Քրիստափոր Միքայելյանի նահատակության արձագանքները հայ մամուլի էջերում և կովկասահայ մտավորականության միջավայրում

Հեղինակներ

  • Հովիկ Գրիգորյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2025.22.1.068

Ամփոփում

ՀՅԴ հիմնադիր ու առաջնորդ Քրիստափոր Միքայելյանի հասարակական, քաղաքական, հրապարակախոսական ու հեղափոխական գործունեությունը նրա նահատակությանը հաջորդած 120 տարիներին եղել է լուրջ քննարկումների առարկա ինչպես գաղափարակիցների, այնպես էլ քննադատների կողմից: Նրան նվիրված ծավալուն ուսումնասիրություններ են թողել ՀՅԴ նշանավոր գործիչներ Ա. Ահարոնյանը, Մ. Վարանդյանը, Ե. Ֆրանգյանը և ուրիշներ: Այդ գործերը, որպես կանոն, ստեղծվել են Ք. Միքայելյանի նահատակվելուց երկար տարիներ անց, և դրանց հեղինակները հնարավորություն են ունեցել տեղի ունեցած բուռն, նաև ողբերգական իրադարձությունների համապատկերի ու դասերի հենքի վրա ներկայացնելու ՀՅԴ առաջնորդի կերպարը: Մինչդեռ հետազոտողների ուշադրությունից գրեթե դուրս են մնացել ՀՅԴ առաջնորդի նահատակության առթիվ նրան նվիրված գնահատանքի ու ափսոսանքի այն խոսքերը, որոնք հրապարակվել են հայ մամուլի էջերում կամ տեղ գտել նրա առանձին զինակիցների նամակներում: Դեպքերի թարմ տպավորության տակ հնչած այդ գնահատականները, որոնցում առկա են նաև ՀՅԴ-ի ու Հայոց ազատամարտի ապագայի վերաբերյալ լուրջ հարցադրումներ, հնարավորություն են տալիս ավելի ամբողջական դարձնելու Քրիստափորի կերպարը ու վերհանելու այն իրական վարկանիշը, որը նա ունեցել է ոչ միայն ՀՅԴ շարքերում, այլև կովկասահայ մտավորականության միջավայրում: Տպագրության ներկայացված հոդվածն այդ ծալքերը բացելու առաջին փորձն է:

              Քննության ենթարկվող մահախոսականներն ու մամուլում հրապարակված գնահատանքի խոսքերը, որպես կանոն, ստեղծվել են Վիտոշի աղետին հաջորդած առաջին շաբաթներին և ունեն այն առանձնահատկությունը, որ գրված են եզոպոսյան լեզվով: Դրանցում շրջանցվում են ՀՅԴ առաջնորդի հեղափոխական բնութագրիչներն ու նահատակության իրական հանգամանքները և առավելապես բացահայտվում ու դրվատվում են նրա մարդկային անուրանալի առաքինությունները՝ համեստ կենցաղը, անարծաթասիրությունը, գաղափարապաշտ ու «երկաթե մարդ» լինելը, մտքի ու գաղափարի ֆանատիկոս լինելը, իր աշակերտների և ընկերների համար «լուսաճաճանչ փարոս, հեռու հօրիզօններ ցոյց տւող փարոս...» լինելը: Մասնավորապես այդ ոգով են շարադրված Լեոյի ու Ս. Տեր-Ավետիքյանի հիշատակի ու հարգանքի խոսքերը:

              Ի տարբերություն լեգալ ու անլեգալ մամուլում տպագրված նյութերի և ՀՅԴ Կովկասյան կառույցների կողմից հրապարակված մահախոսական թռուցիկների՝ նահատակ Քրիստափորի կերպարն ավելի ամբողջական է ներկայացված նշանավոր բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մինչ վերջերս անհայտ նամակներում: Դրանք բացահայտում են Քրիստափորի՝ ՀՅԴ հիմնադիրն ու առաջնորդը լինելու հանգամանքը, նրա կարևոր դերակատարությունը հայ ազատագրական պայքարում և անձնապես՝ բանաստեղծի կյանքում: Վիտոշի աղետի պատճառով անձնական մեծ ցնցում ապրած բանաստեղծը լուրջ ու հիմնավոր դիտարկումներ է կատարում Հայոց պատմության մեջ Քրիստափորի ունեցած դերի, ՀՅԴ-ի համար նրա կորստի անդառնալիության և նրան հավասարազոր  փոխարինող գտնելու անհնարինության մասին:           

Հղումներ

1. Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի արխիվ (ԳԱԹ), Ավետիք Իսահակյանի ֆոնդ, վավ. N 233 լրացուցիչ, թթ. 31-34:

2. Ահարոնեան Ա., Քրիստափոր Միքայէլեան, Պոսթըն, 1926:

3. Աղետաւոր մահը, // «Դրօշակ», 1905, N 4, էջ 51-53:

4. Անձնուեր գործողի յիշատակին, //«Մշակ», 12 մարտի 1906, N 55, էջ 1-2:

5. Գրիգորյան Հ., Ավետիք Իսահակյանը Քրիստափոր Միքայելյանի մասին, Անտիպ նամակներ ՀՀ Գրականության և արվեստի թանգարանի արխիվից, // «Վէմ» համահայկական հանդես, 2012, թիվ 3, էջ 204-210:

6. Լեո, Անցյալից, Թիֆլիս, 1925:

7. Լէօ, Լաւ մարդու յիշատակին, // «Մշակ», 10 մարտի 1905, N 42:

8. Համբարձումյան Հ., Քրիստափոր Միքայելյանի հետքերով, Ցարական ոստիկանության դեպարտամենտի Հատուկ բաժնի 1905 թվականի թղթածրարը, //«Վէմ» համահայկական հանդես, 2009, թիվ 3, հավելված, էջ I-XX:

9. Վարանդեան Մ., Քրիստաֆոր Միքայէլեան, «Հայրենիք» ամսագիր, Պոսթըն, 1924, NN 3, 5, 8, 12:

10. Տէր-Աւետիքեան Ստ., Անմոռանալի գործիչի յիշատակին, // «Մշակ», 20 մարտի 1905, N 50:

11. Տէրտունի, Լռութիւն, // «Ձայն հայրենեաց», 26 ապրիլի 1905, N 337:

12. Ֆրանգեան Ե., Քրիստափոր ՄիքայԷլեան. նրա կեանքը և աշխարհայեցողութիւնը, Բագու, 1917:

13. Քրիստափորի եւ Էդվարդի յիշատակին, // «Դրօշակ», 1907, N 3, էջ 42-43:

14. Քրիստափոր Միքայէլեան, // «Դրօշակ», 1905, N 4, էջ 51-52:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-01-09

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Գրիգորյան Հ. (2026). Քրիստափոր Միքայելյանի նահատակության արձագանքները հայ մամուլի էջերում և կովկասահայ մտավորականության միջավայրում. Պատմություն և մշակույթ , 22(1), 68-79. https://doi.org/10.46991/hc.2025.22.1.068