկտոր Հ․ Հովհաննիսյանի և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Շ․ Խաչատրյանին՝ աջակցության և կազմակերպման համար։ Գիտաժողովին մասնակցում էին ՌԴ պետական հիդրոօդերևութաբանության համալսարանի, Բելառուսի պետական համալսարանի, Խարկովի Վ. Կարազինի անվան ազգային համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի, Լեռնային Ալթայի պետական համալսարանի, Յուգորսկի պետական համալսարանի, "Հայհիդրոմետ" ՊՈԱԿ-ի, Բրետսկի պետական տեխնիկական համալսարանի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի, Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Խ․ Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի, Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները։ Բոլոր մասնակիցներին տրամադրվել է հավասագիր։
Կլիմայի փոփոխության համատեքստում բնական ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու պաշտպանությունը ջրային ռեսուրսների կառավարման առանցքային խնդիրներից են։ Հայաստանն այն երկրներից է, որտեղ կլիմայական փոփոխություններն ակնհայտ են վերջին տասնամյակների ընթացքում։ ՀՀ օդի ջերմաստիճանի վերաբերյալ պատմական տվյալները վկայում են վերջին տասնամյակների ընթացքում զգալի աճի միտումի մասին։ Հոդվածում ներկայացված են Հայաստանի գետերի ջրի քանակի և որակի վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման արդյունքները։ Գետերի բնական հոսքի վրա կլիմայի փոփոխության ազդեցության կանխատեսումները և քննարկումներն իրականացվել են տարբեր մեթոդների և մոդելների կիրառմամբ: Պարզվել է, որ հարկավոր է մշակել համապատասխան հարմար-վողական միջոցառումներ և դրանք ներառել ազգային և տարածաշրջանային ջրային ռազմավարություններում և ավազանային կառավարման պլաններում՝ ուղղված Հայաստանի ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների մեղմանը:
ԵԱՏՄ պայմանագիրը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) մասնակից պետությունների հարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտն է: Պայմանագրում ներկայացված են երկրների միջև հարաբերությունների էկոլոգիական կարգավորման առանձին տարրեր։ Անդրսահմանային բնօգտագործման ոլորտում ԵԱՏՄ երկրների հետ Ռուսաստանի Դաշնության փոխգործակցության աստիճանի գնահատումը վկայում է բնական ռեսուրսների կառավարման կազմակերպման գործում համակարգված մոտեցման անհրաժեշտության մասին: Չնայած ԵԱՏՄ երկրներում մի շարք խնդիրների լուծման գործում նշանակալի հաջողություններին, միջպետական փոխգործակցության նոր ձևաչափի ստեղծումը պետք է ակտիվացնի անդրսահմանային տարածքներում կայուն բնօգտագործման հասնելու համար ինտեգրված ռազմավարությունների մշակումը:
Աշխատանքում ներկայացված են անտառների տարածական և ժամանակային փոփոխությունները Սևանի ավազանում ինչպես նաև ներկա վիճակը։ Ներկայացված է Սևանի ավազանի ընդհանուր ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը, Սևանա լճի ավազանում անտառների մանրամասն բնութագիրը, բնական և մարդածին փոփոխությունները, իրականացվել է այդ փոփոխությունների պատճառահետևանքային կապերի վերլուծությունը։ Վերլուծվել են 2005 թ.