About the Journal
«Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» (ՕԼԲԴ) (ISSN 1829-2453) գիտական հանդեսը «Օտար լեզուներ. Արտասահմանյան գրականություն» միջբուհական գիտական աշխատությունների ժողովածուի (ISSN 0234-7288) իրավահաջորդն է, որը լույս էր տեսնում ՀՍՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության կողմից 1980թ.-ից մինչև 1991թ.: Պարբերականը վերականգնվել է 1995թ. «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» խորագրով Երևանի պետական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ:
«Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» պարբերականը ունի հստակ մասնագիտական ընդգրկում, այն արդյունավետ հարթակ է գիտական քննարկումների, մտքերի փոխանակման և մասնագիտական զարգացման համար և իր ուրույն դերն ունի օտար լեզուների ոլորտում հետազոտությունների խթանման, ինչպես նաև օտար լեզուների դասավանդման և ժամանակակից մեթոդաբանության մշակման հարցերում:
«Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» պարբերականն ընդգրկում է հետևյալ բաժինները` Լեզվաբանություն, Օտար լեզուների դասավանդման մեթոդաբանություն և Արտասահմանյան գրականություն: Այն տպագրության է ընդունում գերմանական, ռոմանական և սլավոնական բանասիրության և գրականագիտության արդի խնդիրներին, ինչպես նաև դասավանդման ժամանակակից մեթոդների ուսումնասիրությանը նվիրված հոդվածներ: Հոդվածներն հրատարակվում են ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներով` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, ինչի շնորհիվ մեր երկրում բանասիրության ոլորտում կատարվող հետազոտությունները հասանելի են դառում նաև միջազգային գիտական հանրությանը:
Հրատարակման ենթակա նյութերը գրախոսվում են տվյալ ոլորտի առաջատար մասնագետների կողմից, խմբագրվում և հանձնվում են տպագրության խմբագրական խորհրդի երաշխավորությամբ:
«Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» գիտական պարբերականը լույս է տեսնում տարեկան երկու անգամ: Այն գրանցված է պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման համակարգում և ունի ISSN 1829-2453 համարանիշը: Հանդեսն ընդգրկված է Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գրախոսվող հանդեսների ցանկում:
Հրապարակված բոլոր հոդվածները տեղադրվում են Երևանի պետական համալսարանի կայքում` բաց և ազատ մուտքով (http://publications.ysu.am, journals.ysu.am): Ձեռագրերի ներկայացումը, խմբագրակազմի կողմից դիտարկումն ու հրատարակումը հեղինակների համար անվճար է:
Խմբագրական խորհրդի կազմում ընդգրկած են ոլորտի առաջատար մասնագետներ, գիտության դոկտորներ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի առաջատար համալսարանների գիտնականներ:
«Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» պարբերականի գլխավոր խմբագիրն է բ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ անգլերենի ամբիոնի վարիչ Ելենա Երզնկյանը (yerznkyan@ysu.am):