-ից իրականացվող Սևանա լճի ավազանում ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառների հատման ծրագրով անտառածածկի փոփոխությունները և դրանց արդյունքում լճի էկոհամակարգում ի հայտ եկած բացասական ջրակենսաբանական պրոցեսները։ Հիմնավորված է անտառապատվածության բարձրացման, լճի շրջակայքում ջրածածկ անտառների փոխարեն նոր, համարժեք անտառաշերտերի հիմնման միջոցով լճի էկոհամակարգում բացասական ջրակենսաբանական պրոցեսները կանխարգելելու և էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու անհրաժեշտությունը։ Ներկայացված են մի շարք գործնական առաջարկներ լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, լճի էկոհամակարգում բացասական ջրակենսաբանական պրոցեսները կանխարգելելու համար՝ թեք լանջերի և էրոզավտանգ տարածքների անտառապատում, ափամերձ գոտու պահպանության միջոցառումների ուժեղացում և այլն։ Անհրաժեշտ է իրականացնել հետազոտություններ ապագայում լճի օպտիմալ մակարդակի որոշման համար՝ հաշվի առնելով փոփոխվող էկոլոգիական պայմանները լճի ավազանում։
2021 թ․-նի հունիսին ՀՀ-ում դիտվել է աննախադեպ բարձր ջերմաստիճան, որը 1961–1990 թթ. նորմայից (13.4℃) 4.2℃-ով բարձր է։ Գրանցված տեղումները (71 մմ) եղել են նորմայից բավականին ցածր (27%)։ Հոդվածում ներկայացված են քարտեզներ հունիս ամսին ՀՀ տարածքում տեղումների բաշխվածության, արբանյակային տվյալների և կայանների տվյալների համեմատության և երաշտային պայմանների վերաբերյալ։
Հայաստանում ձկնաբուծության զարգացումը նպաստել է ոչ տեղաբնակ ձկնատեսակների ներմուծմանը, որոցից են արծաթափայլ կարասը (Carassius gibelio) և ամուրյան նրբաձուկը (Pseudorasbora parva): Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջիններիս արագ բազմացումը՝ մշտադիտարկման գործիքներ մշակելու և տեղական ձկնատեսակների պաշարները պահպանելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրելու արեալի կտրուկ ընդարձակման տարածաժամանակային առանձնահատկությունները: Նպատակին հասնելու համար մշակել ենք համապարփակ տվյալների բազա՝ հիմք ընդունելով գիտական գրականությունը, գիտնականների հետ հարցազրույցները և բաց հասանելիության տվյալների վերլուծությունը: Արդյունքում պարզվել է, որ ձկնաբանական հետազոտությունների ինտենսիվության աճին զուգահեռ այս ձկնատեսակների գրանցումների հաճախականությունը ևս աճել է: Այժմ այս ինվազիվ ձկնատեսակները հանդիպում են ՀՀ բոլոր մարզերում, և վերջիններիս տարածման միակ սահմանափակող գործոնը նրանց ապրելավայրերի ծովի մակարդակից բարձրությունն է, ինչը հավանաբար պայմանավորված է ջրի ջերմաստիճանի ցուցանիշներով:
Հոդվածում քննարկվում են լեռնային ռելեֆի պայմաններում կլիմայի հարմարավետության գնահատման հարցերը, որի բարդությունը պահանջում է իրականացնել տարածաժամանակային ուսումնասիրություն: Հոդվածում որպես օրինակ ընտրվել է Վայոց ձորը, որը տիպիկ լեռնային տարածք է: Այստեղ առկա է կլիմայական փոխկապակցված պայմանների այն անհրաժեշտ բազմազանությունը, կարևորության այն մակարդակը, որոնք Վայոց ձորը դարձնում են երկրաէկոլոգիական հետազոտության տիպիկ օբյեկտ: Այդպիսի հետազոտությունը ոչ միայն գիտամեթոդական հետաքրքրություն է ներկայացնում և օգտակար է այլ լեռնային տարածքների կլիմայի հարմարավետության ուսումնասիրության համար, այլև իր գործնական ուղղվածությամբ կարող է նպաստել Վայոց ձորի տարածական պլանավորման հիմնախնդրի գիտական ճանաչողությանն ու լուծմանը: Ուսումնասիրության նպատակն է մշակել Վայոց ձորի տարածքի կլիմայական հարմարավետության գեոէկոլոգիական ինտեգրալ գնահատման մեթոդաբանություն և մեթոդաբանական մոտեցումներ՝ հիմնված նրա բնական ռեսուրսների ներուժի կենսակլիմայական բաղադրիչի չափելիության և վերլուծության վրա՝ օգտագործելով ինտեգրալ կենսակլիմայական ցուցիչներ: Հոդվածում ներկայացված են Վայոց ձորի կենսակլիմայական ռեսուրսների տարածաժամանակային բաշխման հաշվարկի և վերլուծության արդյունքները։ Համարժեք արդյունավետ ջերմաստիճանը, ճառագայթային համարժեք արդյունավետ ջերմաստիճանը, անհարմարավետության գործակիցն ու եղանակի խստությունն օգտագործվել են որպես հիմնական կենսակլիմայական ինդեքսներ: Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են տարածքի կլիմայական պայմանների որոշ առանձնահատկություններ վերջին տասնամյակների ընթացքում, առանձնացվել են կլիմայական հարմարավետության գոտիները և դրանց տարածքային բաշխվածությունը տարվա տարբեր ժամանակահատվածներում: Պարզվել է, որ հաշվարկված կենսակլիմայական ռեսուրսների բաշխումը Վայոց ձորի տարածքում ունի զգալի տարածական և ժամանակային տարասեռություն, ինչպես նաև բնութագրվում է փոքր տարածքների ձևավորմամբ, որոնք առաջանում են տեղական մթնոլորտային շրջանառության գործընթացներով:
Հոդվածում ամփոփված են ՀՀ Արագածոտնի մարզի ջրային և ռեկրեացիոն ռեսուրսների գեղագիտական գնահատման հետազոտության արդյունքները՝ նպատակ ունենալով վերականգնելու բնակչության առողջությունն ու աշխատունակությունը, կազմակերպել զբոսաշրջային և ռեկրեացիոն միջոցառումներ։
Դիտարկվում են լեռնային գետերի առավելագույն հոսքի կանխատեսման տարբեր մեթոդներ: Կատարվել են մեթոդիկայի վերլուծություն և փորձարկում, հիմնված բազմագործոն ռեգրեսիոն վերլուծության և մաթեմատիկական մոդելավորման վրա, կիրառվել է նաև գրաֆո-անալիտիկ մոտեցում: Բազմագործոն ռեգրեսիոն վերլուծության համար դիտարկվել են գարնանային վարարումների և դրան նախորդող ձմեռային շրջանների տարբեր պրեդիկտորներ: Դիտարկված պրեդիկտորներից մի քանիսը հետագայում ընտրվել են որպես պոտենցիալ: Մաթեմատիկական մոդելավորման մեթոդը հիմնված է ձյան մեջ եղած պաշարների և ջրի կորստի, ինչպես նաև առավելագույն հոսքի ձևավորման վրա գործընթացների մոդելավորման վրա։ Գրաֆո-անալիտիկ մոտեցումը ներառում է բարդ գրաֆիկների կառուցում, որոնք հնարավորու-թյուն են տալիս պատկերավոր ներկայացնել ուսումնասիրվող բնութագրերի օրինաչափություններն ու միտումները: Ուսումնասիրվող մոտեցումների փորձարկման օբյեկտներ են ընտրվել Սամուր և Ռ. Անդյան Կոյսու գետերի ավազանները։ Թվարկած գետերի ջրհավաք ավազաններում օդերևութաբանական բնութագրերի համար ընտրվել են դիտարկումների ներկայացուցչական շարքերով օդերևութաբանական կայաններ: Հետազոտության արդյունքները ստացվել են ոչ միանշանակ։ Բազմագործոն ռեգրեսիոն վերլուծության մեթոդը հնարավորություն տվեց ընտրել պրեդիկտորներ, որոնք տալիս են բավարար կանխատեսում՝ կախված միայն նյութից, հոսքի ձևավորման դինամիկ մոդելի կիրառման արդյունքում ստացվել և օպտիմալացվել են մոդելի պարամետրերը վարարումների ամիսների համար, առանձին կանխատեսումների ճշգրտության և մեթոդիկայի ապահովածության ստուգումը ցույց է տալիս, որ երկու մեթոդիկաներն էլ արդյունավետ են ավելի քան 60%-ով:
Աշխատանքում ներկայացվում է գետերի առավելագույն հոսքի ուսումնասիրություն՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիսարևմտյան դաշնային շրջանի որոշ հյուսիսային շրջանների օրինակով՝ ժամանակակից պայմաններում: Ցույց է տրվում, որ հայտնաբերված կլիմայական փոփոխությունները չեն արտացոլվում դիտարկվող տարածքի գետերի առավելագույն հոսքի վրա: Հաշվարկվել են առավելագույն ծախսի բաշխման պարամետրերը, ստացվել են թերակղզու չուսումնասիրված գետերի ջրաբանական հաշվարկներ կատարելու համար անհրաժեշտ պարամետրեր։
Ռուսաստանի Դաշնության Հյուսիսարևմտյան շրջանի օրինակով դիտարկվում է չուսումնասիրված լճերում ջրի առավելագույն մակարդակի հաշվարկման մեթոդիկան՝ հիմք ընդունելով ուսումնասիրվող տարածքում լճերի ռեժիմի վերաբերյալ առկա ամբողջ տեղեկատվության ընդհանրացումը: Տրված են Ռուսաստանի Դաշնության Հյուսիսարևմտյան և Կոլա թերակղզու հարավային մասի չուսումնասիրված լճերի առավելագույն մակարդակի բաշխման պարամետրերը հաշվարկելու առաջարկություններ:
Ներկայացված են անօդաչու թռչող սարքերի օգտագործման արդյունք-ները հիդրոմետրիկ աշխատանքներ կատարելու համար, օրինակ՝ հուների հետախուզություն, հունային գործընթացների գնահատում, հոսքի արագությունների չափում։ Անօդաչու սարքերի ակտիվ օգտագործումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարական, երկրաբանական և գեոդեզիական հետազոտությունները, թույլ են տալիս խոսել ջրաբանական դաշտային աշխատանքներում նոր սարքավորումների ներդրման հեռանկարների մասին:
Վերլուծվում են Բելառուսի տարածքի հիդրոլոգիական շրջանացման ճշգրտման անհրաժեշտության մոտեցումները։ Քննարկվում են նախկին ԽՍՀՄ և Բելառուսի տարածքներում հիդրոլոգիական շրջանացման մշակման մեթոդներն ու պատմությունը, հոսքի տարածական բաշխման և փոփոխականության օրինաչափությունները, տարբեր տարաշրջաններում հոսքի գիտական հիմքերը: Առաջարկվում է հիդրոլոգիական շրջանացման տարբերակ, որի հիմքում ընկած է ավազանային, լանդշաֆտային և հիդրոլոգիական սկզբունքները:
Դիտարկվում է Ուսանողական գիտական ընկերության միջոցով հիդրոօդերևութաբանության ուսանողների ներգրավման հնարավորությունը Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանի գիտահետազոտական և կրթական գործունեության մեջ։ Վերլուծվում է ուսանողական հասարակության ստորաբաժանումների գործունեությունը և նշվում դրանց զարգացման երկարաժամկետ ծրագրերը: Բացահայտվել են ուսանողական գիտական հասարակության առջև ծառացած արդի մարտահրավերները:
Հոդվածում առաջարկվում է լեռնային տարածքների գեոհամակարգերի վրա մարդածին ազդեցության սքրինինգային ուսումնասիրություններ անցկացնելու տարբերակ: Բնական միջավայրի էկոլոգիական ապակայունացման աստիճանը որակապես գնահատելու համար, որն ակտիվացել է ուժեղացված տնտեսական գործունեության ազդեցության տակ, անհրաժեշտ է որոշել, թե որ չափանիշներն են ավելի նպատակահարմար այս կամ այն տարածքի համար: Բացի այդ, սքրինինգային ուսումնասիրություններն առաջարկում են, որ այդ չափանիշները պետք է դասակարգվեն որպես հասանելի։ Ելնելով ուսումնասիրվող տարածքի առանձնահատկություններից՝ Կենտրոնական և Հարավարևելյան շրջանների համար օգտագործվել են ռեկրեացիոն ծանրաբեռնվածության, ջրի որակի և գյուղատնտեսական նշանակության հողերի տեսակարար կշռի ցուցանիշներ։
Բնական էկոհամակարգերում ջերմոցային գազերի արտանետման և կլանման մոնիտորինգ, ինչպես նաև բնական էկոհամակարգերում ջերմոցային գազերի հոսքը վերահսկելու տեխնոլոգիական լուծումներ մշակելու համար, որոնք ուղղված են դրանց արտանետումների նվազեցմանը և մթնոլորտից դրանց կլանումը մեծացնելուն, Ռուսաստանում ստեղծվել է ածխածնային պոլիգոնների ցանց։ Պիլոտային նախագիծը ցածր ածխածնային զարգացման ռազմավարության կարևոր մասն է՝ Ռուսաստանի տնտեսությունը ածխա-թթվացնելու և այն գլոբալ էներգետիկ անցմանը հարմարեցնելու, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և մինչև 2060 թ.-նը Ռուսաստանում ածխածնային չեզոքության հասնելու համար: Սահմանված նպատակներին հասնելու համար փորձնական նախագիծը օգտագործում է ինտեգրված մոտեցում, ներառյալ ածխածնի հաշվեկշռի և և ջերմոցային գազերի հոսքերի երկրային չափումները, հեռահար զոնդավորման տվյալներն ու մաթեմատիկական մոդելավորման մեթոդները: Ջերմոցային գազերի հոսքերի մոնիտորինգային դիտարկումներ իրականացնելու համար օգտագործվում են ջերմոցային գազերի հոսքերի ուղղակի և անուղղակի որոշման համար փորձարարական մոտեցումների լայն շրջանակ: Դաշտային պայմաններում հոսքերի չափման ուղղակի մեթոդներից օգտագործվում է տուրբուլենտ պուլսացիայի և բացահայտման տեսախցիկների մեթոդները։ Ջերմոցային գազերի հոսքերի մոնիտորինգի համար ածխածնային պոլիգոնները նախատեսվում է բաշխել ցամաքային և ջրային բնական էկոհամակարգերում, ինչը թույլ է տալիս գնահատել ջերմոցային գազերի էմիսիայի և կլանման տարածական ու ժամանակային փոփոխականության մասշտաբները: Հայաստանի տարածքը կլիմայական պայմանների և լանդշաֆտների բազմազանությամբ եզակի տարածաշրջան է։ Ջերմոցային գազերի հոսքերի մոնիտորինգի համակարգի ստեղծումը կարող է ծառայել որպես բնական էկոհամակարգերի կողմից կլիմայական ակտիվ գազերի արտանետման և կլանման վերաբերյալ ներկայացուցչական տվյալներ ստանալու երաշխիք, առաջիկա տասնամյակներում Հայաստանի ածխածնային չեզոքության հասնելու հեռանկարով։
Ջրի մակերևութային ջերմաստիճանը լճի էկոլոգիական վիճակի վրա ազդող կարևորագույն գործոն է։ Հեռազննման մեթոդները լճի ջրի մակերևութային ջերմաստիճանի ստացման կարևոր գործիք են, որոնք տալիս են պարբերական տեղեկատվություն լճի ամբողջ մակերևույթից։ Հետազոտության նպատակն է հեռազննման տվյալների հիման վրա գնահատել Սևանա լճի մակերևույթային ջերմաստիճանի տարածաժամանակային փոփոխությունները և վերլուծել լճի ջրի մակերևույթային ջերմաստիճանի և լճի ավազանի օդի ջերմաստիճանի միջև առկա փոխկապակցվածությունը։ Արդյունքները հաստատում են Սևանա լճի ջրի մակերևութային ջերմաստիճանի և լճի ավազանի օդի ջերմաստիճանի միջև գոյություն ունեցող փոխկապակցվածությունը։ p < 0,01 հավաստիության պայմաններում ստացվել են կորելյացիայի հետևյալ արդյունքները՝ ջրի մակերևութային տասնօրյա և օդի տասնօրյա միջին ջերմաստիճանների միջև՝ r = 0,929 գործակցով, ջրի մակերևութային ամսական միջին և օդի ամսական առավելագույն ջերմաստիճանների միջև r = 0,918 գործակցով, ջրի մակերևույթի ամսական և օդի ամսական առավելագույն ջերմաստիճանների միջև r = 0,961 գործակցով։ Հեռազննման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս լճի ջրի մակերևութային ջերմաստիճանի ինչպես օրինաչափությունները, այնպես էլ օրինաչափություններից տարբերվող վարքը։
Ուկրաինայի սոցիալ-տնտեսական զարգացման օպտիմալ ռազմավարությունը պահանջում է բնական և սոցիալ-տնտեսական ձևավորումների միջև կոնկրետ կապերի ուսումնասիրություն, ինչպես նաև բնական լանդշաֆտների և դրանց բաղադրիչների գործառույթների լայնածավալ և խորը խանգարումների ուսումնասիրություն: Դա վերաբերում է նաև կենսոլորտի այն բաղադրիչին, որն առավել կայուն է մարդու գործունեության բացասական ազդեցությանը՝ մթնոլորտին և դրա կլիմայական բաղադրիչին:
Հոդվածում անդրադարձ է կատարվում Տավուշի մարզի անտառածածկի բնամարդածին տարածաժամանակային փոփոխությունների հարցերին: Մասնավորապես, Իջևանի անտառտնտեսության օրինակով, անտառազրկման բացասական հետևանքները բացահայտվել և ուսումնասիրվել են հետևյալ ինդիկատորների միջոցով՝ անտառածածկ տարածքի և անտառի տեսակային կազմի փոփոփություն, անտառի ֆրագմենտացիա և եզրագծի փոփոխություն, սողանքային և սելավային երևույթների դինամիկա:
2023 թվականի սեպտեմբերին լրանում է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի գեոմորֆոլոգիայի ամբիոնի հիմնադրման 55-ամյակը։